Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից

Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար այսօր ես հրաժարական եմ տալիս Հայաստանի վարչապետի պաշտոնից։ Այս մասին այսօրվա՝ ապրիլի 25-ի իր ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գործող Սահմանադրությամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն այն պարագայում, երբ վարչապետը հրաժարական է տալիս և խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում։

«Ընթակարգերը պահպանելու համար ես երկու անգամ կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, ԱԺ մյուս խմբակցությունները վարչապետի այլ թեկնածու չեն առաջադրի։ Խորհրդարանական մեծամասնությունը վարչապետ չի ընտրի և Ազգային ժողովը կհամարվի արձակված և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաև, որ հրաժարականից հետո մինչև ընտրություններ շարունակելու է կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ես հանդես եմ գալու որպես վարչապետի թեկնածու»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանել