Նավալնիին կալանավայրից տեղափոխել են հիվանդանոց

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել են Վլադիմիրի մարզի դատապարտյալների հիվանդանոց։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով պետական կառույցների հաղորդագրություններին։

Անկախ բժշկին կալանավայր չթողնելու պատճառով Նավալնին մարտի 31-ին հացադուլ էր հայտարարել, ինչից հետո նրա առողջական վիճակը վատացել է։

Մոսկվայի բժիշկներն ապրիլի 16-ին բաց նամակով հայտարարել էին Ալեքսեյ Նավալնիի կրիտիկական վիճակի մասին: Բժիշկները ուշադրություն էին հրավիրել կալանավորի անալիզների «կտրուկ բացասական դինամիկայի» վրա։ Հիվանդի մոտ «զարգանում է երիկամային անբավարարությունը, ինչն արդեն հանգեցրել է նյութափոխանակության ծանր խանգարումների» և «կարող է հանգեցնել սիրտ-անոթային համակարգի ծանր ախտաբանության՝ ընդհուպ մինչև սրտի կանգ»,- նախազգուշացրել էին նրանք:

«Եթե չսկսենք բուժել, ապա նա կմահանա առաջիկա օրերի ընթացքում», – հայտարարել է բժիշկներից մեկը՝ ռեանիմատոլոգ Ալեքսանդր Պոլուպանը, որը նախորդ ամռանը Մոսկվայից Օմսկ ժամանած բժիշկների կոնսիլիումի կազմում էր, երբ Նավալնին թունավորումից հետո կոմայի մեջ էր գտնվում:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Վաշինգտոնը Մոսկվային նախազգուշացրել Է Ալեքսեյ Նավալնիի մահվան դեպքում հետևանքների մասին․ «Մենք ռուսական կողմին հայտնել ենք, որ նա պատասխանատու է Նավալնիի հետ տեղի ունեցածի համար, քանի դեռ նա գտնվում է կալանքի տակ։ Նրանք պատասխանատվության կենթարկվեն միջազգային հանրության կողմից»,- ասել է Սալիվանը։