«Լազարյան ակումբը» 7500 «Սպուտնիկ V» պատվաստանյութ է ուղարկել Արցախ

«Լազարյան ակումբը» Լեռնային Ղարաբաղի բնակչության պատվաստման համար «Սպուտնիկ V»-ի առաջին խմբաքանակն է ուղարկել  Ստեփանակերտ՝ 7500 կրկնակի չափաբաժին: Այս մասին տեղեկացնում է ռուս-հայկական «Լազարյան» միջազգային ակումբի մամուլի ծառայությունը։

«Ապրիլի 26-ին Մոսկվայից Երևան է ուղարկվել ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակչության համար «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի 7500 կրկնակի չափաբաժին: Այս մարդասիրական ակցիան նախաձեռնել է Ռուսաստանի կառավարությունը՝ ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբի» նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Պատվաստանյութի խմբաքանակը Երևանից կուղարկվի Ստեփանակերտ՝ ռուս բժիշկներին, որոնք արդեն խաղաղապահ զորակազմի զինծառայողների պատվաստման փորձ ունեն:

«Այս տարվա հունվարին Պետական Դուման իմ առաջարկությամբ կողմ քվեարկեց «թեժ կետերում» քաղաքացիական բնակչության պատվաստման հարցում օգնության մասին դիմումին, այսպես կոչված, «չճանաչված պետություններում»՝ Մերձդնեստրում, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում և Լեռնային Ղարաբաղում: Ինչպես այն ժամանակ ընդգծել էր Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, խոսքը “նրանց մասին է, ում Բացի Ռուսաստանից, ոչ ոք չի օգնում»,- ասել է «Լազարյան ակումբի» խորհրդի համակարգող, Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

Մեկնաբանել