Պուտինն ընդգծել է Ռուսաստանի գլխավոր դերը ղարաբաղյան պատերազմի դադարեցման գործում

ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը ապրիլի 21-ին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին՝ նշելով, որ ՌԴ-ն եղել է Ղարաբաղում անցյալ տարվա աշնանը սանձազերծված պատերազմը դադարեցնելու հարցում գլխավոր դերակատարը:

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը ձգտում է աջակցել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը և արդեն շատ բան է արել Սիրիայում իրավիճակի կայունացման, Լիբիայում քաղաքական երկխոսություն հաստատելու համար: «Ռուսաստանը գլխավոր դեր է խաղացել այն հարցում, որ հաջողվել է դադարեցնել զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շրջանում», – ընդգծել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն 2020թ․ նոյեմբերի 9-ին համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ից սկսված և 44 օր տևած ռազմական գործողությունների դադարեցման մասին: Հակամարտության շրջանում տեղակայված են ռուս խաղաղապահներ։