AstraZeneca-ն վտանգավո՞ր է, և ինչպե՞ս հաջողվեց այդքան արագ պատվաստանյութ ստեղծել․ զրույց բրիտանացի վարակաբանի հետ

ՍիվիլՆեթի Անի Փայտյանը զրուցել է բրիտանացի վարակաբան, դոկտոր Ալիսիա Դեմիրջյանի հետ՝ պատվաստանյութերի ստեղծման, պատվաստումների գործընթացի, AstraZeneca պատվաստանյութի անվտանգության և այլ հարցերի մասին։ Հարցազրույցը թարգմանաբար՝ ստորև։

Սկսենք պատվաստանյութերի կարևորությունից։ Ի՞նչ կասեք այս առիթով։

Պատվաստանյութերը վիրուսը բուժող դեղամիջոց չեն: Երբ մարդիկ վարակվում են վիրուսով, պատվաստանյութը կանխում է կորոնավիրուսի հիվանդության շատ ծանր ընթացքը։ Եվ որ ամենակարևորն է, այն կանխում է մարդկանց հոսպիտալացումը և մահը: Պատվաստանյութերը նվազեցնում են նաև վիրուսի տարածման տեմպերը, այնպես որ, եթե պատվաստվել եք, ավելի քիչ հավանական է, որ վիրուսը կփոխանցեք այլ մարդկանց:

COVID-19-ի դեմ ամենաարդյունավետ պատվաստանյութերի վարկանիշը գլխավորում են Moderna-ն, Pfizer-ը և Sputnik V` ավելի քան 90 տոկոս արդյունավետությամբ, մինչդեռ AstraZeneca- ն ցույց է տալիս 67 տոկոս արդյունավետություն: Ինչպե՞ս հասկանալ այս թվերը։

Նախ, մենք պետք է հստակեցնենք գնահատված արդյունավետություն և իրական արդյունավետություն ձևակերպումները: Երբ գիտնականները փորձարկումներ են կատարում պատվաստանյութերը ուսումնասիրելու համար, նրանք ունեն պատվաստանյութ ստացած մարդկանց խումբ և մեկ այլ խումբ, որը չի ստացել այդ պատվաստանյութը՝ այդ խումբը կոչվում է վերահսկման խումբ: Նրանք հատկապես համաճարակի ժամանակ թույլ են տալիս մարդկանց վերադառնալ առօրյա կյանք և զբաղվել իրենց գործերով, և հետևում են՝ հասկանալու տարբերությունները վարակման, հոսպիտալացման և այլ փորձառությունների առումով: Երբ այս ամենն արվում է կլինիկական փորձարկման պայմաններում, դա կոչվում է գնահատված արդյունավետություն։ Եվ երբ սա տեղափոխում ենք իրական աշխարհ և իրական իրավիճակներ, դա կոչվում է իրական արդյունավետություն: Հիմնականում, առանց բարդ ձևակերպումների, կարող ենք պարզապես ասել, որ պատվաստանյութերը, որոնք հաստատված են Մեծ Բրիտանիայի Դեղերի և առողջապահական արտադրանքի կարգավորման գործակալության, ԱՄՆ սննդի և դեղերի վարչության, Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից, շատ անվտանգ են և լավ են աշխատում։ Այսպիսով, դրանց գնահատված արդյունավետությունն ու իրական արդյունավետությունը միաձուլվում են, ուստի և բարձր են: Այս պատվաստանյութերը շատ լավ են աշխատում՝ կանխելու COVID-ի ծանր ընթացքը:

Oxford-AstraZeneca-ի հետ կապված առկա են խնդիրներ, քանի որ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հնարավոր կապ է գտել AstraZeneca պատվաստանյութի և արյան մակարդուկների՝ հազվադեպ ծագող դեպքերի միջև: Այս դեպքերը բավարա՞ր ապացույց են եզրակացնելու, որ այս պատվաստանյութը վտանգավոր է, և դրա կիրառումը պետք է դադարեցվի:

Դա դեղամիջոց է և, ինչպես ցանկացած այլ դեղամիջոց, ունի կողմնակի ազդեցություններ: Այսպիսով, դրանցից ոչ մեկը չի լինի 100 տոկոսով անվտանգ: Նույնիսկ այնպիսի տարածված դեղամիջոցները, ինչպիսիք են Պարացետամոլը կամ Պանադոլը, կարող են շատ լուրջ կողմնակի բարդություններ առաջացնել բնակչության շատ փոքր մասի մոտ: Մարդկանց մեծ մասի համար դրանք խնդիր չեն առաջացնում, բայց դա չի նշանակում, որ դրանք 100 տոկոսով անվտանգ են:

Պետք է հիշել, որ AstraZeneca պատվաստանյութը չափազանց անվտանգ է և այն փրկել է հազարավոր մարդկանց կյանքեր: Բնականաբար, AstraZeneca-ն ունի իր կողմնակի ազդեցությունները, ամենատարածվածները մեղմ կամ չափավոր են: Ամենից հաճախ մարդիկ ցավ են ունենում ներարկման տեղում, թևում, եթե հենց այնտեղ եք ներարկվել։ Մարդիկ նաև ունենում են գլխացավ, մկանային ցավ, հոդացավ, ջերմություն: Դրանք սովորաբար ի հայտ են գալիս պատվաստանյութ ստացած տասը մարդուց մեկի մոտ: Մի քանի օր անց ախտանիշներն անցնում են ինքնուրույն: Պատվաստանյութերի մեծամասնությունն իրականում ունի նման կողմնակի ազդեցություններ։

Վերջերս Եվրոպայում քննարկումները վերաբերում են չափազանց հազվադեպ կողմնակի բարդություններին, որոնք կապված են արյան մակարդուկների հետ, ինչը կարող է շատ վտանգավոր լինել; ինչպես նաև միաժամանակ առկա ցածր թրոմբոցիտների հետ: Թրոմբի պարագայում սովորաբար չի սպասվում, որ թրոմբոցիտների քանակը ցածր կլինի, այն սովորաբար բարձր է լինում։ Այսպիսով, այս խնդիրը նկատվել է նման անսովոր համադրության պատճառով։

Նախ, շատ լավ է, որ կողմնակի ազդեցությունները ի հայտ են եկել, քանի որ դա նշանակում է՝ գործում է շատ լավ վերահսկողական համակարգ՝ հայտնաբերելու նման բաները, և եթե անհրաժեշտ լինի, դանդաղեցնելու կամ նույնիսկ դադարեցնելու պատվաստանյութերի բաշխումը:

Երկրորդն այն է, որ կողմնակի ազդեցություններով պայմանավորված դեպքերի թիվը չափազանց փոքր է՝ պատվաստանյութ ստացած մեկ միլիոն մարդուց մի քանի դեպք։

Դուք պետք է հակադրեք այն ընդհանրապես պատվաստանյութ չունենալու վտանգին, ինչը նշանակում է, որ ձեր համայնքում դուք կարող եք վարակվել կորոնավիրուսով։ Եվ դրա ռիսկը, հատկապես Հայաստանում, բավական բարձր է այժմ, ավելի մեծ են հոսպիտալացվելու և մահանալու ռիսկերը։ Երիտասարդների դեպքում առկա է COVID-ի երկարատև ընթացքի ռիսկը, և դա նույնպես մեծ խնդիր է: Այսպիսով, իրականում ավելի անվտանգ է պատվաստանյութ ստանալը, քան չստանալը և դրա փոխարեն վիրուսի վտանգի առաջ կանգնելը։

Բացի AstraZeneca-ի հետ կապված արյան մակարդուկների դեպքերից՝ Հայաստանում մարդիկ կարծես չեն վստահում որևէ պատվաստանյութի: Նրանց մոտ կասկած է առաջացնում պատվաստանյութերը արտադրման շատ կարճ ժամանակահատվածը: Արդյոք նրանց վախերն արդարացվա՞ծ են:

Կարծում եմ՝ նորմալ է, որ մարդիկ մի փոքր կասկածանքով են վերաբերվում նոր բաներին: Սակայն հիմա այլ իրավիճակ է, և մենք բավական առաջ ենք անցել մեկ տարվա մեջ։ Մասնագետների՝ իրենց գիտելիքներն ու էներգիան, ֆինանսավորումը համատեղելու արդյունքում ունենք այս հրաշքը, և արդեն շուկայում են մի քանի շատ լավ և շատ անվտանգ պատվաստանյութեր: Այսպիսով, դա իրական վկայություն է այն բանի, թե ինչ կարող են անել մարդիկ, երբ համատեղում են իրենց ջանքերը։

Պետք է ասենք, որ պատվաստանյութերը դարձել են իրենց սեփական հաջողության զոհերը, քանի որ դրանք լավ են աշխատել շատ այլ հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են պոլիոմիելիտը կամ թոքաբորբը՝ հիվանդություններ, որոնցից մահանում էին երեխաներ ու երիտասարդներ, ու ոչ միայն։ Պատվաստանյութերի շնորհիվ դա այլևս այդպես չէ: Այսպիսով, քանի որ մարդիկ դա նախկինի պես հաճախ չեն տեսնում, նրանք կարող են տեղյակ չլինել պատվաստանյութերի չկիրառման ռիսկերի մասին։ Եվ այդ պատճառով մենք պետք է շատ զգույշ լինենք:

Այսպիսով, ինչպե՞ս հաջողվեց այդքան արագ պատվաստանյութեր ստեղծել, երբ սովորաբար անհրաժեշտ են տարիների փորձարկումներ ու հետազոտություններ։

Մի քանի պատճառ կա, և մարդիկ հաճախ հարցնում են՝ արդյոք ինչ-որ կարևոր բաներ բաց ենք թողել։ Պատասխանն է՝ ոչ: Տեղի ունեցածը նման է իրավիճակի, երբ մեքենայով երթևեկում ես քաղաքում և ստիպված ես կանգ առնել բոլոր կարմիր լույսերի տակ, իսկ այս դեպքում դրանք կանաչ էին, և մենք ավելի արագ կարողացանք առաջ ընթանալ։

Ես նորից կասեի, որ մենք չափազանց բախտավոր ենք, որ ունենք պատվաստանյութերի մի քանի տարբերակներ, որոնք լավ են աշխատում և անվտանգ են: Պատվաստված լինելը պաշտպանում է ձեզ, ձեր սիրելիներին և համայնքի բնակիչներին, և մենք ապավինում ենք բոլորին՝ այս համաճարակից դուրս գալու համար։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել