Զախարովան մեկնաբանել է Բաքվում «ռազմավարի պուրակի» բացումն ու գերիների հարցը

Ռուսաստանը հուսով է, որ գործնական հարթությունում Բաքուն և Երևանը ձգտելու են այնպիսի քայլերի, որոնք ուղղված կլինեն հարաբերությունների կարգավորմանը, այլ ոչ թե նոր բաժանարար գծերի ստեղծմանը․այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 22–ին կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով Բաքվում «ռազմավարի պուրակի» բացման վերաբերյալ հարցին:

«Ինչ վերաբերում է պուրակին, ապա մենք հույս ունենք, որ գործնական հարթությունում Բաքուն և Երևանը ձգտելու են այնպիսի քայլերի, որոնք ուղղված կլինեն հարաբերությունների կարգավորմանը, այլ ոչ թե բաժանարար նոր գծերի ստեղծմանը։ Այդ գինն արդեն վճարվել է, հսկայական գին՝ մարդկային կյանքեր: Պահը թե ողբերգական է և թե ապագայի համար հույս տվող է: Այդ պահից պետք է օգտվել խաղաղ նպատակների համար, այլ ոչ թե օգտագործել այն իրավիճակի է՛լ ավելի սրացման համար, չստեղծել բաժանարար գծեր, նոր գրգռիչներ», – պարզաբանել է Զախարովան:

Խոսնակի խոսքով՝ դժվար է գնալ այդ քայլին հատկապես զինված հակամարտությունից հետո։ «Շատ դժվար է հաղթահարել այն, այդ թվում՝ հոգեբանորեն։ Այո, շատերը համաձայն չեն արդյունքների հետ։ Շատերը ցանկանում են, որ շարունակվի, ինչ–որ մեկը ռևանշ է ցանկանում: Արդյոք նման գրգռիչների, նման խնդիրների ստեղծումը կնպաստի՞ կարգավորման ձեռքբերմանը, խաղաղության հաստատմանը։ Հարցի պատասխանն ակնհայտ է՝ ոչ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Զախարովան նշել է, որ Ռուսաստանի խնդիրն այս պահին «Հարավային Կովկասի երկրների համար վստահության և բարենպաստ առևտրատնտեսական պայմանների ստեղծումն է»:

Պաշտոնյան նաև անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման և «Զանգեզուրի միջանցքի» հարցն ուժով բացելու Իլհամ Ալիևի սպառնալիքներին:

Ռուսաստանը միջնորդական ջանքեր է գործադրում, նշում է Զախարովան, Հայաստանի և Ադրբեջանի միջև առավել ուժեղ գրգռիչներից մեկը վերացնելու համար:

«Մենք աշխատում ենք ռազմագերիներին «բոլորին բոլորի դիմաց» բանաձևով վերադարձնելու խնդրի վրա», – ասել է Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչը և կոչ արել կողմերին ձեռնպահ մնալ ռևանշիստական և ռազմատենչ հռետորաբանությունից, որը կարող է տարածաշրջանը կրկին պատերազմի եզրին դնել:

«Ադրբեջանն ու Հայաստանը պետք է շարժվեն (անցյալ տարվա նոյեմբերի 9-ին ընդունված – խմբ.) եռակողմ հայտարարության հունով։ Ինչ վերաբերում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, ապա դա նույնպես տեղավորվում է եռակողմ հայտարարության շրջանակներում», – ասել է նա։

Մեկնաբանել