Հայաստանում կատարվել է 2 641 դեղաչափ պատվաստում

Ապրիլի 28-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 2 641 դեղաչափ պատվաստում։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։

«Պատվաստվածների շրջանում առողջական որևէ լուրջ խնդիր չի գրանցվել։ Սպասվող ռեակցիաներ են եղել, այն, ինչը մենք ասում ենք՝ թեթևակի ջերմության բարձրացում, որոշակի տեղային ռեակցիաներ, ընդհանուր թուլություն, գրիպանման նշաններ, որոնք բոլորը կարճ ժամանակ հետո անցնում են»,- նշել է նա։

Գայանե Սահակյանի խոսքով՝ օրական կտրվածքով պատվաստումների աճ է գրանցվել` յուրաքանչյուր օր 4-5 տոկոսով ավելի։

«Երկիր ներմուծվել է 24 000 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ: Հետագայում երկու խմբաքանակով ներկրվել է «Սպուտնիկ V», առաջին խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ՝ 7 500 մարդու համար, երկրորդ խմբաքանակը՝ 14 000 մարդու համար։ Առաջիկայում կստանանք չինական CoronaVac պատվաստնայութի խմբաքանակ, հետագայում նաև այլ պատվաստնյութեր կլինեն»,- հայտնել է նա նա։

Սահակյանը տեղեկացրել է նաև, որ պատվաստումների կարգի փոփոխություն է կատարվել: Եթե նախկինում պոլիկլինիկաներն աշխատում էին 5 աշխատանքային օր, ապա հիմա կաշխատեն նաև շաբաթ, կիրակի օրերին, առավոտյան ժամը 10:00-ից մինչև 16:00-ն: Հաջորդ փոփոխությունը վերաբերում է պոլիկլինիկաների կցագրումներին: Այսինքն, այն քաղաքացիները, որոնք ուզում են պատվաստվել, պարտադիր չէ, որ դիմեն այն պոլիկլինիկան, որտեղ կցագրված են:

Մեկ այլ փոփոխության համաձայն՝ 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները և՛ ռիսկի խմբերում գտնվող, և՛ դրանցից դուրս, կարող են դիմել AstraZeneca-ով պատվաստման համար: «Սպուտնիկ V» պատվաստյութի հետ կապված քաղաքականությունը դեռ չի փոխվել, կպատվաստվեն մինչև 54 տարեկան խոցելի խմբերը:

Մեկնաբանել