Հայաստանում ռազմական դրության ծախսերի 120 մլրդ դրամից 52 մլրդն է հատկացվել «Հայաստան» հիմնադրամի կողմից

Հայաստանում ռազմական դրության ժամանակ ծախսվել է 120 միլիարդ դրամ, որից 52 միլիարդը եղել են Համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը փոխանցված միջոցները։ Կառավարությունում այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ ընդգծել, որ վերջերս տեղի ուենցած հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ներկայացրել եմ ծախսերի բացվածքը, որի արդյունքում հոգաբարձուների խորհուրդը տարածել է հայտարարություն, ըստ որի, պատերազմի ժամանակ հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել։ Սա արձանագրված փաստ է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանում մեծ աղմուկ էր բարձրացել անցյալ տարեվերջին, երբ պարզվել էր, որ պատերազմի օրերին Համահայկական հիմնադրամին հանգանակված գումարները հիմնադրամը փոխանցել էր կառավարությանը։ Փոխանցման շուրջ աղմուկն ավելի սաստկացավ, երբ կառավարությունը տևական ժամանակ չէր բացատրում փոխանցման նպատակը։

Փաշինյանը իր խոսքում համեմատություն է արեց նաև, որ 1992-2020 թվականներին հիմնադրամի կողմից հավաքված գումարի 70 տոկոսի չափ գումար է հավաքվել պատերազմի օրերին։ Նա նաև ասաց, որ հիմնադրամի միջոցով 110 միլիարդ դրամի ծավալով ենթակառուցվածքային ծրագրեր կիրականացվեն. «Ազգային ժողովում դռնփակ ռեժիմով պետք է տող առ տող ներկայացվեն, թե 120 միլիարդ դրամն ինչի վրա է ծախսվել, որ թեման անշրջելիորեն փակվի»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանել