Ամոթալի է, որ Ադրբեջանն ազատ չի արձակում հայ ռազմագերիներին․ ֆրանսիացի պատգամավոր

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Պատվիրակությունը գլխավորում է Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիենի: Պատվիրակության կազմում են սենատոր, Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն, ԱԺ պատգամավոր, Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Ժան-Պիեր Կյուբերտաֆոնը, պատգամավորներ Ժակլին Դյուբուան և Քսավիե Բրետոնը:

«Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ մշտապես մեր կողքին լինելը: Շատ կարևոր է Ֆրանսիայի թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմնի բարձրաստիճան պատվիրակությունների այցը մեզ համար դժվարին ժամանակաշրջանում և մասնակցությունը Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումներին: Դա վկայում է Հայաստանին ու Արցախին բարեկամ Ֆրանսիայի համերաշխության, հայ-ֆրանսիական ավանդական կապերի և ընդհանուր ժողովրդավարական արժեքների մասին: Այս արձանագրումն արել եմ նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում», – ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետի պաշտոնակատարը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ քննարկել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ քայլերին։

Գի Տեսիեի խոսքով՝ ամոթալի է, որ Ադրբեջանը չի հարգում պատերազմի օրենքները և ազատ չի արձակում հայ ռազմագերիներին: Հենց այդ նպատակին է միտված Ֆրանսիայի ԱԺ քննարկմանը Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ազատ արձակման վերաբերյալ բանաձևի ներկայացումը, ընդ որում՝ նախատեսվում է նման բանաձև ներկայացնել նաև Սենատի քննարկմանը: 

Մեկնաբանել