Արարատ Միրզոյանը ստորագրել է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրենքը

Ապրիլի 26-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ապրիլի 1-ին ԱԺ արտահերթ նիստում ընդունված ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը: Այս մասին տեղեկացնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում չէր ստորագրել օրենքը և չէր վիճարկել դրա սահմանադրականությունը․ «Իսկ այդ ժամկետի լրանալուց հետո օրենքի ստորագրման լիազորությունը ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փոխանցվել էր ԱԺ նախագահին»,- ասվում է հաղորդագրությունում։

Ազգային ժողովն ապրիլի 1-ին ընդունել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը՝ «ռեյտինգային» ընտրական համակարգը փոխարինելով պարզ համամասնականով։ Նախագծով ամբողջությամբ փոխվում է նաև պատգամավորներին մանդատների տրամադրման հոդվածը։

Մեկնաբանել