Հարցում․ Հայաստանցիների 65%-ը չէր ցանկանա համավարակից հետո հեռավար կրթության տարրեր տեսնել դասապրոցեսում

Սիվիլիթաս հիմնադրամի (ՍիվիլՆեթի) պատվերով «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան» (CRRC Armenia) հիմնադրամը 2021-ի մարտին անցկացրել է երկրորդ հետազոտությունը Հայաստանում հեռավար կրթությանն առնչվող հարցերի վերաբերյալ։ Նախորդ հետազոտությունն իրականացվել էր 2020-ի օգոստոսին։ Ընդհանուր հարցումն ընդգրկել է չորս թեմա՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորում, առողջապահություն, էներգետիկա և հեռավար կրթություն։ Այս հոդվածում ամփոփ ներկայացված են հեռավար կրթությանն առնչվող հարցման արդյունքները։

Երկրորդ հարցմանը հեռախոսային (CATI) և վեբ (CAWI) հարցազրույցների համադրությամբ մասնակցել է 18 և բարձր տարիքի 1 100 ՀՀ քաղաքացի: Ընդհանուր հարցումն ընդգրկել է չորս թեմա՝ առողջապահություն, էներգետիկա, կրթություն և Ղարաբաղյան հակամարտության կարգավորում։ Այս հոդվածում ամփոփ ներկայացված են առողջապահությանն առնչվող արդյունքները։

Տե՛ս նաև՝

Հայաստանցիների կեսը չի վստահում պատվաստանյութերին և չի պատրաստվում պատվաստվել․ հարցման արդյունքներ
Հայաստանցիների ճնշող մեծամասնությունը Ղարաբաղյան կարգավորման առաջին քայլ համարում է գերիների վերադարձը
Հեռավար կրթությանն առնչություն ունեցած հարցվածների երեք քառորդից ավելին (79%) համավարակի ժամանակ մասնակցել է հեռավար դասերին: Հեռավար դասերին մասնակցած հարցվածների ամենամեծ բաժինը (42%) դասերին մասնակցելու ամենամեծ խոչընդոտը համարել է ինտերնետի բացակայությունը/ցածր որակը։ Հեռավար դասերին մասնակցած հարցվածների կեսից ավելին նշել է, որ դասը/դասախոսությունը հեռավար լինելու պատճառով բովանդակային փոփոխության է ենթարկվել։ Մասնավորապես, դասավանդողները շեշտն ավելի շատ ինքնուրույն աշխատանքի և որոշ առաջադրանքների կրճատման վրա են դրել։ Հարցվածների 41%-ը հեռավար կրթության մեջ առավելություններ չի տեսնում։ Հարցվածների կեսից ավելին հեռավար կրթությունը չի դիտարկում որպես նոր հմտություններ ստանալու հնարավորություն։ Ավելին, հարցվածների 65%-ը չէր ցանկանա համավարակից հետո հեռավար կրթության տարրեր տեսնել դասապրոցեսում։

Հարցին թե արդյո՞ք համավարակի տարածման ժամանակահատվածում մասնակցել են հեռավար դասերին, հեռավար կրթությանն առնչություն ունեցած հարցվածների երեք քառորդից ավելին (79%) տվել է դրական պատասխան, իսկ ավելի քիչ՝ 10%-ը մասնակցել է մասամբ։ Ընդ որում, հեռավար կրթության մասնակցած հարցվածների 75%-ը կանայք են, 26%-ը տղամարդիկ (Գծապատկեր 5․2

Ըստ Գծապատկեր 5․3-ի, հեռավար կրթությանը մասնակցած հարցվածների 42%-ի համար դասերին մասնակցելու համար խոչընդոտ է հանդիսացել ինտերնետի բացակայությունը կամ ցածր որակը, 23%-ի համար՝ համապատասխան տեխնիկայի բացակայությունը, 19%-ի համար՝ առողջական խնդրները, և ևս 19%-ի համար՝ առանձնանալու հնարավորության բացակայությունը։

Գծապատկեր 5․4-ը ցույց է տալիս, որ հարցվածների 52%-ի դասը/դասախոսությունը բովանդակային փոփոխություն է կրել հեռավար լինելու պատճառով։ Մասնավորապես, այսպես պատասխանած հարցվածների 53%-ը նշել է, որ շեշտն ավելի շատ ինքնուրույն աշխատանքի վրա է դրվել, իսկ 33%-ը նշել է, որ կրճատվել են առաջադրանքները (Գծապատկեր 5․5):

Ըստ Գծապատկեր 5․6-ի, հարցվածների 41%-ը հեռավար կրթության առավելություններ չեն տեսնում։ Հարցվածների մոտ մեկ քառորդը (23%) հեռավար կրթության առավելություն է համարում ծնողի/ծնողների վերահսկողությունը/օգնությունը, 20%-ը՝ ժամանակի և 17%-ը՝ գումարի խնայումը։

Միևնույն ժամանակ, ըստ Գծապատկեր 5․7-ի, հարցվածների 31%-ը որպես հեռավար կրթության թերություն նշել է կենտրոնանալու խնդիրը, իսկ 27%-ը գտնում է, որ հեռավար կրթության ժամանակ յուրաքանչյուր աշակերտին/ուսանողին ավեի քիչ ժամանակ է տրամադրվում։ Հարցվածների ևս 27%-ը կարծում է, որ հեռավար կրթության պայմաններում վերահսկողությունը թույլ է, և աշակերտները/ուսանողները խաբեություններ են թույլ տալիս։

Հարցվածների կեսից ավելին (55%) չի կարծում, թե հեռավար կրթությունը նոր հմտություններ ստանալու հնարավորություն է տվել իրենց կամ իրենց երեխաներին, մինչդեռ 39%-ի փորձառությունն այս առումով դրական է (Գծապատկեր 5․8)։

Կցանկանայի՞ք, որ համավարակը հաղթահարելուց հետո հեռավար կրթության տարրեր պահպանվեին դասապրոցեսում։ Ինչպես ցույց է տալիս Գծապատկեր 5․9-ը, հարցվածների երկու երրորդը (65%) այս հարցին բացասական պատասխան է տվել։ Հեռավար կրթության տարրերի պահպանման հեռանկարի հետ համաձայնել է հարցվածների 33%-ը («Այո» և «Մասամբ» պատասխանների հանրագումարը)։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

  • Հեռավար կրթության հետ առնչություն ունեցող հարցվածների 79%-ը համավարակի ժամանակ մասնակցել է հեռավար դասերին։
  • Հեռավար դասերին մասնակցած հարցվածների 42%-ը դասերին մասնակցելու ամենամեծ խոչընդոտը համարել է ինտերնետի բացակայությունը/ցածր որակը։
  • Հեռավար դասերին մասնակցած հարցվածների 52%-ի դասը/դասախոսությունը հեռավար լինելու պատճառով բովանդակային փոփոխություն է կրել։
  • Հարցվածների 41%-ը հեռավար կրթության մեջ առավելություններ չի տեսնում, իսկ մեկ քառորդը (25%) հեռավար կրթության ամենամեծ առավելությունը համարում է ծնողի/ծնողների վերահսկողությունը/օգնությունը։
  • Հարցվածների 31%-ը որպես հեռավար կրթության թերություն նշում է կենտրոնանալու խնդիրը։
  • Հարցվածների ավելի քան կեսը հեռավար կրթությունը չի դիտարկում որպես նոր հմտություններ ստանալու հնարավորություն։
  • Հարցվածների 65%-ը նշել է, որ չէր ցանկանա, որ համավարակից հետո հեռավար կրթության տարրեր պահպանվեն դասապրոցեսում։

Մեկնաբանել