Ծառից կախված զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ

Զինծառայող Նարեկ Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է քննչական կոմիտեի վարույթ։ Այս մասին հայտնում են Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«2021թ. ապրիլի 20-ին պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Սևակի Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում Քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով հարուցված քրեական գործն ընդունվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի վարույթ: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ  և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար»,- նշված է հաղորդագրությունում։

Ապրիլի 20-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունից տեղեկացրել էին, որ զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին` ծառից կախված վիճակում: