Երեք տարի անց․ ի՞նչ դասեր ենք քաղել հեղափոխությունից

Բարի գալուստ։ Այսօր հետադարձ հայացք կնետենք անցած երեք տարվա վրա։ 2018-ի ապրիլի 23-ին այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, և դա դիտվեց որպես նոր դարաշրջանի, հետհեղափոխական ժամանակաշրջանի սկիզբ։ Վերջին երեք տարիները մեր ազգի պատմության ամենաբարդ, ողբերգական ու հերոսական տարիներից էին։ Երեք տարի առաջ Սերժ Սարգսյանը համաժողովրդական շարժման արդյունքում առանց արյունահեղության որոշում կայացրեց հեռանալ, և դա պետք է արժանվույն գնահատել։ 

Հետհեղափոխական շրջանի ձեռքբերումները

Վերջին տարիներին պետք է սառնասրտորեն և անաչառ նայել՝ տեսնելու դրականը, բացասականը ու աղետալին։ Ըստ իս՝ հեղափոխության ամենամեծ արդյունքը օլիգարխների գերակայության վերջն էր։ Թուլացել են մենաշնորհները, բիզնեսով զբաղվելու ավելի մեծ հնարավորություններ կան, գործարար միջավայրը շատ ավելի բաց է, և սա հատկապես ճիշտ է գյուղական շրջանների համար, որոնք նախկին վարչակարգի օրոք կարծես ֆեոդալական տիրապետության տակ էին։ Սա ևս մասնակիորեն բացատրում է վարչապետ Փաշինյանի՝ գյուղական շրջաններում ունեցած լայն աջակցությունը։ 

Երկրորդ, ըստ իս, դրական կողմը՝ ունենք գործընթաց, որտեղ սուբյեկտները իրենք իրենց դարձնում են քաղաքացիներ, որտեղ մարդիկ կառավարությունից շատ ավելի մեծ հաշվետվողականություն են պահանջում։ Նաև տեսել ենք զարգացումներ մեր ժողովրդավարական կառույցներում, որքան էլ որ բարդ էր, և որին ականատես եղանք հետպատերազմյան շրջանում, երբ չնայած երկրի՝ քաղաքական ճգնաժամային վիճակին, մենք ձև գտանք հունիսին ընտրություններ անցկացնելու միջոցով ստեղծված իրավիճակին հանգուցալուծում տալու և, հուսանք, ավելի լավ ուղղությամբ առաջ գնալու համար։ Եվ հեղափոխության վերջին դրական մեծ ազդեցությունը կոռուպցիայի դեմ պայքարն է, հատկապես հարկատուների ոլորտում, որովհետև  այժմ պետությունը հավաքում է կես միլիարդ դոլար ավելի շատ հարկեր, քան նախկինում, և հիմնականում մարդկանց մի ամբողջ դասակարգից, որոնք նախկինում խուսափում էին հարկեր վճարելուց և այդ գումարները գրպանում էին։ 

Սակայն այս ամենը ուղղորդվել է մեծ ապաշնորհությամբ, որովհետև մենք ունեինք համակարգեր, որոնք կոռումպացված էին, բայց աշխատում էին, իսկ այժմ որոշ առումով ունենք ոչ կոռումպացված համակարգեր, որոնք չեն աշխատում։ Բայց այդ մասին հաջորդ դասին։

Հետհեղափոխական շրջանի ձախողումները

Այժմ նայենք հետհեղափոխական շրջանի ձախողումներին՝ պետական կառույցների մակարդակով, ամենամեծ ձախողումը դատական համակարգի բարեփոխումների պակասն է, ինչը ամենահեշտ բանն էր, որ այս կառավարությունը կարող էր անել, քանի որ Հայաստանում դատական համակարգը բացարձակապես չի վայելում ժողովրդի վստահությունը։ Սակայն վերջին երեք տարում նրանք լիովին դա ձախողեցին։ Սա պետք է լիներ նրանց օրակարգի առաջին տեղում, քանի որ եթե ցանկանում ես ունենալ իրավունքի գերակայության երկիր, չես կարող դա ունենալ  չաշխատող դատական համակարգով։

Երկրորդը, և բազում առումներով շատ ավելի կարևորը, նրանց այն ըմբռնման պակասն էր, որ բանակը և դրա ղեկավարությունը փտած էին ու կոռումպացված, և ոչ կոմպետենտ բազում մակարդակներում։ Ակնհայտորեն, իշխանությունները, որոնք տեղյակ կլինեին իրենց բանակի վիճակին, այլ մոտեցում կցուցաբերեին արտաքին քաղաքականության ոլորտում, կամ անհապաղ բանակի բարեփոխման միջոցներ կձեռնարկեին շատ ավելի արագ, քան անում էին։ 

Ի վերջո, նվազագույն աճը մենք տեսել ենք պետության կոմպետենտության հարցում։ Այս բառը հաճախ ենք օգտագործում, մենք չունենք կոմպետենտ պետություն։ Իհարկե, կոմպետենտ պետություն կառուցելը երեք տարվա գործ չէ, դա շատ դանդաղ գործընթաց է, սակայն ճիշտ է ասել, որ այս կառավարությունը ձախողել է կոմպետենտ պետություն կառուցելը։

Վերջին երեք տարիներին հայացք նետելով՝ տեսնում ենք մի ընդհանրություն՝ այս նոր կառավարությունը հաջողությամբ է պայքարել նախկին վարչակարգից մնացած վատ երևույթների դեմ, սակայն ձախողել է ստեղծել գործընթացներ ու համակարգեր, որոնք պետք են առաջ գնալու համար։ Այսինքն, հաջողվել է վերացնել անցյալի բացասական կողմերը, սակայն առկա է կազմակերպվածության, առաջնորդության ու հմտության պակաս՝ բարեփոխելու պետությունը և կառուցելու կոմպետենտ պետություն, տնտեսություն, բանակ։ 

Վերջին երեք տարվա ամենաակնառու իրադարձությունը, բնականաբար, Արցախյան երկրորդ պատերազմն էր։ Ի՞նչ արեց այդ պատերազմը։ Ամերիկացի հայտնի գրող Ջեյմս Բոլդուինի խոսքով՝ այն մեզ «արթնացրեց խորը վատ երազից, որը մենք անվանում ենք անվտանգություն»։ Անվտանգությունը, որ մեզ թվում էր՝ նվաճել ենք կամ ձեռք բերել, գոյություն չուներ։ Պետք է շատ հստակ սա հասկանանք և շատ անկեղծ լինենք։ Այս պատերազմի արդյունքները աղետալի էին, և այս երկիրն ու Արցախյան հարցը հետ են շպրտվել առնվազն քսանհինգ տարով։ 

Մեր հավատը և, մասնավորապես, Արցախի ժողովրդի հավատը, այլևս մեր ձեռքերում չեն, այնպես, ինչպես քսանհինգ տարի առաջ էր։ Այժմ Ադրբեջանի բռնատիրական վարչակարգը և Ռուսաստանը նույնքան ասելիք ունեն Արցախի ժողովրդի ապագայի հարցում, որքան մենք։ 

Ո՞րը պետք է լինի մեր պատասխանը 

Այս իրադարձություններից և ոչ մեկը վակումում չի եղել, և վերջին տարվա իրադարձությունները նախերգանքն են, թե ինչ է կատարվելու աշխարհում հաջորդ քսան տարվա ընթացքում։ Սակայն ինչպես պատմականորեն եղել է, մենք կրկին հայտնվել ենք տեգի ծայրին և դարձել ապագայի աշխարհի առաջին զոհերը, որտեղ անօրինությունը նոր կարգն է, որտեղ պետության փլուզումն ու այլ տեսակի աղետները ավելի հաճախակի են լինելու։ Կարծում եմ՝ մենք մի քայլ առաջ ենք՝ պատրաստվելու առաջիկա քսան տարվան ու այն իրադարձություններին, որ կարող են մեզ հետ տեղի ունենալ։

Ո՞րը պետք է լինի մեր պատասխանը։ Բացի կոմպետենտ պետություն ստեղծելուց, մենք պետք է կառուցենք կայազորային պետություն՝ ռազմաարդյունաբերական համալիր և մի բանակ, որը ևս մեկ անգամ ունակ է լիովին պաշտպանելու Հայաստանն ու Արցախի ժողովրդին։ Քսանհինգ տարի մենք սովորություն ենք ունեցել բանակի կենացը խմել, բայց կենացներով բանակ չես կառուցի։ Բանակ կառուցում ես՝ ունենալով շնորհաշատ մարդիկ, լավ ֆինանսավորում և վստահ լինելով, որ վաղվա պատերազմներում հաղթելու լավագույն պատրաստվածությունն ունես։ 

Սփյուռքի և սփյուռքյան կառույցների ձախողումը 

Անցած երեք տարիներին նայելով, և սա ասում եմ որպես սփյուռքահայ, ինձ համար ակնառու է մեր սփյուռքի և սփյուռքյան կառույցների ձախողումը ընդհանուր առմամբ։ Եվ շատ զգույշ կցանկանայի լինել այն հարցում, թե ինչ նկատի ունեմ։ Նկատի չունեմ անհատները կամ անհատական նախաձեռնությունները՝ հազարավոր ու տասնյակ հազարավոր անհատներ, որոնք շատ նվիրված են և հսկայական աշխատանք են անում հանուն Հայաստանի ու Հայաստանում։ Ես խոսում եմ կոլեկտիվ առմամբ՝ ինչպես են մեր սփյուռքյան կառույցները մոտենում պետականաշինության կամ տնտեսության կառուցման ջանքերին։ Պետություն չես կառուցում միլիոնավոր դոլարներով, կառուցում ես միլիարդավոր դոլարներով։ 

Կարող եմ պատերազմից օրինակ բերել, որի ժամանակ Հայաստանը 170 միլիոն դոլարի նվիրատվություն ստացավ տասնյակ հազարավոր հայերից, որոնք անհատապես նվիրաբերեցին իրենց կարողացածից ավելին՝ իրենց արձակուրդների համար մի կողմ դրած գումարներից կամ իրենց չունեցած գումարներից։ Բայց պետք է իրատեսորեն նայենք սրան։ Այդ 170 միլիոն դոլարը կարող էր մեկ մարդու կողմից նվիրաբերվել։ Եթե նայում ենք աշխարհի ամենահարուստ հայերի հավաքական հարստությանը, ապա ամենահարուստ քսան հայերը, ամենահամեստ հաշվարկներով, ունեն 50 միլիարդ դոլարի հարստություն, նրանց թվում՝ Ավրորա հիմնադրամի համահիմնադիրներից Ռուբեն Վարդանյանը, ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սեմ Սիմոնյանը կամ Սամվել Կարապետյանը, որը զգալի ներդրումներ ունի Հայաստանի անշարժ գույքի շուկայում։ Մարդիկ, որոնք կարող էին մեր երկրի համար անել առավելագույնը, արել են նվազագույնը։ 

Հետպատերազմյան շրջանում մեզ պետք էր մի քանի շատ հիմնական բան, և կրկնեմ, պետականաշինությունը թանկ արժե։ Մենք տեսել ենք, թե էժան պետականաշինությունը ինչի է մեզ բերել վերջին երեսուն տարում։ Մեզ պետք են միլիարդավոր դոլարներ՝ ապահովելու սահմանների անվտանգությունը, վերակառուցելու բանակը, և մի քանի հարյուր հազար դոլարի նվիրաբերություն՝ կորոնավիրուսի պատվաստանյութերի համար, ինչը մեծապես կօգնի կրճատել մահերի թիվը երկրում և կօգնի երկրի տնտեսության, հատկապես՝ զբոսաշրջության ոլորտի արագ վերականգնմանը։ Մեր ունեցած մեծահարուստների թվից ելնելով չկա որևէ պատճառ, որ չկարողանանք դա անել։

Եվ վերջինը՝ ներդրումներ այս երկրի տնտեսության մեջ։ Այս երկիրը ունի շատ փոքրիկ ու սահմանափակ տնտեսություն, ուստի այստեղ կատարվելիք ներդրումները և նոր աշխատատեղերի բացումը հսկայական դրական ազդեցություն կարող են ունենալ։

Այս բոլոր խնդիրներով հանդերձ, սրանցից ոչ մեկը անհնար չէ հետ դարձնել։ Ասել եմ միշտ ու կասեմ՝ մենք ազատ մարդիկ ենք, որոնք ուժ ունեն, և պատմականորեն ազատ ժողովուրդները միշտ կարողացել են հաղթահարել իրենց խնդիրները։ Նույնիսկ եթե այժմ կարծում ենք, որ դժոխքում ենք, այդ դժոխքից դուրս տանող ճանապարհ կա, և այդ ճանապարհն է սառնասիրտ պրագմատիզմը, ջանասեր աշխատանքը և անհանդուրժողությունը միջակության հանդեպ։ Դա հիմնահատակ կշրջի այս երկիրը։ Անցնենք գործի։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի