Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել իր ամբողջական ելույթը

Անվտանգության խորհրդի գրասենյակը հրապարակել էր 2020-ի սեպտեմբերի 30-ի նիստի արձանագրության գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը։

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը՝ անդրադառնալով հրապարակված ձայնագրությանը, Armlur.am-ի հետ զրույցում ասել է․ «Պահանջում եմ հրապարակել այդ օրվա նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը և որից հետո իմ ելույթը ամբողջությամբ»։

2020-ի նոյեմբերի 17-ին Օնիկ Գասպարյանն իր ուղերձում նշել է. «Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու – երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար»:

2021-ի ապրիլի 14-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «սեպտեմբերի 30-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ բանակը կատարում է իր առջև դրված խնդիրն ու պատրաստ է այն կատարել մինչև վերջ»։ Հաջորդ օրը՝ ապրիլի 15-ին Անվտանգության խորհրդի գրասենյակը հայտարարություն էր տարածել գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ։ Խորհուրդը գաղտնազերծել էր 2020-ի սեպտեմբերի 30-ի նիստի արձանագրության հատվածներ։

Մեկնաբանել