Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել

Արմեն Սմբատյանը իր հավատարմագրերն է հանձնել Իսրայելի նախագահին, 2018 թվական

Իսրայելում ՀՀ դեսպան, մշակույթի նախկին նախարար Արմեն Սմբատյանին մեղադրանք է առաջադրվել Երևանի Աբովյան փողոցում գտնվող ԱՕԿՍ-ի շենքի սեփականաշնորհման գործի շրջանակում։ Այդ մասին հայտնում է ՔՆնչական կոմիտեն։ 

Հուշարձան-շենքը սեփականաշնորհվել էր տարիներ առաջ՝ մշակույթի նախկին նախարարներ Հասմիկ Պողոսյանի ու Արմեն Սմբատյանի կողմից։ Շենքի նկուղային հատվածի սեփականատերերից մեկն էլ Սմբատյանների ընտանիքի մտերիմ, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանն էր։ 

Ըստ Քննչական կոմիտեի՝ շենքը դարձել է «արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական» հասարակական կազմակերպության սեփականությունը, «ապա պատմամշակութային արժեք հանդիսացող շենքը և դրա զբաղեցրած հողամասը, Հ.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, ձևական գործարքի արդյունքում՝ 550 000 ԱՄՆ դոլարով, վաճառել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված, Հ.Պ.-ի հարսին պատկանող ընկերությանը` օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ խեղաթյուրելով գույքի իրական բնույթն ու ծագման աղբյուրը»։ 

Արմեն Սմբատյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման ու պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 20 միլիոն դրամ գրավը, իսկ Հասմիկ Պողոսյանը հետախուզման մեջ է։