ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 65 անդամ կոչ է անում 100 մլն դոլար հատկացնել Հայաստանին և Արցախին

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի 65 անդամից կազմված երկկուսակցական խումբը միացել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի պահանջին` կոչ անելով 100 մլն դոլար ֆինանսական օգնություն հատկացնել Հայաստանին և Արցախին` անցյալ տարվա թուրք-ադրբեջանական ավերիչ հարձակումներից հետո: Այս մասին հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը։

Կոչը հնչում է հիմա, քանի որ մեկնարկել է 2022 ֆինանսական տարվա արտաքին հատկացումների նախագծի մշակումը:

Հայաստանի և Արցախի համար 2022 ֆինանսական տարում հատկացվելիք օգնությունը, ըստ նամակի՝ խիստ կարևոր է ժողովրդի համար առավել անվտանգ ապագա ապահովելու, ժողորդավարությունը խթանելու, քաղաքացիական հասարակությունը կայունացնելու, կայուն տնտեսական զարգացում ապահովելու և Covid-19-ի դեմ պայքարելու հարցերում:

Նամակում կոչ է արվում 100 մլն դոլարից 2 մլն դոլարը հատկացնել Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրին:

Բացի այդ, կոչ է արվում կասեցնել անվտանգության ոլորտում ԱՄՆ աջակցությունն Ադրբեջանին, քանի դեռ երկիրը չի վստահեցրել, որ դադարեցնում է հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ: