Սահմանազատում կարվի, երբ հանդարտվի ռազմաքաղաքական իրավիճակը․ ԱԱԾ տնօրենի տեղակալ

Սահմանազատման աշխատանքները պետք է սկսվեն, երբ կհանդարտվի ռազմաքաղաքական իրավիճակը։ Այսօր՝ ապրիլի 29-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի ազգային անվտանգության տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը։

«Ոչ միայն Սյունիքի հատվածով, այլև ամբողջ բնագծով դիրքավորված են։ Բնագիծն ամբողջովին կարգավորված չէ: Մենք այսօր ունենք 520 կմ բնագիծ, որտեղ ինչպես դիրքավորված էինք, այդպես էլ հիմա ենք դիրքավորված: Երբ ռազմաքաղաքական իրավիճակը կհանդարտվի, հնարավորություն կստեղծվի երկկողմանի հանձնաժողով ստեղծել, հարցը դարձնել քննարկման առարկա, այդ ժամանակ էլ կմոտենանք սահմանազատմանը, և ավելի հստակ կլինի մեր սահմանը»,- նշել է Մելքոնյանը։

Ըստ ԱԱԾ տնօրենի տեղակալի՝ չի կարելի ասել, թե ռազմաքաղաքական իրավիճակը Սյունիքում հանգիստ է և ռիսկեր ու մարտահրավերներ չկան: Նրա խոսքով՝ Սյունիքի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի կողմից պետք է ստեղծվի սահմանային շերտ, որտեղ կբացառվի շփումը:

«Սահմանային շերտում պետք է մշտական բնակություն չլինի: Մեզ մոտ այնպիսի իրավիճակ է ձևավորվել, որ սահմանային գծին մոտ են բնակվում: Այդ ամենը ժամանակի ընթացքում պետք է լուծում ստանա։ Այդ շերտն ամեն պետություն իր պետության տարածքի հաշվին է անում: Նրանք իրենց տարածքում պետք է անեն, մենք ՝ մեր տարածքում»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի՝ «Մեղրիի միջանցքի» վերաբերյալ հայտարարություններին, Ստեփան Մելքոնյանը նշել է, որ միջանցքի մասին ընդհանրապես ոչ մի խոսակցություն չկա և չի էլ կարող լինել․ «Կարող է լինել տրանզիտ բեռնափոխադրումների մասին, բայց՝ ոչ միջանցքի»։

Մեկնաբանել