Մեղրիի համայնքապետը քննչական կոմիտեում է

Սյունիքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը կանչվել է հարցաքննության։ Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեցին քննչական կոմիտեից։

Կառույցից հայտնեցին, որ Մեղրիի համայնքապետը հրավիրվել է քննչական կոմիտե Քրեական օրենսգրքի 258 -րդ հոդվածի («Խուլիգանություն») 1-ին, 3-րդ և 316-րդ հոդվածի («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 21-ին այցելել էր Սյունիքի մարզ։ Ագարակում և Մեղրիում Փաշինյանին բողոքի ակցիաներով էին դիմավորել։ Վարչապետը քայլերթեր էր իրականացրել քաղաքներում, որոնք ուղեկցվել էին մարդկանց խմբերի կողմից հայհոյախառն վանկարկումներով։ Բողոքողները նաև փորձել էին փակել Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոմեքենայի ճանապարհը։

Ավելի ուշ վարչապետը Սյունիքի մարզպետարանում խորհրդակցություն էր անցկացրել։ Մեղրիի միջադեպի վերաբերյալ Փաշինյանը՝ դիմելով ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին, ասել էր․ «Ակնկալում եմ, որ կտրուկ գործողություններ կարվեն և մեղավորները կկանչվեն պատասխանատվության»։

Մեկնաբանել