Արցախի ապագան տեսնում եմ Ռուսաստանի հետ ավելի խորը ռազմաքաղաքական համագործակցությամբ․ Հարությունյան

Արցախի Հանրապետությունն ավելի սերտ գործակցություն է նախատեսում Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ապրիլի 27-ին Արցախի քաղաքաշինության նախարարության աշխատակիցների և շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը, փոխանցում է Արցախի Հանրային հեռուստաընկերությունը։

«Հայաստան աշխարհի ապագան, այսինքն, այդ թվում՝ Հայաստանի և Արցախի, տեսնում եմ նոր՝ ավելի խորը ռազմաքաղաքական համագործակցության շրջանակներում ձևավորված հարաբերություններում։ Ռուսաստանի հետ միասին պետք է կարողանալ դիմակայել ստեղծված իրավիճակին, քանի որ Թուրքիան չի պատրաստվում լքել տարածքը»,- նշել է Արցախի նախագահը։

Խոսելով 44-օրյա պատերազմի ընթացքի մասին, Արայիկ Հարությունյանն ասել է, որ հետևանքները պարզ էին դեռ հոկտեմբերի սկզբին, բայց հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել պատերազմը դադարեցնելու հարցում․ «Չի ձևավորվում քաղաքական կոնսենսուս, միասնական կարծիք ընդդիմադիրների, իշխանամետների, իշխանության մոտ, և կարծես թե, այդ օրը պատերազմը կանգնեցնելը համարում էին դավաճանություն»։

Արցախի նախագահի կարծիքով՝ 44-օրյա պատերազմում անհաջողություններ գրանցվեցին նաև նախկին բացթողումների պատճառով․ «Մայիսի 12-ի (1994 թ․ – խմբ․) զինադադարից հետո մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ճիշտ դասեր չի քաղել աշխարհի օրինակներից և ունենալով առավելություն, բանակցային գործընթացում ավելի նպաստավոր լուծումներ չի կարողացել ունենալ։ Ինչու ենք կռվել, որովհետև բոլորս միասին մշտապես ասել ենք՝ ոչ մի թիզ հող»,- ասել է Հարությունյանը։

Նախկինում թույլ տրված ամենաէական սխալներից մեկը, ըստ նրա՝ տեղահանվածների խնդիրները չլուծելն էր։ Մասնավորապես, 1992 թ․ Շահումյանի և Մարտակերտի հայաթափումից հետո ավելի քան 50 հազար հայ բնակչություն լքել է Արցախը։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այժմ պետք է դասեր քաղել նախորդ սխալներից և արագ լուծել տեղահանվածների խնդիրները։

«Ունենալով տեղավորելու հնարավորություն, մենք տեր չենք կանգնել Շահումյանի և Մարտակերտի բնակչությանը և ավելի քան 50 հազար հայ բնակչություն թողել են Արցախը։ Արցախի բնակչությունը պետք է լիներ ոչ թե 145 հազար, այլ ավելի քան 200 հազար։ Երբ շահումյանցիների 10 տոկոսն էլ չի մնացել Արցախում, տեր չեն կանգնել և այդ մարդիկ գնացել են»,- նշել է Արցախի նախագահը։

Մեկնաբանել