Լին Թրեյսին Սյունիքում վերահաստատել է հայ ժողովրդին աջակցելու ԱՄՆ-ի հանձնառությունը

ԱՄՆ դեսպանատունը ներկայացրել է դեսպան Լին Թրեյսիի՝ վերջերս Սյունիքի մարզ կատարած այցի պատճառներն ու մանրամասները: Շուրջ հինգ օր տևած այցի ժամանակ դեսպանը տեղի պաշտոնյաներից և ԱՄՆ դեսպանության ծրագրերի գործընկերներից անձամբ տեղեկացել է համավարակի և պատերազմի կրկնակի հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։

Ինչպես հայտնում է ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը, դեսպանը հանդիպել է նաև ԱՄՆ կառավարության դրամաշնորհային ծրագրերի շահառուներին և քննարկել համագործակցության շարունակականությունը ապահովելու ուղիները՝ ի աջակցություն Սյունիքի վերականգման ու զարգացման:

Ապրիլի 18-ից 22-ը տևած այցի ընթացքում դեսպան Թրեյսին այցելել է Սիսիան, Մեղրի, Կապան և Գորիս համայնքներ, հանդիպումներ անցկացրել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի հետ:

Հայ պաշտոնյաների հետ դեսպանը քննարկել է պատերազմի հետևանքով տեղահանվածներին ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող մարդասիրական օգնության տրամադրումը և ներկայացրել այն աշխատանքները, որոնց միջոցով ԱՄՆ-ը շարունակում է աջակցել մարզի զարգացմանը: