76 մլն դրամ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ժամանակավոր շենքի վերանորոգմանը

Արդարադատության նախարարությունը որոշել է 76,3 միլիոն դրամ ծախսել Հակակոռուպցիոն կոմիտեին հատկացվելիք ժամանակավոր շենքի վերանորոգման վրա։ Հարցն ընդգրկված է ապրիլի 22-ի կառավարության նիստի օրակարգում։ 

Հակակոռուպցիոն կոմիտեն, ըստ նախատեսվածի, պետք է կառուցվի Աջափնյակ վարչական շրջանի «Սպանդարյան» կայարանի հարևանությամբ ու պետք է զբաղեցնի 1 575  քառակուսի մետր տարածք։ Սակայն մինչ շենքի կառուցումը կառավարությունը որոշել էր Հալաբյան 41 Ա և Մոսկովյան 1 հասցեներում կազմակերպել Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը։ 

Ըստ արդարադատության նախարարության՝ շենքերում անհրաժեշտ են ընթացիկ նորոգման աշխատանքներ, որոնք կարժենան 76,3 միլիոն դրամ։ Այս գումարը արդարադատության նախարարությունը կհատկացնի իր այլ ծրագրերից վերաբաշխումներ անելով։ Վերանորոգումը կիրականացնի «Նագշին» ընկերությունը։ 

Հակակոռուպցիոն կոմիտեն մասնագիտացած է լինելու միայն կոռուպցիոն գործերի քննության մեջ։ Այս մեկ մարմնում են միավորվելու Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի, Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչության, Հատուկ քննչական ծառայության ու Քննչական կոմիտեի՝ կոռուպցիա քննող հաստիքները։ Անցյալ տարեվերջին կառավարությունը հակակոռուպցիոն կոմիտեի հիմնման համար փոխանցել էր 8,2 միլիարդ դրամ։