Պատրաստ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների երկխոսել․ ԱԳ փոխնախարար

«Թուրքիայի հանդեպ պաշտոնական Երևանի դիրքորոշումը չի փոխվել։ Թուրքիայի հետ հարաբերությունները պատրաստ ենք սկսել կարգավորել առանց որևէ նախապայմանների։ Որևէ նախապայման ընդունելի չէ մեզ համար»․ այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը։

Նրա խոսքով՝ այսօր նախապայմաններ ներկայացվում են միայն թուրքական կողմից։ Դրանք վերաբերում են Ցեղասպանության ճանաչմանը և ԼՂ հակամարտությանը։

«Այսօրվա դրությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ երկխոսություն չկա, զրո մակարդակի և որակի հարաբերություններ են։ Անկարան մեր՝ առանց նախապայմանների երկխոսելու առաջարկին արձագանքել է նախապայմաններով։ Թուրքիան երկու նախապայման է առաջ քաշում, որոնք վերաբերում են ԼՂ հակամարտությանն ու Ցեղասպանությանը»,- ասաց Ավետ Ադոնցը։

Փոխարտգործնախարարը նշեց, որ 44–օրյա պատերազմին առնչվող որևէ նախապայման Թուրքիան չի դրել, սակայն ԼՂ հարցի կարգավորումը մնում է թուրքական կողմի համար որպես նախապայման։

Հարցին, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Ցեղասպանություն բառի հնարավոր օգտագործումը ինչ կարող է տալ Հայաստանին, Ադոնցը պատասխանեց․ «Այնուամենայնիվ, շատ կարևոր քայլ կլինի, եթե նշվի։ Եվս մեկ անգամ ԱՄՆ-ն կհաստատի իր մոտեցումները ոչ թե մեր տարածաշրջանային հարցերի կարգավորման վերաբերյալ, այլ ընդհանրապես, թե ինչպես են ֆունդամենտալ արժեքները՝ մարդու ազատությունները, արժևորվում Միացյալ Նահանգների կողմից, ինչպես նաև օրինակ կծառայի քաղաքակիրթ աշխարհի մնացած երկրների համար, որոնք առ այսօր դեռ իրենց դիրքորոշումը չեն հայտնել Ցեղասպանության ճանաչման հետ կապված»։

Մեկնաբանել