Կրակոցներ՝ Արցախի բնակավայրերի ուղղությամբ․ ինչ է եղել

Ապրիլի 20-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը Ստեփանակերտի Վաղարշ Վաղարշյան փողոցի առանձնատներից մեկի ուղղությամբ կրակոց է արձակել: Հայրը՝ Խաչատուր Մունչյանը, երկու անչափահաս որդիների հետ տանն էր այդ ժամին: «Ուժգին քամի էր այդ օրը Ստեփանակերտում, նույնիսկ կրակոցի ձայնը չի լսվել»,- ասում է Խաչատուրը: Նա պատմում է, որ տանն ընդամենը մեկ՝ 7,62 մմ տրամաչափի գնդակ է հայտնաբերել: Մունչյանները տեղահանված ընտանիք են Շուշիից: «Կրակոցի հետևանքով վնասվել է տան թիթեղապատ տանիքը, հատակը և առաստաղը»,- ապրիլի 22-ին հաղորդել է Արցախի ոստիկանությունը:

Վերջին օրերին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մասին ապրիլի 22-ին հաղորդագրություն էր տարածել նաև Արցախի Պաշտպանության բանակը (ՊԲ). «Նշված խախտումների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայում ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները»:

«Յուրաքանչյուր դեպքի առնչությամբ, ռուս խաղապահ ուժերի հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև՝ ամենօրյա բանակցությունների ընթացքում հակառակորդ կողմի հետ, մենք այդ հարցը բարձրացնում ենք և պահանջում, որպեսզի նրանք հետևողականորեն քննություն իրականացնեն յուրաքանչյուր միջադեպի վերաբերյալ»,- ապրիլի 22-ին Արցախի Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՊԲ հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ Նորայր Մկրտչյանը:

ՍիվիլՆեթի հետ զրույցում Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանն ասաց, որ ապրիլի 22-ի երեկոյան քաղաքացիներից մեկը ահազանգել էր նաև Ներքին և Վերին Սզնեք համայնքներում տեղի ունեցած կրակոցների մասին: «Քաղաքացին տեղեկացրեց, որ ադրբեջանցիները ինտեսիվորեն դեպի օդ են կրակել նաև այդ գյուղերում: Նախարարությունը նյութեր ու փաստեր է հավաքում՝ ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ներկայացնելու համար»,- ասաց Հունան Թադևոսյանը:

Ներքին գործերի նախարարությունը սոցիալական ցանցերում շրջանառվող՝ Ասկերանի շրջանի Շոշ և Մխիթարաշեն գյուղերի, ինչպես նաև Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ևս նյութեր ու փաստեր է հավաքում՝ ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ներկայացնելու համար:

Մեկնաբանել