Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Մեղրիի համայնքապետի ձերբակալությունը

Երեկ ուշ երեկոյան դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալությունը, նա ազատ է արձակվել: Փաստաբան Գոհար Պապոյանն ասել է, որ իրենց տեղեկությամբ՝ ներկայացվել է միջնորդություն կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Այն մակագրվել է դատավոր պարոն Միսակյանին, և այդ հարցով դատական նիստը տեղի է ունենալու ապրիլի 24-ին։

Զաքարյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Մխիթար Զաքարյանն անօրինական է ձերբակալվել՝ օրենքով սահմանված բոլոր կարգերի կոպիտ խախտմամբ և անօրինական կարգով է պահվել անազատության մեջ։

https://www.facebook.com/yerem.sargsyan/posts/3887016278086342

Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, արձանագրեց, որ Մխիթար Զաքարյանին ձերբակալելիս բացակայել են հանցանք կատարելու հիմնավոր կասկածը, չի եղել ձերբակալման իրավաչափ նպատակ և որևէ հիմք։

Այսինքն՝ Մխիթար Զաքարյանն անօրինական է ձերբակալվել՝ օրենքով սահմանված բոլոր կարգերի կոպիտ խախտմամբ և անօրինական կարգով է պահվել անազատության մեջ։

Ընդ որում, դատավորի պարզաբանումները շատ պարզ են և մատչելի։ Կարծում եմ, որ քննիչներն ու դատախազները լավ կանեն խորությամբ ծանոթանան այդ որոշմանը և սովորեն, որ նորից ապօրինի կերպով ձերբակալություններ չանեն։

Չնեղանաք դատախազության և քննչականի գործընկերներ, քանի որ եթե գիտեք այդ ամենը և սովորելու կարիք չունեք, սակայն ապօրինի եք ձերբակալում, դա ավելի վատ է։

Ավելի լավ է՝ ընդունեք, որ չգիտեք (չնայած գիտեք)։

Եվ իհարկե, լիովին համոզված եմ, որ քննչականը, դատախազությունը և ոստիկանությունը գործել և գործում են բացառապես «օրենքի» հիման վրա և բացարձակապես «ապաքաղաքական» են։

Շնորհակալություն դատավոր Մանվել Շահվերդյանին, ում բաժին էր հասել այս «խուլիգանության պարագլխի, կազմակերպչի» ձերբակալման բողոքի քննությունը, ում հատկապես ցանկանում էին անազատության մեջ պահել բոլորին հայտնի պատճառներով։