Ի՞նչ է անելու Ամերիկան Բայդենի ճանաչումից հետո․ զրույց Էրիկ Հակոբյանի հետ

Սիվիլնեթի քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանը Էմիլիո Կրիկիոյի հետ զրույցում վերլուծում է, թե ինչ է նշանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը Հայաստանի համար: Էրիկ Հակոբյանը խոսում է նաև ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների հնարավոր վատթարացման, Թուրքիայի քաղաքական ուժերի արձագանքի և ԱՄՆ-ի՝ տարածաշրջանում ակնկալվող ներգրավվածության աճի մասին։

– Մենք լսել ենք այս խոստումը նախկինում, հատկապես Դեմոկրատական կուսակցության կողմից։ Շատերը թերահավատորեն էին մոտենում, որ Բայդենը կանի այդ քայլը։

– Ես ևս սկզբում թերահավատորեն էի վերաբերվում, որ Բայդենը կպահի խոստումը, որովհետև վերջին երեսուն տարում այս հարցը շահարկվել ու օգտագործվել էր ԱՄՆ տարբեր նախագահների կողմից նրանց քարոզարշավների ժամանակ։ Սակայն ետ կանգնենք և նայենք՝ ինչպես սա տեղի ունեցավ։ Ըստ իս՝ կա երկու հստակ առանձնահատկություն՝ մեկը ԱՄՆ-ում և Թուրքիայում քաղաքականության անձնավորումն է, մյուսը՝ ամերիկահայ համայնքի դերը։

Պատմականորեն, ամերիկյան իսթեբլիշմենթը կամ ռազմաարդյունաբերական համակարգը անվտանգության առումով Սառը պատերազմից ի վեր խորքային պետությունների մակարդակով հարաբերություններ են ունեցել Թուրքիայի հետ, ինչը վերջին տասը-տասնհինգ տարում փաստացիորեն անհետացել էր։ Թուրքական պետությունն ըստ էության դարձել է Էրդողան, և Էրդողանը դարձել է թուրքական պետություն։ Թուրքիան Վաշինգտոնում այլևս ընկերներ չունի, և Վաշիգնտոնի իսթեբլիշմենթի երկու կուսակցությունների մասով էլ սխալ չի լինի, եթե ասեմ, որ Էրդողանը Պուտինից ու Սի Ձինպինից հետո երրորդ ամենաչսիրված ղեկավարն է։ Այսինքն, այն մարդիկ, որոնք նախկինում պատրաստ էին Թուրքիային աջակցել, այժմ չկան։

Միաժամանակ, ամերիկահայ համայնքը դարձել է շատ ավելի մեյնսթրիմ։ Դժվար կլինի գտնել մեկին վերնախավում, լինի ֆինանսական ոլորտում, առողջապահության կամ քաղաքականության ասպարեզում, որը չգիտի հայերին կամ ծանոթ չէ հայկական հարցին։ Համայնքը նաև ավելի է հարստացել վերջին քսան տարիներին և դարձել ազդեցիկ, ոչ առանձնապես գործնական առումով, քանի որ ինչպես տեսանք, պատերազմի ժամանակ նրանք ի վիճակի չեղան քաղաքականություն ձևավորել, սակայն ԱՄՆ-ում հայ լինելը շատ ավելի մեյնսթրիմ է, և խնդիրներին շատ ավելի լավատեղյակ են։

Ուստի, այս երկու գործոնները միավորելով՝ գրեթե անհնար էր խոչընդոտել այս գործընթացը։ Բայց այն ավելի էական կապ ունի Արևմուտքում Թուրքիայի արտաքին քաղաքականության պարբերական ձախողումների ու դիրքերի թուլացման հետ։

Ինչպե՞ս մոտենալ այս հարցին։ Մեկը՝ բարոյական տարրն է, որը շատ գոհացուցիչ է, որովհետև բոլորը ցանկանում են պատմական արդարություն, և չի կարելի քաղաքականությունը իջեցնել ցինիզմի աստիճանի։ Սակայն, որպես գործնական բան, մենք չպետք է գերագնահատենք սա։ Սրա գործնական ազդեցությունը աշխարհասփյուռ հայության կամ Հայաստանի հայության վրա չնչին է, որովհետև վերջիվերջո էականը ոչ թե այլ պետությունների, այլ հենց Թուրքիայի կողմից ճանաչումն է, ինչը մոտ ապագայում տեսանելի չէ։

– Ի՞նչ է սա ասում ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների մասին։ Գիտենք, որ ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը Թուրքիային անվանել է «այսպես կոչված» դաշնակից, իսկ ամերիկացի քաղաքագետ Իեն Բրեմերը ասում էր, որ ըստ իր աղբյուրների՝ Էրդողանը Բայդենի հետ չի կարողացել հեռախոսազրույց ունենալ վերջինիս երդմնակալության արարողությունից հետո, և դժգոհ էր այդ առթիվ։ Արդյոք սա հարաբերությունների վատթարացման նշա՞ն է, և ի՞նչ է դա նշանակում Հայաստանի համար։

– Իրականում, վաշինգտոնյան քաղաքական էլիտայի շրջանակներում ոչ ոք Թուրքիային դաշնակից չի համարում, երբ խոսքը ամերիկակենտրոն օրակարգ առաջ տանելու մասին է։ Ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի հետ կապված խնդրի, Իրանի հետ փողերի լվացման ընթացիկ դատական գործի, Սիրիայում Թուրքիայի գործողությունների և նմանատիպ այլ քայլերի հետևանքով, որոնք հակասում են ԱՄՆ շահերին կամ ամերիկյան քաղաքականությանը, «ՆԱՏՕ-ի մեր գործընկեր» գեղեցիկ բառերից Թուրքան դանդաղ շարժվում է դեպի «սուննի Իրան» ընկալվելու կարգավիճակի։ Չեմ կարծում, որ այս հարաբերությունները կկարգավորվեն։ Կարգավորման միակ միջոցն այն է, որ Էրդողանը պատրաստ լինի գին վճարել՝ հրաժարվել անկախ արտաքին քաղաքականությունից ու Ս-400-ների նման հարցերի շուրջ խուսանավելու հնարավորությունից և փաստացի դառնալ ԱՄՆ կրտսեր գործընկեր՝ ի տարբերություն ներկայի վտարյալ վարչակարգի։ Դա մի գին է, որն Էրդողանը պատրաստ չի լինի վճարել։ Սակայն եթե նա կարծում է, որ կարող է խաղալ Թրամփի հետ խաղացած խաղերը, ապա Վաշինգտոնի այս իսթեբլիշմենթի հետ դա չի աշխատի։

– Որոշ վերլուծաբաններ ասում են, որ ժամանակի առումով սա կարող է խնդրահարույց լինել, քանի որ այժմ վճռորոշ պահ է Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։ Սա կարող է ավելի խորացնել Անկարայի թշնամությունը և խեղդել հայկական շահերը։

– Սա թերևս անլուրջ փաստարկ է։ Եթե ինչ-որ իրադարձությունից 106 տարի անց չես կարող խոսել դրա մասին, էլ ե՞րբ կարող ես խոսել դրա մասին։ Երկրորդ, էլ որքա՞ն կարող են վատթարանալ հայ-թուրքական հարաբերությունները։ Եթե անկեղծ լինենք, հայ-թուրքական հարաբերություններ գոյություն էլ չունեն։ Վեց ամիս առաջ թուրքական հատուկ ուժերի առաջնորդությամբ բանակը Արցախում մասնակցեց էթնիկական զտումներին և հայերի սպանություններին՝ բառացիորեն 20-րդ դարի սկզբին իրենց կատարած եղերագործությունից հարյուր տարի անց։ Ուստի, ի՞նչ հարաբերությունների մասին ենք խոսում։ Չես կարող ազդել հարաբերությունների վրա, որոնք գոյություն չունեն։

Եվ հաշվի առնելով փաստը, որ Թուրքայում խորացող տնտեսական ճգնաժամը կվերածվի նաև քաղաքական ճգնաժամի, չեմ կարծում, որ Հայաստանի հանդեպ որևէ քաղաքականություն կփոխվի, մասնավորապես՝ սահմանների բացման առումով, որովհետև տնտեսական նման ճգնաժամում գտնվող ու խնդիրների մեջ խեղդվող երկրները հանկարծ նման համարձակ քայլ իրենց քաղաքականության մեջ չեն անում։

– 2020-ին Բայդենի քարոզարշավի ժամանակ այլ խոստումներ ևս տրվել են, օրինակ՝ վերանայել Ադրբեջանին ցուցաբերվող անվտանգության աջակցությունը, ավելացնել Հայաստանին ցուցաբերվող օգնությունը, վերահաստատել Արցախում ականազերծում իրականացնող Halo Trust կազմակերպությանը ցուցաբերվող ֆինանսավորումը։ Կարո՞ղ ենք ավելին ակնկալել։ Ինչպիսի՞ հայ-ամերիկյան հարաբերություններ են սպասվում։

– Կարծում եմ՝ դա լիովին կախված է ամերիկահայ համայնքից։ Ակնհայտ է, որ այս վարչակազմը ավելի բարեհաճ է հայկական հարցերի հանդեպ, քան նախորդը։ Այստեղ պետք է օգտվել դրանից։

Այստեղ կա նաև ետնաբեմ՝ այս քաղաքականության փոփոխություններից որոշները ես անվանում եմ ամերիկյան քաղաքականության «կալիֆոռնիզացիա»։ Եթե նայում ենք՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակը Կալիֆոռնիայից է, Հանրապետականների առաջնորդները Կալիֆոռնիայից են, ԱՄՆ փոխնախագահը ևս Կալիֆոռնայից է։ Երկու կուսակցությունների դեպքում էլ գրեթե անհնար է Կալիֆոռնիայից ընտրված ներկայացուցիչ լինել՝ առանց հայ համայնքի հետ խորը կապեր ունենալու կամ հայկական հարցը լավ ըմբռնելու։

Ինչ վերաբերում է խոստումների կատարմանը, ապա դա կախված է նրանից, թե որքան ճնշում կգործադրենք։ Գիտենք, որ այդ վարչակազմը շատ ավելի դրական է տրամադրված, ուստի հարցը ինքնակազմակերպվելու ու նրանց նկատմամբ ճնշում գործադրելու մեջ է մասնավորապես այն հարցերի շուրջ, որոնք, անկեղծորեն, առօրեական մակարդակում ավելի կարևոր են Հայաստանում հայերի համար, քան ցեղասպանության հարցն էր։

– Ոմանք ասում են, որ ԱՄՆ «թրամփական» մեկուսացումն ավարտվել է, և Ամերիկան այժմ վերահաստատում է իր դիրքերը գրեթե ամենուրեք։ Սա խորհրդանշական արտահայտություն է, բայց արդյոք սա նաև նշա՞ն է ԱՄՆ-ի՝ Հարավային Կովկասում ավելի շատ ներգրավվելու մտադրության։ Եվ արդյոք դա լա՞վ է Հայաստանի համար։

– Չեմ կարծում, որ դա դրա նշանն է, վստահ չենք կարող լինել։ Սա առանձին հարց է, տարիներ շարունակ ձգվող պատմական հարց։ Սակայն հաշվի առնելով ներկա ուժային հարաբերությունները՝ Ադրբեջանից, Թուրքիայից ու Ռուսաստանից բացի այլ երկրների կողմից ցանկացած ներգրավվածություն ամենայն հավանականությամբ Հայաստանի շահերից կբխի, որովհետև դա դաշտ է բացում քաղաքական մանևրների և մեր ուզած ուղղությամբ երկխոսություն վարելու համար, մասնավորապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի ճանաչման։

– Այսպիսով, Թուրքիայի ամբողջ քաղաքական ասպարեզը, բացի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից, միասնական գնահատական է տվել Բայդենի քայլին։ Ի՞նչ է դա մեզ ասում Թուրքիայի, թուրքական հասարակության և քաղաքական համակարգի մասին։

– Այն ողորմելի է, այլ կերպ չեմ կարող մեկնաբանել։ Ամենահետամնաց հայացքների տեր ռուսը չի ժխտի ցարական Ռուսաստանում հրեաների ջարդերը կամ Ստալինի հանցանքները։ Ամենահետամնաց ամերիկացին չի ժխտի ստրկության չարիքը, ամենահետամնաց իսպանացին չի ժխտի Իսպանիայի՝ Հարավային Ամերիկայում կատարած հանցանքները։ Իսկ այս խղճուկ կիսամարդուկների ողջ քաղաքական դասակարգը չի կարողանում առերեսվել իրենց իսկ պատմության ամենահիմնական բաներին։ Նրանք արժանի են ոչ թե մեր ատելությանը, այլ խղճահարությանը։

– Եվ վերջին հարցը՝ Թրամփը խրախուսում էր հանրապետական սենատորներին խոչընդոտելու Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը, որովհետև Էրդողանը Վաշինգտոնում էր։ Իսկ այժմ դեմոկրատ նախագահ Բայդենը հանդես է եկել պաշտոնական այս հայտարարությամբ։ Արդյոք դեմոկրատներն իսկապե՞ս կարողացել են ձեռք բերել հայկական ընտրազանգվածի ձայները, և արդյոք հանրապետականները կորցրե՞լ են դրանք։

– Բոլորովին՝ ոչ։ Կարծում եմ՝ այն աշխարհագրական բնույթ է կրում։ Հանրապետականները ևս գալիս են այն վայրերից, որտեղ մեծաթիվ հայեր կան։ Բացի այդ, ԱՄՆ-ում հայերը, ինչպես և աշխարհի այլ վայրերում, ունեն բազմաթիվ ու տարատեսակ շահեր, որ միայն այս հարցը չէ։ Բազմաթիվ հանրապետական հայեր կան, որոնք շատ շնորհակալ են Բայդենին, սակայն երեք ու կես տարի անց կգնան ու իրենց ձայնը կտան հանրապետականներին։ Ուստի չենք կարող կուսակցական անկյունից եզրահանգումներ անել։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի