Իսպանիայի հավաքականը՝ Եվրոպայի առաջնությունների 1/2 եզրափակիչներում

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիան կարող է դառնալ առաջին հավաքականը, որին հաջողվել է երկու անգամ անընդմեջ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Այդ նպատակին հասնելու համար Վիսենտե դել Բոսկեյի սաները նախ պետք է հաղթահարեն պորտուգալացիների արգելքը։ Դոնեցկում կայանալիք խաղի նախաշեմին UEFA.com կայքը խնդրել է Իսպանիայի հավաքականի մասնակցությամբ նախորդ կիսաեզրափակիչների հերոսներին կիսվել տպավորություններով։

17.06.1964 Իսպանիա-Հունգարիա 2։1 (լրացուցիչ ժամանակ) (Մադրիդ)

Լուիս Սուարես․ «Մենք շատ լավ թիմ ունեինք, սակայն կարծում եմ, որ իսպանական պատմության ընթացքում ամենալավ թիմը չէր։ Այնուամենայնիվ, միասին լավ էինք համագործակցում, թիմն էլ պայքարում էր միահամուռ ուժերով։ Ֆուտբոլիստները գերազանց հասկանում էին միմյանց, քանի որ մեծ մասը խաղում էր նույն ակումբում։ Բացի այդ, թիմում ինձ նման միայն մեկ փորձառու ֆուտբոլիստ կար՝ ԵՍ էի։ Ես թիմի ամենափորձառու ֆուտբոլիստն էի, քանի որ մասնակցել էի միջազգային շատ խաղերի։ Երկրպագուները շատ էին աջակցում մեզ։ Նրանք թիմի անբաժան մասնիկն էին։ Գուցե դրա պատճառն այն էր, որ մեր թիմը երիտասարդ էր և ձգտում էր հասնել մեծ հաջողությունների։ Նրանց աջակցությունը մեզ շատ է օգնել։ Նրանք օգնեցին մեզ ձերբազատվել լարվածությունից և հանգստություն ձեռք բերել»։

24.06.1984 Դանիա-Իսպանիա 1։1 (11-մետրանոց 4։5) (Լիոն)

Էմիլիո Բուրտագենյո․ «Այն ժամանակ ինձ համար ամեն ինչ նոր էր, այդ պատճառով ես մեծ նշանակություն չէի տալիս այդ խաղին։ Իսկ արդեն մի քանի տարի անց դու սկսում ես գնահատել այդ դրվագները, քանի որ հասկանում ես, թե ինչ դժվար է եղել հասնել եզրափակիչ։ Հիշում եմ, թե ինչպես էի ուրախացել իմ թիմակիցների համար։ Ես այդ ժամանակ թիմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստն էի և չէի էլ զգում ֆուտբոլային բարձրակարգ պրոֆեսիոնալ մթնոլորտը»։

26.06.2008 Ռուսաստան-Իսպանիա 0։3 (Վիեննա)
Իկեր Կասիլյաս․ «Խմբային փուլում արդյունքն ամենևին չէր արտացոլում խաղադաշտում տեղի ունեցածը։ Առաջին խաղում ռուսները վտանգավոր պահեր էին ստեղծում մեր դարպասի մոտ։ 1։0 հաշվի ժամանակ ինչ-որ մեկը վտանգավոր հարված կատարեց աջ կողմից, որից հետո գնդակը դիպավ երկու դարպասաձողերին։ Դրանից անմիջապես հետո մենք խփեցինք մեր երկրորդ գնդակը։ Իսկ 4։1-ն արդեն չափից դուրս էր։ Չեմ կարծում, որ դա արդարացի արդյունք էր։ Ռուսաստանի հավաքականն արժանի էր ավելիին։ Այդ խաղը օգտակար էր մեզ համար։ Մենք կրկին հանդիպեցինք 1/2 եզրափակիչում։ Ռուսները գտնվում էին լավ մարզավիճակում, մենք կարողացանք նորմալ տրամադրվել խաղին։ Նրանք 1/4 եզրափակիչում գերազանց խաղ ցույցադրեցին հոլանդացիների հետ, սակայն 1/2 եզրափակիչում մենք լավ խաղացինք և հասանք հաջողության»։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել