Մեր պարտության պատճառներից է մեր գերագույն անկազմակերպվածությունը. Դավիթ Իշխանյան

ՍիվիլՆեթի արցախյան թղթակից Հայկ Ղազարյանը զրուցել է Հայ Հեղափոխական Դաշնակցության՝ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ՝ արցախյան երկրորդ պատերազմում պարտության պատճառների, ստեղծված կացությունից դուրս գալու ուղիների և հետագա անելիքների մասին: 

– Սեպտեմբերի 27-ից և նոյեմբերի 9-ից հետո ժամանակ է անցել: Փորձենք վերլուծել ու հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել: Որո՞նք են մեր պարտության խորքային պատճառները:  

– Նախ, չեմ կարծում, թե ժամանակագրական առումով բավարար է ամբողջական վերլուծություններ անել և ըստ այդմ՝ նաև համապատասխան եզրահանգման գալ: Բայց մենք վերջին չորս ամիսների ընթացքում տեսանք, թե ինչ գնահատականներ և ինչ ծավալի վերլուծություններ կատարվեցին: Օտարերկրյա մամուլում հրապարակված վերլուծականները նաև մեզ հնարավորություն են տալիս եզրահանգելու, որ պատերազմը սանձազերծվեց ոչ միայն Ադրբեջանի, այլ թուրք-ադրբեջանական արդեն իսկ վերջին տարիներին ի հայտ եկած տանդեմի կողմից, որից անմասն չէր նաև, կարծես թե, Ռուսաստանը: 

Իհարկե, անցած տարիներին նաև նկատելի էր մեր հայկական կողմի դիվանագիտական ասպարեզում տեղապտույտը, և Հայաստանի իշխանությունների կողմից, հատկապես Հայաստանի վարչապետի կողմից վարվող քաղաքականությունը ակնհայտորեն քայքայիչ միջավայր էր ստեղծում, որի մեջ նաև կարող ենք տեսնել պատերազմում ունեցած մեր պարտությունը: Տարբեր նախադրյալներ ունենալով հանդերձ, կարծում եմ, շատ ճիշտ ժամանակ էր ընտրել Ադրբեջանը ռազմական գործողությունները սկսելու համար: Բայց խորքային առումով այս պատերազմի և պատերազմի հետևանքների պատճառը ավելի շատ պետք է փնտրել մեր մեջ և մեր պետական, քաղաքական, ռազմաքաղաքական ոլորտներում: 

Ի՞նչ կարող էինք մենք հակադրել: Պատերազմում ունեցած մեր հիմնական անհաջողությունների և մեր պարտության պատճառների մեջ, իմ անձնական գնահատականն է, մեր գերագույն անկազմակերպվածության դրսևորումն է և պետական ինստիտուտների ոչ լիարժեք գործունեության արդյունքը: Իսկ այդ ինստիտուտների մեջ մտնում են նաև Զինված ուժերը: Ես հեռու եմ մտքից, որ մենք կարող էինք ունենալ հաջողություններ կամ հաղթանակ, բայց նաև համոզված եմ, որ կարող էինք նվազ կորուստներով դուրս գալ այս պատերազմից: 

– Դուք նշում եք նաև Ռուսաստանի գործոնը: Կմեկնաբանե՞ք, թե ինչ նկատի ունեք:

– Կարծում եմ՝ Ռուսաստանը որոշակիորեն ներքաշված էր այս պատերազմի մեջ: Եվ ռուս-թուրքական ինչ-որ համաձայնություններ կարելի է ենթադրել, որ հավանաբար եղել են: Գուցե սա պայմանավորված է նաև ռուս-թուրքական հակադրությամբ կամ նաև փոխգործակցությամբ Միջին Արևելքում, ես նկատի ունեմ Սիրիան, գուցե սա նաև փոխկապակցված է Ղրիմի կամ ուկրաինական ճակատում տեղի ունեցող զարգացումներով, այնուհանդերձ, ռուսական կողմը որոշակիորեն նահանջ է արձանագրել և զիջել է իր դիրքերը: 

Բայց այն, որ մինչև թուրքական գործոնի ակտիվացումը՝ լինի դա Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում, թե Ադրբեջանի այլ հատվածում, չէր կարող Ռուսաստանի ուշադրությունից դուրս լինել: Համենայնդեպս, ռուսական գործոնը և Ռուսաստանի դերակատարությունը որպես ազդեցության գոտի Կովկասում բավականին մեծ էր, ռուսական կողմը կարող էր իր ազդեցության լծակները ավելի շատ օգտագործել: Այն, ինչ մենք տեսանք նոյեմբերի 9-ին, կարող էլ լինել այլ իրավիճակում և այլ պայմաններում: Որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ ռուսական կողմը իր լայն հնարավորությունը կարող էր օգտագործել այս պատերազմի ընթացքը այլ ճանապարհով տանելու: Այլ հարց է, թե այստեղ հայկական կողմը ինչ ջանքեր է գործադրել և ինչպիսի դերակատարություն է ունեցել:

– Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ի՞նչ քայլեր մենք պիտի ձեռնարկենք: Օրինակ, մի շարք սոցիալական ծրագրեր են իրականացվում, բայց մի օր այդ գումարները վերջանալու են: Ի՞նչ պիտի անենք մենք մոտ պագայում:

– Ցավոք սրտի, իմ գնահատմամբ, անցած տարիներին կամ անցած տասնամյակներին մեզ մոտ գրեթե միշտ բացակայում էր ռազմավարական մտածելակերպը: Այսինքն, մենք ծրագրեր ենք փորձում իրականացնել, որոնք իրենց մեջ ենթադրում են մարտավարական ուղղություն և մարտավարություն: Ռազմավարական ծրագրերի և ռազմավարական մտածելակերպի արմատավորումը մեր պետական ինստիտուտներում և պետության կողմից վարվող քաղաքականության մեջ ակնհայտորեն պետք է գերակայի և գերիշխի: Մենք պետք է հաշտվենք և հաշվի առնենք իրողությունները և այս իրողություններից բխող համապատասխան քայլեր ձեռնարկենք:

Թիվ մեկ խնդիրը ռազմավարության մշակումն է տարբեր ուղղություններով՝ անվտանգային համակարգի, տնտեսական, սոցիալական ծրագրերի, կրթամշակութային և այլ ոլորտներում, որովհետև ռազմավարություն նշանակում է նաև բարոյահոգեբանական վիճակի փոփոխություն:

Ռազմավարական ծրագրերի իրականացումը կամ այդ տեսլականը կարող է հասու չլինել մեր բոլոր շերտերի համար: Սա բնական է: Որովհետև հասարակությունը չունի այն քաղաքական ինքնագիտակցությունը, չունի այն մակարդակը, որ նրան կարող են այս ծրագրերը ամբողջապես հասու լինել: Բայց հանրությունը ինչ-որ ժամանակ անց արդեն շոշափելի դարձած այդ ծրագրերի արդյունքները կարող է տեսնել և տալ իր գնահատականը: Ես սա ոչ թե բարձրաձայնում եմ ընդդիմադիրի կեցվածքով, այլ նաև մտահոգությամբ, որը պետք է դառնա մեզ համար ազդակ, որպեսզի կարողանանք այս ծանր կացությունից դուրս գալ: 

– Կարծիք կա, որ ուսումնական տարվա ավարտից հետո արտագաղթի հոսք է սկսվելու Արցախից: Այս միտման դեմն առնելու ի՞նչ մեխանիզմներ կան: 

– Մենք նման իրավիճակում եղել ենք 1995 թվականին՝ պատերազմի ավարտից հետո: Այն պայմաններում, երբ ունեինք հաղթանակ և հաջողություններ: Այդ երևույթները տեղի են ունեցել 2016 թվականի ապրիլի իրադարձություններից հետո: Եվ բնական է, որ ռազմական գործողությունների և պատերազմական գործողություններից հետո հասարակության մեջ առաջանում է նաև այդ հոգեբանական մթնոլորտը: Ի վերջո, անվտանգության և ապագա խաղաղ պայմաններում ապրելու երաշխիքները որտե՞ղ են: Եվ քանի՞ տարով, քանի՞ տասնամյակներով, հարյուրամյակներով:

Դարերի պատմություն ունի և պատահական չէ, որ Արցախը միշտ էլ ժողովրդագրական առումով չի կարողացել ամբողջապես իր ներքին կարիքներն ապահովել, բայց ես չեմ կապում ուսումնական տարվա հետ: 

Այստեղ կան համաճարակի խնդիրները: Համաճարակի պայմանները նաև որոշակի արգելք են ստեղծում արտագաղթի, բայց մենք չպետք է նաև մեզ համար շատ լուրջ բացասական մթնոլորտ ստեղծենք: Մենք պիտի ունենանք ռազմավարություն վերաբնակեցման և ժողովրդագրական իրավիճակի փոփոխության առումով: 

Ես նաև չանդրադարձա, բայց, բնականաբար, այստեղ շատ կարևոր է խոսել մեր օկուպացված տարածքների վերադարձի և այդ ուղղությամբ համապատասխան ջանքեր գործադրելու մասին։ Ի վերջո, հասարակությունը պետք է նաև «համեմված» լինի այդ գաղափարներով: Ինչ ճանապարհով և ինչ մեխանիզմներով՝  սա այլ հարց է:

– Օկուպացված տարածքներ ասելով՝ նկատի ունեք ԼՂԻՄ-ի՞ տարածքը, թե՞ Արցախի Հանրապետության:

– Ես նկատի ունեմ Արցախի Հանրապետության ամբողջական տարածքը: Եվ ես զերծ եմ այն տեսակետից, որ ԼՂԻՄ-ի խնդիրը պիտի դարձնենք մեզ համար հիմնական ուղղություն: Իհարկե, տարբեր հանգրվաններ կարող են լինել այդ ուղղությամբ տարվող աշխատանքների, բայց կա երկու ճանապարհ՝ մեկը դիվանագիտական, մյուսը՝ ռազմական: Մենք, իհարկե, այս հարցերը բարձրաձայնելու և բաց քննարկումների դաշտ բացելու անհրաժեշտություն չունենք, բայց նաև պիտի հրապարակային խոսենք, որ ունենք Արցախի Հանրապետության ամրագրված սահմաններ, որոնք ամրագրված են մեր Սահամանադրությամբ: Դրանք մեր ժողովրդի և անկախ պետության լինելիության  գաղափարի շրջանակներում են տեղավորվում:

– Դիվանագիտության առումով: Հայ Հեղափոխական Դաշնակցության կառույցներն արտերկրում ինչպե՞ս կարող են նպաստել արտաքին քաղաքականության կառուցման հարցում:

-Մեր կուսակցական կառույցները և նաև ուղեկից միությունները, ինչպես նաև Հայ Դատի գրասենյակներն ու հանձնախմբերը բավականին աշխատանքներ են տարել անցած տասնամյակների ընթացքում: Դաշնակցության ցանցային կառույցը կարող է իր դերակատարությունն ունենալ, ինչպես անցած տասնամյակների ընթացքում: Ի վերջո, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը՝ որպես գերակա ուղղություն, նաև ամրագրված է մեր արտաքին քաղաքականության համապատասխան բնագավառում: Եվ այստեղ խնդիրը ոչ միայն միջազգային ճանաչման, այլ նաև տարածքային ամբողջականության վերականգնման և դրան ուղղված միտումներն են: Ի վերջո, մենք չպետք է մոռանանք, որ Ղարաբաղի հիմնահարցը հանգուցալուցված չէ, և այդ հանգուցալուծման մանդատը ամբողջապես տրված է Մինսկի խմբին: Վերջերս հնչեցված հայտարարությունը համանախագահների կողմից ևս մեկ անգամ փաստում է, որ մենք այդ ուղղությամբ ունենք դեռևս կատարվելիք աշխատանքներ:  

– Դուք ի՞նչ կարծիք ունեք քաղաքացիներին զինելու վերաբերյալ: 

-Հավանաբար, ես առաջիններից մեկն էի, որ բարձրաձայնեցի, որ եթե իրավիճակը այսպես շարունակվի, մենք պետք է որոշ միջոցներ ձեռնարկենք հասարակությանը ինքնապաշտպանության մղելու և հասարակության ինքնապաշտպանության միջոցները ավելի հզորացնելու: Գիտեք, հասարակությանը զինելու հասկացությունը մի քիչ այլ բնույթ ունի: Բնականաբար, պետք է հասարակությանը այդ հնարավորությունները տալ:

Ես կարծում եմ, որ մեր հասարակության ինքնագիտակցության մակարդակը այդ առումով բավարար է, որպեսզի օրենսդրական փոփոխությունների իրականացման միջոցով հնարավորություն ընձեռվի յուրաքանչյուրին զենքի միջոցներ ունենալ: Այդպիսի իրավիճակներ մենք ունեցել ենք 90-ական թվականներին և տեսել ենք, որ հասարակության մեջ հանցագործությունների թիվը չի ավելացել:   

– Դաշնակցությունը այն չորս խմբակցություններից մեկն է, որն անմիջապես պատերազմից հետո պահանջում էր Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Այս հարցը օրակարգի մե՞ջ է, թե՞ հանվել է: Կարծես թե, չի քննարկվում այն հիմա: 

– Մենք այդ մասին նաև դեկտեմբերի վերջերին տվեցինք հայտարարություն, երբ որ քննարկումների դաշտ բացվեց նոյեմբերի կեսերին: Այնուհետև, սկսվեցին որոշակի կոնսուլտացիաներ՝ կառավարման համակարգի, նաև ստեղծված իրավիճակից դուրս գալու համապատասխան քննարկումներով: Դեկտեմբերի վերջերին երկու կուսակցությունների՝ «Դաշնակցության» և «Արդարության» կողմից հնչեցվեց հայտարարություն, որ այդ խորհրդատվությունները արդյունք չեն տվել և մենք դադարեցնում ենք  քննարկումները, որը չի նշանակում հրաժարվել մեր տեսակետներից ու մեր պահանջներից: 

Այնուհանդերձ, կան մի շարք խնդիրներ, հատկապես ապագա ընտրությունների հետ  կապված, նաև կառավարման համակարգի հետ, որ որոշակիորեն մեզ զերծ են պահել այդ պահանջները հետևողականորեն իրականացնելուց: Սակայն նախագահի հրաժարականի և նոր ընտրությունների անցկացման հնարավորության պարագայում, բնականաբար, այդ պահանջը մեզ համար եղել և մնում է օրակարգի կարևոր հարցերից մեկը:  

Զրուցեց Հայկ Ղազարյանը