Նախագահը հանդիպել է Սյունիքի համայնքապետերի հետ, այցելել է մարտական դիրքեր

Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է Գորիսի քաղաքապետարան, որտեղ հանդիպել է մի շարք համայնքների ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

Հանդիպմանը մասնակցել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և Գորիս խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերից՝ Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցը, Հարթաշենի ղեկավար Արմեն Խաչատրյանը և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը։

«Այսօր եկել եմ նախ և առաջ իմ աչքերով տեսնելու այն, ինչ լսում եմ, անձամբ ձեզնից լսելու խնդիրների մասին, և մտածենք, թե ինչով կարող եմ օգնել»,- ասել է Արմեն Սարգսյանը։

Համայնքների ղեկավարները նախագահին ներկայացրել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակն ու խնդիրները, որոնցից հատկապես առաջնային են համարել անվտանգության, սահմանազատումների հետ կապված հարցերը։ Նշվել է նաև, որ մարզի սահմանամերձ համայնքների բնակիչները, որոնց հիմնական զբաղմունքն անասնապահություն է, ներկայումս զրկված են արոտավայրերի, անգամ՝ մասնավոր սեփականություն հանդիսացող որոշ հողատարածքների օգտագործման հնարավորությունից, քանի որ դրանք հայտնվել են ադրբեջանական վերահսկողության տակ։ Նշվել են նաև գործազրկության, մասնավորապես Գորիսում զբոսաշրջության ոլորտում առաջացած դժվարությունները, ինչպես նաև ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները։

Արմեն Սարգսյանը նշել է, որ նախագահի ինստիտուտի լիազորությունների սահմաններում հնարավորինս կփորձի աջակցել դրանց լուծմանը:

Ապրիլի 19-ին հանրապետության նախագահ այցելել էր Սյունիքի մարզի մարտական դիրքեր, ծանոթացել սահմանային բնագծին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կեցության պայմաններին, զրուցել սահմանային բնագիծը պահող զինծառայողների հետ:

«Դուք ձեր պարտականությունները լավագույնս եք կատարում: Իրար կողքի եղեք, իրար լավ նայեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար և, հետևեք ձեր առողջությանը։ Հիշեք ձեր ընտանիքը, ծառայեք հայրենիքին և աջակցեք իրար։ Ես հրամանատարի հետ էի խոսում, շատ բարձր կարծիքի է ձեր մասին։ Այսօր նրա գովեստի խոսքերը ձեր մասին ընդունում եմ որպես գնահատական և ձեզնից յուրաքանչյուրին կրկին մաղթում եմ ամրություն։ Վստահ եղեք, որ մենք բոլորս մտածում ենք ձեր մասին, տղաներ։ Պինդ եղեք»,- ասել է Սարգսյանը։

Մեկնաբանել