Մինսկի խումբն ակտիվանում է․ ի՞նչ է դա նշանակում և ի՞նչ պետք է անի Հայաստանը

Minsk Group

Վերջին երկու շաբաթների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբն ակտիվացման ակնհայտ նշաններ է ցույց տալիս։ Ընթացիկ ամսում տեղի ունեցավ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը, որում նրանք արծարծեցին Ղարաբաղում Մինսկի խմբի միջնորդական գործունեության կարևորությունը։ Երեկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն է հեռախոսազրույց ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կարևորելով Մինսկի խմբի ջանքերի շարունակումը։

2020-ի Արցախյան երկրորդ պատերազմից հետո Մինսկի խումբը հայտնվել էր անորոշ վիճակում։ Ադրբեջանը, Մինսկի խմբի անդամ Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ, կոպտորեն խախտել էր բանակցային գործընթացի հիմնարար սկզբունքներից մեկը՝ ուժի և ուժի սպառնալիքի բացառումը։

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանը ստացել է ավելին, քան նախատեսվում էր 1994-ի մայիսից հետո քննարկված կարգավորման որևէ տարբերակով։ Պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ հակամարտությունը կարգավորված է, «Արցախի կարգավիճակի հարցը նետված է պատմության աղբանոցը»։ Իսկ 2020-ի դեկտեմբերի 12-ին Բաքվում ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների հետ հանդիպմանը նա հարապարակային սուր քննադատության ենթարկեց Մինսկի խմբին։ Պատերազմից հետո ձևավորված իրավիճակում Մինսկի խմբի համանախագահները որոշակի դադար էին վերցրել, որը կարծես թե ավարտվեց ապրիլի կեսերին։

Ապրիլի 13-ին հրապարակված հայտարարության մեջ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները շեշտում էին, որ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի հակամարտության վերջնական, համապարփակ և կայուն կարգավորմանը՝ հիմնված կողմերին լավ հայտնի տարրերի և սկզբունքների վրա։ Հիշեցնենք, որ 2007-ի նոյեմբերից քննարկվող տարբերակը նախատեսում է Արցախի վերջնական կարգավիճակի որոշում պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միոցով։

Ապրիլի 26-ին Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը անդրադարձել են նաև Ղարաբաղյան համակարտությանը և պատրաստակամություն հայտնել համադասել գործունեությունը կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Ապրիլի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ համակարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ ջանքերի շարունակման կարևորությունը։

Ի՞նչ նշանակություն ունի Մինսկի խմբի ակտիվացումը

Մինսկի խմբի համանախագահների ակտիվացման նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է գնահատել վերջիններիս շահերն ու հետաքրքրությունները։

Ռուսաստանն առայժմ հիմնականում բավարարված է Արցախում ձևավորված նոր ստատուս քվոյով և ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման փաստով։ Սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանը չի ցանկանում գործընթացում միջազգային ներգրավվածության ավելացում։ Մոսկվայի համար ակնհայտ է, որ երկարաժամկետ հեռանկարում Արցախում ռուսական զինված ուժերի տեղակայումն ապահովելու համար անհրաժեշտ է կանխել Արցախից հայ բնակչության արտագաղթը։ Սակայն դա հնարավոր չէ անել բացառապես արցախահայերին ֆիզիկական անվտանգության երաշխիքներ տրամադրելով։ Բանակցային գործընթացի և Արցախի կարգավիճակի ճշգրտման հեռանկարի բացակայության պայմաններում Արցախից բնակչության զգալի հատվածի հեռացումը ընդամենը ժամանակի խնդիր է։ Ստեղծված պայմաններում Ռուսաստանը շահագրգռված է Մինսկի խմբի ակտիվացմամբ, ինչը որոշ հույսեր կարող է արթնացնել արցախահայության շրջանում, որ իրենց ապագան ավելին է, քան տարիներ անց ադրբեջանցիների կողմից կոտորվելու կամ Արցախից հեռանալու երկընտրանքը։

Ֆրանսիան մտահոգված է Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության աճով։ Երկու պետությունների հարաբերությունները վերջին մեկ տարվա ընթացքում բավականաչափ սրված են, առկա են հակասություններ տարբեր տարածաշրջաններում՝ Արևելյան Միջերկրածով, Հյուսիսային Աֆրիկա և այլն։ Այս համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացումը Ֆրանսիան դիտարկում է որպես Հարավային Կովկասում Թուրքիայի աճող ազդեցությունը զսպող գործոն։ Այս հարցում առկա է ռուս-ֆրանսիական շահերի որոշակի համընկնում։ Անկախ Հարավային Կովկասում ռուս-թուրքական հարաբերությունների համագործակցային բնույթից, բոլորն են հասկանում, որ տարածաշրջանում ուժեղ դիրքեր ունեցող Թուրքիան ի վերջո լուրջ գլխացավանք է դառնալու Ռուսաստանի համար։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Ֆրանսիան հակված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացումն օգտագործել Արցախում և Հայաստանում Ռուսաստանի դիրքերի թուլացման կամ Արցախից ռուս խաղաղապահների հեռացման նպատակով։ Փարիզը հասկանում է, որ Արցախից ռուս խաղաղապահների հեռացման դեպքում Արցախը շատ արագ հայաթափվելու է, և որևէ պետություն կամ կազմակերպություն՝ ԱՄՆ, Ֆրանսիա, ՆԱՏՕ, ԵՄ, չի կարող կանխել նմանատիպ զարգացումը։ Իսկ Արցախի հայաթափումը նշանակում է Հարավային Կովկասում Թուրքիայի դերի հետագա ամրապնդում։

ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահների ակտիվացումը դիտարկում է նախագահ Բայդենի հռչակած «ԱՄՆ-ը վերադարձել է աշխարհ» կարգախոսի համատեքստում։ Ներկայում ԱՄՆ – Թուրքիա հարաբերությունները բավականաչափ բազմաշերտ են, և Թուրքիան բարդ գործընկեր է Վաշինգտոնի համար։ Երկարաժամկետ հեռանկարում, սակայն, ԱՄՆ-ը շահագրգռված է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Թուրքիայի դիրքերի ուժեղացմամբ, քանի որ դա խնդիրներ է ստեղծելու Ռուսաստանի, իսկ Կենտրոնական Ասիայում՝ նաև Չինաստանի համար։ Իսկ թե Ռուսաստանը, և թե հատկապես Չինաստանը առաջիկա տասնամյակներում լինելու են ԱՄՆ-ի հիմնական մրցակիցները ձևավորվող բազմաբևեռ աշխարհում։ Չի բացառվում, որ Մինսկի խմբի ակտիվացումը ԱՄՆ-ը դիտարկում է նաև Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության դեմ պայքարի համատեքստում։

Ո՞րը պետք է լինի Հայաստանի ուղերձը Մինսկի խմբին

Հասկանալի է, որ Հայաստանը չունի լծակներ՝ Մոսկվայում, Փարիզում և Վաշինգտոնում արտաքին քաղաքական որոշումների ընդունման գործընթացի վրա ուղղակի ազդելու համար։ Այնուամենայնիվ, Հայաստանի ուղերձը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին պետք է լինի մեկը. Հայաստանը կենսականորեն շահագրգռված է, որպեսզի Մինսկի խումբը շարունակի մնալ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև երկխոսության հարթակ։ Անհրաժեշտ է հստակ ընդգծել, որ Արցախը ԱՄՆ – Ռուսաստան կամ ԵՄ – Ռուսաստան մրցակցության հարթակի վերածելը ուղղակի հակասում է Արցախի և Հայաստանի Հանրապետության շահերին։ Նմանատիպ զարգացումները կարող են միմիայն բացասական ազդեցություն ունենալ ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության վրա, և էականորեն կմեծացնեն Արցախի ամբողջական հայաթափման և վերջնական կորստի հավանականությունը։   

Մեկնաբանել