Ռուսաստանն ունի ամենաուժեղ բանակներից մեկը, հույս ունենք հզոր բանակ կառուցել նրա օգնությամբ․ Արմեն Գրիգորյան

Հայկական կողմը հույս ունի, որ Ռուսաստանի օգնությամբ կկարողանա հզոր բանակ կառուցել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Վերջին տասներկու տարիների ընթացքում Ռուսաստանի զինված ուժերի բարեփոխումներն ամենահաջողվածներից են։ Բանակի արդիականացումն ու օպտիմալացումը, արդյունավետության բարձրացումը, կառավարման ավտոմատացված համակարգի ներդրումը, ժամանակակից սպառազինությունները օգնել են Ռուսաստանին շարունակել ունենալ աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկը։ Մենք վստահ ենք, որ Ռուսաստանի օգնությամբ կանցնենք այդ ճանապարհը և կկառուցենք հզոր հայկական բանակ»,- ասել է Գրիգորյանը։

Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է նաև հարցին, թե արդյոք Հայաստանը ժամանակակից սպառազինություն կգնի և ումից․ «Սպառազինությունների հետ կապված նշեմ, որ մենք ավելի լավ զենք ենք գնելու, և ձեզ հայտնի է, թե որ երկիրն է առաջատարը այս ոլորտում։ Միևնույն ժամանակ, մենք նախատեսում ենք հետագայում ևս ակտիվորեն զարգացնել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը»,- նշել է նա։

Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը կանի ամեն ինչ, որպեսզի դիվանագիտական ճանապարհով վերադարձնի Արցախի տարածքները։

Ինչ վերաբերում է Հայաստանում ներքաղաքական իրավիճակին, անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ ամառը նախատեսված խորհրդարանական ընտրություններից հետո նոր հեղափոխության հնարավորությունը հավանական չի համարում։

Մեկնաբանել