Կարծիքը, թե Միացյալ Թագավորությունն Ադրբեջանին գերադասում է Հայաստանից, տեղին չէ․ զրույց դեսպանի հետ

Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպան Ջոն Գալագերը (John Gallagher) ՍիվիլՆեթի տաղավարում խոսել է Հայաստանում իր երկրի առաջնահերթությունների, Հայաստանի ու Ադրբեջանի հետ Միացյալ Թագավորության ունեցած հարաբերությունների, ղարաբաղյան կարգավորման և Լոնդոնի հասցեին հնչող քննադատության ու մեղադրանքների մասին։

Պարոն դեսպան, Դուք արդեն ներկայացրել եք Ձեր հավատարմագրերը Հայաստանում, սակայն դեռ շատ կարճ ժամանակ է, ինչ այստեղ եք։ Ի՞նչ տպավորություններ ունեք, ինչպե՞ս եք հարմարվում։

– Շնորհակալություն, շատ լավ։ Այստեղ գտնվելուս առաջին ամիսը շատ դրական փորձառություն է․ գրեթե մեկ ամիս է, ինչ այստեղ եմ։ Այնպիսի զգացողություն է, որ այս մեկ ամսվա ընթացքում տեսել եմ տարվա բոլոր չորս եղանակները․ երբ ժամանեցի, ձնաբուք էր, իսկ հիմա՝ ամառային արևոտ եղանակ։ Բայց ես իրոք շատ դրական տպավորություններ ունեմ, իսկապես շատ ջերմ ընդունելության եմ արժանացել։ Կարծում եմ՝ Միացյալ Թագավորությունը կարող է հետաքրիր աշխատանք տանել՝ Հայաստանի հետ գործակցելով տարբեր ուղղություններով։ Հայաստանի համար հիմա շատ հագեցած ժամանակաշրջան է, քանի որ շատ իրադարձություններ են տեղի ունենում, սակայն ես շատ ոգևորված եմ այն հնարավորություններով, որոնց մասին տեղեկանում եմ։ Կարծում եմ՝ Միացյալ Թագավորությունը Հայաստանի հետ միասին շատ բան կարող է անել՝ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված բարեփոխումները շարունակելու և իրականացնելու ճանապարհին, ինչպես նաև այնպիսի խնդիրների դեմ պայքարում, որոնց ուղղությամբ Միացյալ Թագավորությունը ցանկանում է ավելի ընդլայնված աշխատել։ Ուստի շատ ուրախ եմ լինել այստեղ և սկսել աշխատել, իմ կարծիքով, դրական օրակարգի շուրջ։

– Միացյալ Թագավորությունը որոշ ժամանակ Հայաստանում դեսպան չուներ։ Եղավ հայտարարություն դեսպանի նշանակման մասին, որը հետո չեղարկվեց։ Հիմա, երբ կարծես ամեն ինչ կարգավորվել է, և թիմն ամբողջական է, կարո՞ղ ենք ակնկալել, որ Միացյալ Թագավորության ներգրավվածությունը Հայաստանում ավելի կմեծանա։

– Ես կասեի, որ թեև նախորդ դեսպանը այդ կարգավիճակում այստեղ եղել է իմ ժամանելուց տասնութ ամիս առաջ, սակայն այդ ժամանակահատվածում այստեղ են գտնվել մեր բարձրաստիճան գործընկերները, որոնք ղեկավարել են դեսպանությունը և իսկապես շատ լավ գործեր են կատարել։ Նախորդ երկու տարիների ընթացքում մենք զգալի աշխատանք ենք կատարել Հայաստանի խորհրդարանի հետ՝ դարերի պատմություն ունեցող մեր խորհրդարանական աշխատանքի դրական փորձը կիսելու։ Աշխատել ենք համայնքների և պետական կառույցների, ինչպես նաև գործարար համայնքի հետ։ Նաև կիսել ենք բրիտանական առողջապահական փորձը՝ օգնելով COVID-19-ի դեմ պայքարում։ Միևնույն ժամանակ Միջազգային կարմիր խաչին նվիրաբերել ենք մեկ միլիոն ֆունտ՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղում մարդասիրական աշխատանքների։ Այսպիսով, այդ ժամանակահատվածում Միացյալ Թագավորությունը շատ աշխատանքներ է իրականացրել Հայաստանին աջակցելու ուղղությամբ, և ես ակնկալում եմ այդ ամենը նոր մակարդակի բարձրացնել իմ պաշտոնավարման ընթացքում։

Որպես Հայաստանում Միացյալ Թագավորության նոր դեսպան՝ ո՞ր ոլորտների վրա եք ցանկանում կենտրոնացնել Ձեր գործունեությունը։

– Ինչպես արդեն ասացի, կարծում եմ՝ Միացյալ Թագավորությունը մեծ փորձ ունի, որը կարող է կիսել Հայաստանի հետ ինստիտուցիոնալ համակարգի ամրապնդման առումով։ Տեղյակ եմ, որ կառավարությունը հանձնառու է բարեփոխումների իրականացմանը, և մենք կցանկանայինք աջակցել դրանց։ Կարծում եմ՝ կառավարությունը որոշ նվաճումներ է ունեցել այս ժամանակահատվածում, և մենք ցանկանում ենք դրանց ևս աջակցել։ Նաև ցանկանում ենք աջակցել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը՝ ավելի ամուր, դիմակայուն ժողովրդավարական երկրի հիմքերը դնելու համար։ Նաև ուզում եմ օգնել բրիտանական ընկերություններին գալ Հայաստան, ուսումնասիրել այստեղ առկա հնարավորությունները և նպաստել Հայաստանի տնտեսության աճին և հնարավորություններ ստեղծել մարդկանց համար։ Բացի այդ գիտեմ, որ Միացյալ Թագավորությունը ցանկանում է օգնել Հայաստանին տարածաշրջանի մյուս երկրների համար օրինակ դառնալու լավ կառավարման սկզբունքների կիրառման առումով, որոնք կարող են առանցքային նշանակություն ունենալ հաջողակ երկիր լինելու համար։

Ցանկանում ենք նաև, որ Հայաստանն իր մասնակցությունն ունենա Միացյալ Թագավորության համար առանցքային հանդիսացող այնպիսի գլոբալ հիմնախնդիրների ուղղությամբ աշխատանքում, ինչպիսին կլիմայի փոփոխությունն է, քանի որ կարծում ենք՝ Հայաստանը կարևոր դերակատարում ունի այդ առումով։ Նոյեմբերին Գլազգոյում մենք հյուրընկալելու ենք Կլիմայի փոփոխության համաժողովը՝ COP26-ը, և մենք ցանկանում ենք աշխատել Հայաստանի հետ՝ կերտելու այն իրապես հավակնոտ ազգային ծրագիրը, որը կօգնի կարևոր դերակատարում ունենալ կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարում։

Իսկ ինչու՞ է Հայաստանը կարևոր Միացյալ Թագավորության համար։ Բրեքզիթից հետո Վեստմինստերը բավական շատ է խոսում «Գլոբալ Բրիտանիա» գաղափարի մասին։ Արդյոք Հայաստանը տեղավորվո՞ւմ է այդ գաղափարի մեջ։

– Միանգամայն։ Կարծում եմ՝ այն հիմնական փոփոխություններից մեկը, որ մենք ունեցանք վերջին մի քանի տարիների ընթացքում, այն է, որ Միացյալ Թագավորության արտաքին քաղաքականությունը սկսեց ավելի շատ կենտրոնանալ մեր անմիջական հարևանությունից անդին այլ հնարավորությունների վրա։ Եվ Հայաստանն իսկապես այն երկրներից է, որտեղ կարծում ենք անելու շատ բան կա՝ մեծ ներուժ և շատ հնարավորություններ՝ խորացնելու մեր հարաբերությունների բովանդակությունը։ Ուստի, «Գլոբալ Բրիտանիայի» գաղափարը ընդլայնում է Միացյալ Թագավորության՝ աշխարհի մյուս երկրների հետ հարաբերման տեսլականը։ Վերջերս մենք հրապարակեցինք նաև մեր արտաքին քաղաքականության թարմացված ռազմավարությունը, որը կոչում ենք «Համապարփակ ռազմավարություն»։ Այն սահմանում է մեր արտաքին քաղաքականության սկզբունքները, այն ինչին ցանկանում ենք աջակցել՝ բաց հասարակություններ, ազատ առևտուր, ազատական տնտեսություններ, մարդու իրավունքների պաշտպանություն և բոլոր այն հիմնարար իրավունքների ընդունում, որոնք, կարծում ենք, կարևոր են աշխարհի բոլոր երկրների համար։ Հայաստանն արդեն իսկ համախոհ է նշված բազմաթիվ սկզբունքների շուրջ, և մենք ցանկանում ենք է՛լ ավելի մեծացնել ներգրավվածությունը՝ առավել խորացնելու հարաբերությունները և ավելի տեսանելի դարձնելու Միացյալ Թագավորության ներկայությունն այս տարածաշրջանում, մասնավորապես՝ Հայաստանում։ Կարծում եմ այդ ներկայության առավել ակնառու կամ շոշափելի օրինակներից են անգլերենի ուսուցումը, մշակութային ներգրավվածությունը, մարդկանց և ժողովուրդների միջև կապերը։ Մենք ցանկանում ենք հնարավորություններ ստեղծել ավելի լավ ներկայացնելու հայ ժողովրդին, թե ինչ կարող է առաջարկել Միացյալ Թագավորությունը Հայաստանին և, հակառակը, ինչն ավելի կնպաստի բովանդակալից հարաբերությունների զարգացմանը։

Միացյալ Թագավորությունը նաև պատրաստակամություն է հայտնել զարգացնելու քաղաքացիական հասարակությունը Հայաստանում։ Շատ այլ արևմտյան երկրների դեսպանատներ են ներգրավված եղել դրանում։ Գիտեմ, որ այնքան էլ երկար ժամանակ չէ, որ Դուք գտնվում եք այստեղ, սակայն ծրագրու՞մ եք արդյոք ունենալ քաղաքացիական հասարակության զարգացմանն օգնելու այդպիսի նախաձեռնություններ, որոնցում բրիտանական դեսպանատունը կարող է ներգրավված լինել։

– Իրականում, կարծում եմ, քաղաքացիական հասարակության զարգացումը Միացյալ Թագավորության կամ որևէ այլ երկրի անելիքը չէ։ Քաղաքացիական հասարակությունն ինքն է, որ պետք է որոշի, թե որոնք են այն հիմնական ոլորտները, որոնց ուղղությամբ նա պետք է աշխատի։ Միացյալ Թագավորությունը ցանկանում է աջակցել քաղաքացիական հասարակությանը, որպեսզի այն իր դերը կատարի։ Մեր կարծիքով՝ հաջողակ երկներն ունեն ակտիվ քաղաքացիական հասարակություն, որի ձայնը լսելի է երկրի ապագան կերտելու և կառավարությանը հաշվետու պահելու գործում։ Մենք շատ հպարտ ենք այն աշխատանքների համար, որ արել ենք Հայաստանում։ Մեր աջակցած ծրագրերի օրինակներից է կանանց քաղաքական մասնակցությունը խթանող ծրագիրը։ Կարծում ենք, որ կանանց ավելի լայն ներգրավվածությունը կհանգեցնի բազմակարծության, մտքերի բազմազանության և կառավարման ավելի ամուր հիմքերի ապահովման։ Այս ամենն իրականացվել է քաղաքացիական հասարակության հետ համայնքային մակարդակում աշխատելու արդյունքում։ Կարծում եմ՝ սա շատ լավ օրինակ է, թե ինչպես ենք մենք ցանկանում աշխատել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ՝ ապահովելու մտքեր և նորարարական գաղափարներ, որպեսզի օգնենք Հայաստանին ավելի մեծ հաջողություններ ունենալ։

Մեկ այլ օրինակ է մեր գլոբալ հանձնառությունը՝ աջակցելու խոսքի ազատությանը, լրատվամիջոցների ազատությանը, ինչը ևս իսկապես կարևոր է կառավարությանը հաշվետու պահելու համար, ինչպես նաև ապահովելու, որ կառավարությունը գործի հանուն ժողովրդի։

Ներկայում Հայաստանն ապրում է ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքների համատեքստում։ Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում այս իրավիճակը, և ինչպե՞ս կարող է Միացյալ Թագավորությունը գուցե աջակցել խաղաղաշինությանն ու պետականաշինությանը այս՝ հետպատերազմյան շրջանում։

– Այո, ես քաջատեղյակ եմ, որ վերջին մի քանի ամիսը շատ ծանր են եղել Հայաստանի համար պատերազմի պատճառով, որի գինը շատ թանկ է եղել։ Այդ ամենն, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի հետևանքները, իհարկե մեծ գործոն են հանդիսացել այն ամենում, ինչ այս տարի տեղի է ունեցել։ Միացյալ Թագավորությունը ցանկանում է աջակցել խնդրի խաղաղ կարգավորմանը։ Ուզում ենք, որ երկու կողմերը խաղաղ համաձայնության գան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, որը, ըստ մեզ, կայուն խաղաղության հաստատման ամենավստահելի ճանապարհն է։ Հստակ է, որ պատերազմից հետո հանգամանքները փոխվել են, այնտեղ նոր ուժեր են ներկա։ Կարծում ենք՝ չի փոխվել և կարևոր է պահպանել այն, որ Հայաստանը շարունակում է խորացնել լավ կառավարման սկզբունքների կիրառումը, ունի ամուր ինստիտուտներ և տնտեսություն, որն ի վիճակի է պահպանել կայունություն։ Մենք հանձնառու ենք աշխատել Հայաստանի հետ՝ օգնելու այդ գործում։

Ադրբեջանում Միացյալ Թագավորության դեսպան Ջեյմս Շարփն այցելել է Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներ, նա այցելել է Ջեբրայիլ այն ժամանակ, երբ զոհվածների մարմինները դեռ հայտնաբերվում էին։ Սա վրդովեցրել է շատ հայերի։ Հայաստանում շատերը կարծում են, որ Միացյալ Թագավորությունը ադրբեջանամետ է և Հայաստանի նկատմամբ ոչ չեզոք է, ոչ էլ՝ դաշնակից։ Շատերը կարծում են, որ շատ բան չի արվել ռազմագերիների հարցով, և կան նաև շատերը, որ վստահ են, որ Միացյալ Թագավորությունն է, որ ՄԱԿ-ում արգելափակել է որոշ առաջարկություններ կամ բանաձևեր։ Ինչպե՞ս եք Դուք պատրաստվում դիմագրավել այս ընկալումներին մի երկրում, որը թշնամական չէ, բայց այնտեղ առկա են այդպիսի ընկալումներ։

– Առաջին հերթին ուզում եմ հստակ նշել, որ Միացյալ Թագավորության համար հավասարապես արժեքավոր են հարաբերություններն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Ուստի ցանկացած կարծիք, թե Միացյալ Թագավորությունն Ադրբեջանին գերադասում է Հայաստանից, տեղին չէ։ Հակամարտության ընթացքում և դրանից հետո մենք երկու կողմերում էլ բարձրաձայնել ենք այն մասին, որ անհրաժեշտ է հակամարտությունը բերել խաղաղ հանգուցալուծման և ողջունել ենք նոյեմբերի 9-ի զինադադարը, որը դրական զարգացում էր։ Իսկ դրանից հետո մենք ակտիվորեն կոչ ենք արել երկու կողմերին համաձայնության գալ Մինսկի խմբի հովանու ներքո, ինչպես նաև լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ռազմագերիների վերադարձը, մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Դա տեղի է ունեցել հաճախակի՝ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով, ինչպես հակամարտության ընթացքում, այնպես էլ դրանից հետո։ Կարծում եմ՝ մենք հստակ ենք եղել այն հարցում, որ բոլորովին կողմնապահություն չենք անում։

Ես լսել եմ այն մեղադրանքների մասին, թե իբր Միացյալ Թագավորությունն ինչ-որ բաներ է արգելափակել ՄԱԿ-ում։ Ուզում եմ կրկին շատ վճռականորեն ասել, որ դա այդպես չէ, Միացյալ Թագավորությունը չի արգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որևէ հայտարարություն։ Մենք շատ ենք ցանկացել տեսնել խաղաղ հանգուցալուծում և այդ ուղղությամբ աշխատել ենք ՄԱԿ-ում և այլուր, որպեսզի դա տեղի ունենա։

Մեծ քանակությամբ ապատեղեկատվություն և կեղծ թեզեր են տարածված Միացյալ Թագավորության մասին, սակայն դրանք իրականում ոչ մի հիմք չունեն։ Ես պատրաստվում եմ որպես դեսպան իմ պաշտոնավարման ընթացքում շատ բաց և թափանցիկ մոտեցում ցուցաբերել բոլոր մակարդակներում ունենալիք իմ հանդիպումներում՝ կառավարության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ կամ անձնական մակարդակով հանդիպումների ընթացքում։ Ես շատ բաց կերպով կներկայացնեմ այն ամենը, ինչը կարևոր է Միացյալ Թագավորության համար, ինչ կարող է Միացյալ Թագավորությունը առաջարկել Հայաստանին, և թե ինչ հիմնավորում ունեն մեր տեսակետները։ Կարծում եմ՝ Միացյալ Թագավորության հիմնական բնութագրերից մեկն այն է, որ մենք հանձնառու ենք բաց և թափանցիկ գործելուն և բացատրություններ տրամադրելուն։

Պարոն դեսպան, բարի գալուստ Հայաստան, և շնորհակալություն Ձեր ժամանակը մեզ տրամադրելու համար։

– Շնորհակալություն հրավերի համար։

Շնորհակալություն ՍիվիլՆեթին միանալու համար։

Զրուցեց Էմիլիո Կրիկիոն