Փաշինյանն ու Միշուստինը խոսել են գերիների և ապաշրջափակման մասին

Աշխատանքային այցով Կազանում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Նախ ցանկանում եմ ձեզ փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույններն ու լավագույն բարեմաղթանքները”, – ասել է Միշուստինը Փաշինյանի հետ հանդիպմանը:

Ռուսաստանի վարչապետն ընդգծել է, որ Մոսկվան բարձր է գնահատում «եղբայրական հարաբերությունները Երևանի հետ, որոնք բազմամյա դաշնակցային և ռազմավարական բնույթ են կրում»։

Միշուստինը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների ընդունած հայտարարությունը մեծ հնարավորություններ է ստեղծել համատեղ աշխատանքի համար․ «Դա առաջին հերթին տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակումն է, ենթակառուցվածքային նոր երթուղիների ստեղծումը։ Այս ամենը պայմաններ կստեղծի անդրկովկասյան տարածաշրջանի կայուն զարգացման համար,- ասել է նա։

Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր խոսքում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունն արդյունավետ է համարում․ «Դա արդեն մեզ համար ակնհայտ է»,- ասել է նա։

Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանը բարձրացրել է նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը․ «Ուզում եմ նշել, որ, ցավոք, Ադրբեջանը մինչ օրս չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շատ կարևոր հոդված։ Դա վերաբերում է ռազմագերիներին, պատանդներին և այլ պահված անձանց վերադարձին»,- նշել է նա։

Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին «այն ջանքերի համար, որոնք գործադրվում են այդ հարցը (գերիների վերադարձի – խմբ․) լուծելու համար»։

Մեկնաբանել