ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերադարձնել հայ գերիներին

ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն քիչ առաջ հայտարարություն ընդունեց՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերիներին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն էլ ավելի ուշ ֆեյսբուքի իր էջում հրապարակեց ամբողջական հայտարարությունը.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած ռազմական գործողությունները և զարգացումները 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունից հետո Եվրոպայի խորհրդի համար մեծ նշանակություն ունեն, և մշտադիտարկման կոմիտեն սերտորեն հետևել է դրանց: Համապատասխան հանձնաժողովների հետ համագործակցությամբ այն լսել է երկու երկրների ներկայացուցիչներին, ինչպես նաև անկախ փորձագետների: Հայաստանի և Ադրբեջանի համազեկուցողները պարբերաբար համատեղ հայտարարություններով հանդես են եկել տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

Կոմիտեն համոզված է, որ երկու երկրների խորհրդարանները կարող են և պետք է կարևոր դեր ունենան փոխվստահության մթնոլորտի ստեղծման, հաշտեցման գործընթացի և խաղաղ բանակցությունների վերականգնման գործում: Ուստի, կոմիտեն ողջունում է այն առաջընթացը, որ արվել է եռակողմ հայտարարության իրականացմամբ, սակայն նաև իր մտահոգությունն է հայտնում այն զեկույցների վերաբերյալ, որ այս հակամարտության համատեքստում գերեվարված ոչ բոլոր անձինք են փոխանակվել: Բացի այդ, կոմիտեն կարծում է, որ երկու կողմերը պետք է ամրապնդեն իրենց համագործակցությունը և հաղորդակցությունը, որը նպատակ ունի ականազերծելու նշյալ տարածքները խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու տեսանկյունից:

Կոմիտեն վերստին նշում է, որ եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածը պարզորոշ մատնանշում է պահվող բոլոր անձանց փոխանակումը՝ առանց կարգավիճակի խտրականության, որը կողմերից մեկը տվել է այդ մարդկանց: Ընդգծելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած մտահոգությունները՝ կապված Ադրբեջանի կողմից ենթադրաբար 188 հայերի գերեվարման հետ՝ կոմիտեն կոչ է անում Ադրբեջանին ապահովել պահվող բոլոր հայ գերիների առանց հետաձգման ազատ արձակումը և հանձնումը Հայաստանի իշխանությունների հոգածությանը:

Կոմիտեն կարծում է, որ անկախ միջազգային առաքելության ստեղծումը պատասխանատու կլինի քննելու հակամարտությունը և միջազգային իրավունքի ոտնահարումները վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ, ինչն անչափ կարևոր է հաշտեցման և իրապես խաղաղության հաստատման համար: Մշակութային ժառանգությունը կարևոր է հակամարտության բոլոր կողմերի համար, և անհրաժեշտ մեխանիզմների անհապաղ ստեղծումը դրա պաշտպանությունը և վերափոխումը ապահովելու գործում առաջնահերթություն է: Ուստի, կոմիտեն հանձնարարել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների միջև եղած հակամարտությունների հարցերով ենթահանձնաժողովին ավելի մանրամասն ուսումնասիրել այս երկու հարցերի կոնկրետ մեխանիզմները:

Ի վերջո, կոմիտեն կոչ է անում երկու կողմերին կառուցողաբար ներգրավվել համապատասխան միջազգային կառույցների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ աշխատանքներում այն տեսանկյունից, որ ամբողջությամբ իրականացվի եռակողմ հայտարարությունը, և սկսեն խաղաղ բանակցությունները»,- ասված է հայտարարությունում։

Ապրիլի 19-ին Ստրասբուրգում մեկնարկել էր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը։ Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել էր ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում։