«Ժամանակն է, որ Իսրայելը մաքրվի քաղաքական շահերից և ճանաչի Հայոց ցեղասպանությունը»․ Քնեսեթի անդամ

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ այն անվանելով «հայ ժողովրդի սարսափելի տառապանք և ողբերգություն»։ Ինչպես նկատում է իսրայելական Times of Israel պարբերականը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո էլ Իսրայելի արտաքին գերատեսչությունը հայերի կոտորածները որպես ցեղասպանություն չի ճանաչում։

«Այս օրերին հատկապես մենք և աշխարհի պետությունները պարտավոր ենք այնպես անել, որ նման իրադարձություններն այլևս չկրկնվեն»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում։

Իսրայելի «Եշ Աթիդ» (Yesh Atid) կուսակցության ղեկավար, ընդդիմադիր առաջնորդ Յաիր Լապիդը ողջունել է Բայդենի հայտարարությունը՝ այն անվանելով «բարոյական կարևոր հայտարարություն»։

«Շարունակելու եմ պայքարը Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, դա մեր՝ որպես Իսրայել պետության բարոյական պատասխանատվությունն է»,- գրել է Լապիդը։

«Մերեց» խմբակցության անդամ Թամար Զանդբերգը Բայդենի ճանաչումը «պատմական» է անվանել։

«Ժամանակն է, որ Իսրայելը մաքրվի քաղաքական շահերից ու գործի հանուն հիմնարար արդարության՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Իսրայել պետությունը չի կարող օժանդակել պատմությունը ջնջելու փորձերին»,- հայտարարել է Զանդբերգը։

Լապիդն ու Զանդբերգը տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործունեություն են ծավալում Իսրայելում։