Հայաստանցիների կեսը չի վստահում պատվաստանյութերին և չի պատրաստվում պատվաստվել․ հարցման արդյունքներ

ՍիվիլՆեթի պատվերով «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան» (CRRC Armenia) հիմնադրամը 2021-ի մարտին անցկացրել է երկրորդ հետազոտությունը Հայաստանում առողջապահության, մասնավորապես կորոնավիրուսի համավարակի և պատվաստումների մասին հանրային ընկալումների մասին։ Նույն թեմայով առաջին հարցումն անցկացվել էր 2020-ի օգոստոստի 15-ից 29-ն ընկած ժամանակահատվածում

Երկրորդ հարցմանը հեռախոսային (CATI) և վեբ (CAWI) հարցազրույցների համադրությամբ մասնակցել է 18 և բարձր տարիքի 1 100 ՀՀ քաղաքացի: Ընդհանուր հարցումն ընդգրկել է չորս թեմա՝ առողջապահություն, էներգետիկա, կրթություն և Ղարաբաղյան հակամարտության կարգավորում։ Այս հոդվածում ամփոփ ներկայացված են առողջապահությանն առնչվող արդյունքները։

Հայաստանցիների 44%-ը համարում է, որ նոր տեսակի կորոնավիրուսը գլոբալ համավարակ է և սպառնալիք միլիոնավոր մարդկանց կյանքի և առողջության համար: Ընդ որում, բարձրագույն կրթություն ունեցողների 49%-ն է այդպես կարծում է, իսկ միջնակարգ կրթություն ունեցողների՝ 40%-ը: Միևնույն ժամանակ, հարցվածների 7%-ը նշել է, որ նոր տեսակի կորոնավիրուսը հորինված է լրատվամիջոցների և հասարակական գործիչների կողմից:

Հարցվածների կեսից ավելին (57%) ճանաչում է որևէ մեկին, որը 2020 թ. մարտից հետո Հայաստանում հիվանդացել է կամ հիվանդ է նոր կորոնավիրուսով. ընդ որում, ճանաչողների շրջանում վիճակագրորեն նշանակալի տարբերություններ չկան ո՛չ ըստ սեռերի և ո՛չ ըստ տարիքային խմբերի: Հարցման մասնակիցների 20%-ն անձամբ չի լսել որևէ մեկի մասին, որը 2020 թ. մարտից հետո Հայաստանում հիվանդացել է կամ հիվանդ է նոր կորոնավիրուսով:

Հարցվածների ճնշող մեծամասնությունը (76%) գտնում է, որ համավարակի պայմաններում կառավարության համար առաջնահերթ պետք է լինեն առողջապահությունն ու բնակչության առողջությունը, չնայած այն հանգամանքին, որ կտուժի տնտեսությունը (Գծապատկեր 2.3):

Համաձայն Գծապատկեր 2.4-ի, հարցման մասնակիցների 39%-ը գտնում է, որ համավարակի ընթացքում կառավարության կողմից կիրառված միջոցները համարժեք են, իսկ իրավիճակը՝ կառավարելի: Ընդ որում, առկա է վիճակագրորեն նշանակալի տարբերություն ըստ տարիքային խմբերի. 56+ տարիքային խմբի հարցվածներն ավելի են հակված այդպես մտածելու, ի տարբերություն 18-35 տարեկան հարցվածների (համապատասխանաբար՝ 46% և 36%): Միևնույն ժամանակ, հայաստանցիների մոտ մեկ երրորդը (32%) նշել է, որ կառավարությունն ամեն ինչ ճիշտ է արել, բայց՝ ուշացումով, իսկ 11%-ը գտնում է, որ կառավարությունը կորցրել է իրավիճակի վերահսկողությունը, և համարժեք միջոցներ չեն ձեռնարկվել:

Հարցվածները կառավարության գործունեությունը տարբեր կերպ են գնահատում նաև կախված բնակության վայրից: Այսպես, եթե երևանցիների միայն 35%-ն է գտնում, որ իրավիճակը վերահսկելի է և կիրառված միջոցները համարժեք են, ապա այլ քաղաքների և գյուղերի բնակիչների` 43%-ը:

Ինչպես ցույց է տալիս Գծապատկեր 2.5-ը, հարցված հայաստանցիների մոտ երկու երրորդը (68%) բավարարված է Հայաստանի առողջապահության նախարարության աշխատանքով («միանշանակ այո» և «ավելի շուտ այո» պատասխանների հանրագումարը)։ Հարցվածների միայն 10%-ը բոլորովին գոհ չէ առողջապահության նախարարության աշխատանքից:

Հարցված հայաստանցիների մոտ երեք քառորդը (74%) նշել է, որ արտակարգ դրության ամբողջ ընթացքում պահպանել է արտակարգ դրության կանոնները: Հարցվածների 2%-ը հայտնել է, որ կանոնները պահպանելու հնարավորություն չունի, իսկ 4%-ը կանոնները պահպանելու անհրաժեշտություն չի տեսնում (Գծապատկեր 2.6):

Այնուամենայնիվ, ինչպես երևում է Գծապատկեր 2.7-ից, հարցման մասնակիցների կեսից ավելին (53%) գտնում է, որ Հայաստանի բնակչությունը կարգապահ չէ համավարակի ընթացքում («ավելի շուտ կարգապահ չեն» և «բնավ կարգապահ չեն» պատասխանների հանրագումարը): Հարցվածների միայն 7%-ն է կարծում, որ Հայաստանի բնակչությունը շատ կարգապահ է համավարակի ընթացքում:

Նոր կորոնավիրուսով հիվանդ լինելու կասկածի դեպքում, հարցված հայաստանցիների 34%-ը հայտնել է, որ առաջին հերթին կգնա պոլիկլինիկա կամ հիվանդանոց, իսկ 31%-ը՝ կինքնամեկուսանա: Հարցվածների միայն 19%-ն է նշում, որ կզանգի պոլիկլինիկա, թեժ գիծ, հիվանդանոց կամ շտապօգնություն: Ընդ որում, հիվանդության կասկածի դեպքում գործողությունների ընտրության առումով, հարցվածները չեն տարբերվում ըստ սեռի, տարիքի, բնակության վայրի և կրթական մակարդակի (Գծապատկեր 2.8):

Հարցվածների ճնշող մեծամասնությունը (71%) հայտնել է, որ նոր կորոնավիրուսով հիվանդ լինելու կասկածի դեպքում կանցնի կորոնավիրուսի թեստ, ընդ որում 55%-ը կանցնի, նույնիսկ եթե թեստը վճարովի լինի: Երիտասարդներն ավելի հակված են թեստ հանձնելու, նույնիսկ եթե վճարովի լինի (18-35 տարեկանների 59%-ը), քան տարիքով ավագները (56+ տարեկանների՝ 49%-ը): Հարցման մասնակիցների 13%-ը չի վստահում թեստավորմանը և թեստ չի հանձնի:

Ըստ Գծապատկեր 2.10-ի, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հայտնաբերման պարագայում հարցված հայաստանցիների կեսից ավելին (56%) անձամբ չեն դիմի պատվաստման համար: Ընդ որում, կանայք ավելի քիչ են հակված պատվաստվելու (23%) քան տղամարդիկ (39%) (Գծապատկեր 2.11): Առկա է վիճակագրորեն նշանակալի տարբերություն նաև տարիքային խմբերի միջև: Այսպես, երիտասարդներն ավելի քիչ են հակված անձամբ դիմելու պատվաստման համար (27%), քան 56+ տարիքային խմբի հարցվածները (38%): Միևնույն ժամանակ, 13%-ը դժվարանում է պատասխանել, արդյոք անձամբ կդիմի պատվաստման համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ի հայտ գալու պարագայում:


Ինչպես երևում է Գծապատկեր 2.12-ից, հարցվածների 49%-ը չի պատրաստվում դիմել պատվաստման համար, քանի որ ընդհանրապես չի վստահում պատվաստանյութերին: Պատվաստվելու մտադրություն չունեցողների ևս 44%-ը չի դիմի պատվաստման համար մինչև չլինեն տվյալ պատվաստանյութի անվտանգության երաշխիքները:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ի հայտ գալու դեպքում պատվաստվելու մտադրություն ունեցող հարցվածների ճնշող մեծամասնությունը (80%) պատվաստվել ցանկանում է հիվանդանալու վտանգից ապահովագրվելու նպատակով, մինչդեռ նրանց 17%-ի կարծիով, պատվաստումը կլինի պարտադիր բոլորի համար (Գծապատկեր 2.13):

Հարցման մասնակիցների մոտ երկու երրորդը (64%) Հայաստանում կորոնավիրուսի տարածմանը վերաբերող հիմնական տեղեկատվությունը ստանում է հեռուստացույցով, ռադիոյով և տպագիր մամուլով: Հարցվածների 46%-ն այդ տեղեկատվությունը ստանում է Ինտերներից (լրատվակայքեր, թերթերի կայքեր և սոցցանցերում դրանց էջեր): Վարչապետի, առողջապահության նախարարի, պաշտոնատար այլ անձանց էջերի ուղիղ եթերներից և հրապարակումներից տեղեկատվություն ստանում է միայն 27%-ը: Հարցման մասնակիցների 4%-ը նշել է, որ չի հետևում Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված տեղեկատվությանը (Գծապատկեր 2.14):

Հարցված հայաստանցիների կեսից ավելին (51%) ՀՀ վարչապետի ուղիղ եթերները և հրապարակումները համարում է կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվական ամենավստահելի աղբյուրը։ Հայաստանյան բժիշկների և փորձագետների կողմից տրվող տեղեկատվությունն ամենավստահելին է համարում հարցվածների 45%-ը: Առողջապահության նախարարության և այլ պետական գերատեսչությունների պաշտոնական հաղորդագրութուններին լիովին վստահում է հարցվածների 36%-ը (Գծապատկեր 2.15):

Եզրակացություն

  • Հարցվածների 44%-ը համարում է, որ նոր տիպի կորոնավիրուսը գլոբալ համավարակ է և սպառնալիք միլիոնավոր մարդկանց կյանքի և առողջության համար:
  • Ըստ հարցման մասնակիցների 76%-ի, համավարակի պայմաններում կառավարության համար առաջնահերթ պետք է լինի առողջապահությունն ու բնակչության առողջությունը, չնայած այն հանգամանքին, որ կտուժի տնտեսությունը։
  • Հարցվածների 68%-ը բավարարված է համավարակի ժամանակ Հայաստանի aռողջապահության նախարարության աշխատանքից:
  • Հարցման մասնակիցների մոտ կեսը (53%) գտնում է, որ Հայաստանի բնակչությունը կարգապահ չէր համավարակի ընթացքում։
  • Կորոնավիրուսով հիվանդ լինելու կասկածներ ունենալու դեպքում, հարցվածների համար առաջնային քայլերն են հանդիսանում միանգամից պոլիկլինիկա կամ հիվանդանոց գնալն (34%) ու ինքնամեկուսանալը (31%):
  • Հարցվածների երկու երրորդը (71%) կորոնավիրուսով հիվանդ լինելու կասկածի դեպքում կանցնի կորոնավիրուսի թեստ:
  • Պատվաստանյութի ի հայտ գալու դեպքում, կանայք ավելի քիչ են հակված պատվաստվելու (23%), քան տղամարդիկ (39%):
  • Հարցվածների 51%-ը կորոնավիրուսի վերաբերյալ ամենավստահելի տեղեկատվական աղբյուրը համարում է վարչապետի ուղիղ եթերներն ու հրապարակումները, 45%-ը՝ հայաստանյան բժիշկների և փորձագետների կողմից տրվող տեղեկատվությունը։

Մեկնաբանել