Հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվությունը նվազել է 2 տոկոսով

People wearing masks as the cases of Covid 19 increase in Yerevan, Armenia

Հայաստանում տնտեսական ակտիվության անկումն այս տարվա հունվար-մարտին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 2 տոկոս: Այս մասին հայտնում է Վիճակագրական կոմիտեն, որն այսօր հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

Համաձայն հրապարակված ցուցանիշների՝ տնտեսական ակտիվությունը մարտին փետրվարի համեմատ աճել է 9,6 տոկոսով, իսկ 2020-ի մարտի համեմատ՝ 3,8 տոկոսով:

Առաջին եռամսյակում կտրուկ աճել է արդյունաբերական արտադրանքի ինդեքսը՝ 7,1 տոկոս, ընդ որում այդ ցուցանիշն այս տարվա մարտին 2020-ի նույն ամսի հետ համեմատ աճել է 9,3 տոկոսով: (Սա կարող է պայմանավորված լինել պղնձի համաշխարհային գների շարունակական ու զգալի աճով, որը Հայաստանի արտահանման նշանակության հիմնական ապրանքներից է):

Ընդ որում առաջին եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալի անկումը կազմել է 3,9 տոկոս, իսկ մարտին անցած տարվա մարտի համեմատ այն աճել 3,8 տոկոսով:

Գնաճի ցուցանիշն առաջին եռամսյակում կազմել է 5,2 տոկոս, իսկ մարտին անցած տարվա մարտի համեմատ՝ 5,8 տոկոս: 4,7 տոկոսով աճել է շինարարության ծավալը:

Արտաքին առևտրաշրջանառությունն առաջին եռամսյակում նվազել է 4,4 տոկսով: Ընդ որում, արտահանումը հունվար-մարտին աճել է 3,4 տոկոսով, ներմուծման ծավալները նվազել են 8,7 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են 1,4 տոկոսով:

Շարունակում է նվազման միտում ցուցաբերել ծառայությունների ոլորտը, որի ծավալների անկումն առաջին եռամսյակում կազմել է 8,1 տոկոս: Նույն ժամանակահատվածում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 1 տոկոսով:

Մեկնաբանել