Թեղուտում անտառը «թղթի վրա են տնկել»․ ընկերությունը սլաքներն ուղղում է դեպի «Հայանտառ»

Կառավարությունը  2007-ի նոյեմբերի 1-ի որոշումով Թեղուտի հանքավայրի շահագործման աշխատանքների համար «Թեղուտ» ՓԲԸ-ին թույլատրեց 357 հա անտառային ծածկույթի հատում: Փոխարենը «Թեղուտ» ՓԲԸ-ն պարտավորվել էր վերականգնել կրկնակի ավելի՝ 714 հա անտառ: Սակայն անտառն այսօր գոյություն չունի։

«Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն ՍիվիլՆեթին հայտնեց, որ 357 հա հատված անտառի վնասի դիմաց «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից առ այսօր վերականգնված 548 հա անտառը գոյություն չունի։ ««Հայանտառ» ՊՈԱԿ-ում հանցագործություն է կատարվել․ անտառը թղթի վրա են տնկել»,- հայտնեց Նալիվայկոն:

Նալիվայկոյի խոսքով՝ «Թեղուտ» ՓԲԸ-ն անտառավերականգնման գործում հանդես է եկել որպես վճարող: «Մենք անտառագետներ չենք, մենք լեռնագործներ ենք, և չենք կարող իմանալ, թե որ ծառը որտեղ պետք է տնկել: Ընկերությունը դրա համար  նայում է կատարողական ակտերը և վճարում»,- բացատրեց նա: 

Նալիվայկոն չհայտնեց, թե 548 հա անտառի համար «Թեղուտ» ՓԲԸ-ն որքան գումար է վճարել. «Ես հիմա չեմ ասի: Ես այդ գումարի մասին  նույնիսկ չեմ ուզում հիշել»: Այդ գումարը, մեր հաշվարկներով, կարող է հասնել 900 մլն դրամի։ «Թեղուտ» ՓԲԸ-ն «Հայանտառին» յուրաքանչյուր հա անտառի վերականգնման համար վճարելու էր 1,37 մլն դրամ։

Վլադիմիր Նալիվայկոն

Այսպես, վնասը հատուցելու նախագծով 2012-ի հուլիսի 27-ին աշխատանքային պայմանագիր է կնքվել «Թեղուտ» ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանի միջև: Պայմանագրով Մարտուն Մաթևոսյանը պարտավորվել է «Հայանտառ»-ի «Գուգարքի անտառտնտեսություն» և «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղերում 2012-2015 թթ. 315 հա հողատարածքում կատարել ցանկապատման, անտառապատման, անտառապատ տարածքի խնամքի և այլ աշխատանքներ: Վալերի Մեջլումյանն էլ պարտավորվել է ընդունել կատարողի կողմից վերականգնված անտառներն ու վճարել դրա դիմաց: Պայմանագրի գինը կազմել է 431,6 մլն դրամ, որը չի ներառում ավելացված արժեքի հարկը: Պայմանագրի շրջանակներում յուրաքանչյուր հա հողատարածքում կատարողի կողմից իրականացվելիք աշխատանքների ընդհանուր արժեքը սահմանվել է 1,37 մլն դրամ: Այսպես հաշվարկելու դեպքում 548 հա անտառավերականգնման գինը կազմում է 751 մլն դրամ: Դրան 20 տոկոս  ավելացված արժեքի հարկը հավելելու դեպքում «Թեղուտ» ՓԲԸ-ի ծախսած գումարը պետք է կազմեր 901 մլն դրամ:  

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պավել Ցուգունյանը տեղյակ էր «Թեղուտ» ՓԲԸ-ի և «Հայանտառի» աշխատանքային պայմանագրով նախատեսված 315 հա հողատարածքում անտառավերականգնման և անտառապահպանման նախագծի մասին: «Ես կարող եմ ասել, որ պայմանագրով տնկվել է 315 հա անտառը։  «Հայանտառ»-ի թղթաբանություններով պահպանվել է, իսկ իրականում այդ անտառները կան, թե չկան, չեմ կարող ասել»,- ասաց Ցուգունյանը: Նա նաև նշեց, որ ինքն անձամբ չի եղել տնկված անտառներում, բայց  իր ուղարկած հանձնաժողովը 315 հա անտառներից  շատ քիչ՝ հազիվ  20 հա անտառ է հայտնաբերել: 

Պավել Ցուգունյանի խոսքով՝ Վալերի Մեջլումյանը վերականգնված անտառի կատարողական ակտի տակ ստորագրելուց հետո «Հայանտառ»-ին փոխանցել է 431,6 մլն դրամ: Վալերի Մեջլումյանից փորձեցինք ճշտել Ցուգունյանի տեղեկատվությունը: «Վալլեքս»-ի հասարակայնության հետ կապերի բաժնից ստացանք հետևյալ պատասխանը․ «․․․․ո՛չ «Վալլեքս» ընկերությունների խումբը, ո՛չ «Վալլեքս» խմբի նախագահ Վալերի Մեջլումյանը չեն կարող պարզաբանումներ անել «Թեղուտ» ՓԲԸ-ի մասնակցությամբ կնքված գործարքների, դրանց պայմանների, կատարման ընթացքի կամ կողմերի փոխհարաբերությունների վերաբերյալ։ Նշված հարցերով պարզաբանումներ և տեղեկատվություն ստանալու համար հարկավոր է դիմել անմիջականորեն հիշյալ ընկերությանը կամ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին»։

Վլադիմիր Նալիվայկոյի խոսքով՝ «Վալլեքս»-ին պետք չի եղել, թե ինչքան ծառ է տնկվել և ինչպես է տնկվել: «Վալեքս»-ը եղել է կառուցող: Նալիվայկոն գտնում է, որ  անվերահսկողության պատճառով է «Հայանտառ»-ում կատարվել հանցագործություն: Պայմանագրով անտառտնտեսությանը հասցված վնասի փոխհատուցման անտառավերականգնման աշխատանքերի վերահսկողությունը դրվել է շրջակա միջավայրի և նախկին գյուղատնտեսության նախարարությունների վրա: 

Բնապահպան Լևոն Գալստյանի խոսքով Կառավարության որոշումով Թեղուտի հանքի շահագործման  համար «Թեղուտ» ՓԲԸ-ի անտառի փոխհատուցման  նախագծերը ի սկզբանե հորինվել են 357 հա անտառը  հատելու դեմ հանրության բերանը փակելու համար, իբր թե կրկնակի ավելի անտառ են տնկելու: «Թեղուտ» ՓԲԸ-ի՝ պայմանագրային անտառավերականգնման աշխատանքերի նույն սցենարը գործել է նաև 2009-2010 թթ․ Շնողում և Թեղուտում  կատարված անտառատնկման աշխատանքերում։ «Վալլեքս»-ի փոխնախագահ Գագիկ Արզումանյանը 2014-ին պնդում էր, թե անցած ժամանակաշրջանում Լոռու մարզի տարածքում 300 հա անտառ են տնկել: Արզումանյանը նշում էր, որ «պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարված չեն, այսինքն՝ ապահովված չէ այն կպչունակությունը և ծառերի այն միջին բարձրությունը, որը նախատեսված էր պայմանագրով»։

«Եթե տնկված 548 հա անտառը բոլորս փնտրենք, հազիվ 10 տոկոս անտառ կգտնենք: Կարծում եմ՝ այդ անտառների հետ ինչ եղել է, խորհրդակցվել է Վալերի Մեջլումյանի հետ: Դա լուրջ քննության թեմա է»,- ասում է Լևոն Գալստյանը: Նա ցավալի է համարում փաստը, որ թղթի վրա գրված, պետական մարմինների հետ պայմանավորված ծրագրի ձախողման համար որևէ մեկը առ այսօր պատասխանատվության չի ենթարկվել: 

Իրավապահները «զբաղվում են» 

Գլխավոր դատախազությունը 2019-ի հուլիսի 27-ին բացահայտել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք 2012-2015 թթ. անտառատնկման  աշխատանքների կատարման կարգագիր ակտերում իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ և գրառումներ են մտցրել՝ 115 մլն  դրամ անտառապատման, ագրոտեխնիկական խնամքի և այլ աշխատանքներ կատարված լինելու մասին: Գործը վերաբերում է Վանաձորի և Սպիտակի անտառապետությունների՝ ընդհանուր 132 հա տարածք ընդգրկող հատվածներում բացահայտումներին։

Քննչական կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև 2012-ի հուլիսի 27-ի կնքված պայմանագրով նախատեսված գործողությունների չարաշահումների գործով քրեական գործ հարուցվել է:

«Քրեական գործի նախաքննության ընթացքում  մի շարք հանգամանքների պարզման, այդ թվում հիշյալ պայմանագրով կատարված  աշխատանքերի ծավալը պարզելու նպատակով  նշանակվել է ստուգում, որի կատարումը հանձնարարվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: Ստուգման ակտը դեռ չենք ստացել»,- հայտնեց քրեական գործի վարույթն իրականացնող ավագ քննիչ Գագիկ Առաքելյանը: Նրա խոսքով՝ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: 

Քրեական գործը գլխավոր դատախազությունը քննչական կոմիտե է ուղարկվել  մոտ երկու տարի առաջ՝ 2019-ի հուլիսին: 

Լարիսա Փարեմուզյան