Ալիևը Հայաստանին սպառնում է ուժով լուծել «Զանգեզուրի միջանցքի հարցը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնացել է Հայաստանին «Զանգեզուրի միջանցքի հարցը» լուծել ուժի միջոցով, եթե Երևանը դա կամավոր չանի: Այս մասին նա ասել է Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը լիովին համապատասխանում է Ադրբեջանի ազգային, պատմական և ապագա շահերին․ «Մենք Զանգեզուրի միջանցք ենք իրականացնում՝ ուզում է Հայաստանը, թե ոչ։ Եթե ցանկանա, ավելի հեշտ կլինի այդ հարցը լուծել, եթե չուզի, ուժով կլուծենք»։

Ավելի վաղ՝ ապրիլի 13-ին, Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի հետ սահմանին ռազմական գործողության որևէ պլան չունի։

Ալիևի հայտարարությանն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները: Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Դրանք բացահայտում են խաղաղության և հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում Ադրբեջանի հայտարարությունների սին և կեղծ բնույթը:

Հատկանշական է, որ նման սպառնալիքներ արվում են Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ և նպատակ ունեն ուժի դիրքերից խոսելու հայ ժողովրդի հետ:

Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռազմավարական դաշնակցի, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղությամբ շահագրգռված բոլոր գործընկերների հետ:

Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»,- նշված է Նաղդալյանի հայտարարությունում:

Մեկնաբանել