Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը դադարեցնում է պաշտոնավարումը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը դադարեցնում է պաշտոնավարումը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ինքը՝ Մեսրոպ Առաքելյանը։

«Այսօրվանից դադարեցնում եմ պաշտոնավարումս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։

Հետպատերազմյան իրավիճակում այս պատասխանատվությունն ստանձնել եմ բացառապես մեկ նպատակով՝ մեր ժողովրդի ուսերից օր առաջ թոթափելու սոցիալական այն արհավիրքը, որին բախվեցինք թշնամու կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով։

Այսօր կարող ենք արձանագրել, որ Արցախը հաղթահարել է սոցիալական ճգնաժամը և թևակոխել է զարգացման ծրագրերի և բնակարանաշինության փուլ, ինչի կապակցությամբ հայտնում եմ իմ գոհունակությունը և սոցիալական առաջնային մարտահրավերները համարում բավարար չափով հաղթահարված։

Միևնույն ժամանակ, պատերազմի ընթացքում վիրավորում ստացած մեր եղբայրների առաջնային սոցիալական խնդիրների լուծումը և պրոթեզավորման գործընթացը դրված են բավարար հիմքերի վրա՝ վերջնական արդյունքի հասնելու համար։

Շնորհակալ եմ Հայաստանի և Արցախի իմ գործընկերներին՝ համագործակցության համար։ Խաղաղություն մեր միասնական հայրենիքին»,- գրել է Առաքելյանը։

Մեսրոպ Առաքելյանը նախարար էր նշանակվել մոտ 5 ամիս առաջ՝ 2020-ի նոյեմբերի 20-ին։