Արմեն Սարգսյանն այցելել է Շուռնուխ

Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այսօր` ապրիլի 20-ին, այցելել է Գորիս-Կապան մայրուղու սկզբնամասում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկիչ անցակետ։ Այնուհետև Արմեն Սարգսյանը այցելել է Շուռնուխ համայնք, հանդիպել Շուռնուխ և Որոտան բնակավայրերի ղեկավարների ու բնակիչների հետ։

Նախագահին են ներկայացվել առկա խնդիրները, հատկապես ընդգծվել են անվտանգության, պատշաճ կարգով սահմանազատման հետ կապված հարցերը։ Շուռնուխ գյուղից բնակելի 11 տուն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Բնակիչները տեղեկացրել են, որ գյուղում սկսվել է նոր թաղամասի կառուցումը, որի տեղանքը, սակայն, նրանք այնքան էլ բարենպաստ չեն համարել:

Շուռնուխցիները կենսական խնդիր են համարել իրենց միակ եկամտի աղբյուր հանդիսացող անասնապահության հնարավորությունից զրկվելը. պատերազմից հետո գյուղը զրկվել է արոտավայրերից, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են: Բացի այդ, անասուններն անցնում են այդ տարածքներ, և չեն վերադարձվում, ինչը հավելյալ խնդիրներ է առաջացնում։

Նախագահը Շուռնուխ և Որոտան բնակավայրերի ղեկավարներին առաջարկել է բնակիչների բարձրացրած խնդիրները մանրամասն քննարկել նախագահի աշխատակազմի հետ՝ նախագահական ինստիտուտի լիազորությունների շրջանակում հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար։

Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Արմեն Սարգսյանն ավելի վաղ այցելել էր Գորիսի քաղաքապետարան, որտեղ հանդիպել է մի շարք համայնքների ղեկավարների հետ: Ապրիլի 19-ին նախագահ այցելել էր Սյունիքի մարզի մարտական դիրքեր, ծանոթացել սահմանային բնագծին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կեցության պայմաններին, զրուցել սահմանային բնագիծը պահող զինծառայողների հետ:

Մեկնաբանել