Բայդենը մտադիր է հայերի կոտորածները ցեղասպանություն անվանել․ New York Times

1915 թվականին Օսմանյան կայսրությունում ավելի քան 1,5 մլն հայերի կոտորածը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ցեղասպանություն անվանել․ այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։

«Այս քայլը կարող է վկայել, որ Ամերիկայի հանձնառությունը մարդու իրավունքներին գերակշռում է Թուրքիայի հետ ԱՄՆ դաշնակցության խաթարման վտանգը։

Ակնկալվում է, որ Բայդենը խորհրդանշական հայտարարությունը կանի շաբաթ օրը։ Նա կդառնա ամերիկացի առաջին նախագահը, որը կանի այդ հայտարարությունը, թեև Ռոնալդ Ռեյգանը 1981-ին Հոլոքոստի մասին գրավոր հայտարարությունում հպանցիկ հղում էր արել Հայոց ցեղասպանությանը։

[…]

Վարչակազմին մոտ կանգնած ամերիկացի պաշտոնյան, որը ծանոթ է ներքին քննարկումներին, ասել է, որ Բայդենը որոշել է հայտարարություն անել, և կառավարությունում ու օտարերկրյա դեսպանություններում նշում են, որ այդ քայլը մեծապես ակնկալվում է։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին հրաժարվել է մեկնաբանություն անել՝ միայն նկատելով, որ վարչկազմը հարցի շուրջ ավելին կասի շաբաթ օրը»,- նշում է New York Times-ը։

Ամերիկյան պարբերականը մեջբերում է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հարցազրույցից հատված, թե «ԱՄՆ-ի ճանաչումը կլինի որոշակի բարոյական փարոս բազմաթիվ երկրների համար»։

«Սա չի վերաբերում Հայաստանին կամ Թուրքիային։ Սա մեր պարտավորությունն է՝ ճանաչելու և դատապարտելու անցյալի, ներկայի ու ապագայի ցեղասպանությունը»,- գրում է թերթը։

Հոդվածում հղում է արվում նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին, որն ասել է․ «Իրավական հիմք չունեցող հայտարարությունները որևէ օգուտ չեն տա, միայն կվնասեն կապերը, որոշումը նրանցն է»։

Մեկ ամիս առաջ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման մասին հայտնել էր ամերիկացի քաղաքագետ, Eurasia Group խորհրդատվական ընկերության նախագահ Յան Բրեմերը՝ դարձյալ հղում անելով իր աղբյուրներին։

Մեկնաբանել