Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիք ուղեկցվեց բողոքի ակցիաներով

16:50

Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ Սյունիքի մարզպետարանից, նստեց մեքենան և հեռացավ Կապանից։ Մոտ 3 ժամ վարչապետը մարզպետարանի շենքում էր։

Մարզպետարանի հարակից տարածքում հավաքված քաղաքացիների մի մասը վանկարկում էր՝ «Նիկո՛լ, վարչապետ», մյուս մասը՝ «Նիկո՛լ, դավաճան»։

Հայտնի չէ՝ որտեղ է լինելու է Փաշինյանի հաջորդ կանգառը, Սյունիք այցի օրակարգը կառավարության կայքում հրապարակված չէ։ 

***

15:20

Ոստիկանապետ Վահե Ղազարյանը և ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը քիչ առաջ ժամանեցին Սյունիքի մարզպետարան։ Մոտ երկու ժամ է Նիկոլ Փաշինյանը գտնվում է մարզպետարանի շենքում։

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 21-ին, այցելել է Սյունիքի մարզ։ Վարչապետի՝ Սյունիք այցի օրակարգը կառավարության կայքում հրապարակված չէ։ 

Այցը մեկնարկել էր Ագարակ քաղաքից, այժմ վարչապետը Կապանի ճանապարհին է։

Ագարակում և Մեղրիում Փաշինյանին բողոքի ակցիաներով դիմավորեցին։ Վարչապետը քայլերթեր իրականացրեց քաղաքներում, որոնք ուղեկցվում էին մարդկանց խմբերի կողմից հայհոյախառն վանկարկումներով։ Բողոքողները նաև փորձեցին փակել Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոմեքենայի ճանապարհը։

Մեղրիում տեղի ունեցող իրադարձություններին զուգահեռ Քաջարանում էին բողոքի ակցիա նախաձեռնել՝ մինչև վարչապետի այցը։ Փաշինյանը շրջանցեց Քաջարանը և չգնաց քաղաքացիների հետ հանդիպման:

Նիկոլ Փաշինյանն այժմ Կապանում է՝ Սյունիքի մարզպետարանի շենքում, իսկ կապանցիները բողոքի ակցիա են իրականացնում մարզպետարանի հարակից տարածքում։