ՀՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքի հարց չի քննարկել

Հայաստանի հանրապետական կուսակցությունը այսօր գործադիր մարմնի նիստում որոշում է ընդունել, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ։

Տե՛ս՝ ՀՀԿ-ն ընտրություններին կմասնակցի Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ

Նիստից հետո հրավիրված ասուլիսին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողի հարցին ի պատասխան նշեց, որ չեն քննարկել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքի հարց։ Նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը ևս «պայքարում է կապիտուլյանտի իշխանության դեմ»։

«Մեզ համար հաղթանակը լինելու է այս կապիտուլյանտ իշխանությանը գահընկեց անելը։ Մենք մանդատների, տոմսերի համար պայքար չենք տանելու։ Մենք պայքարելու ենք, որ նավը չսկի»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք կա՞ պայմանավորվածություն ընդդիմադիր այլ ուժերի հետ համագործակցելու, Աշոտյանը պատասխանեց․ «Իրական ընդդիմադիր դաշտի ուժերի հետ ՀՀԿ-ն համագործակցության փորձ ունի։ Ես կարծում եմ որ մենք ունենք ընդհանուր տարածք այդպիսի նախընտրական, համագործակցային․․․»։

«ՀՀԿ-ի խնդիրը հինգ տոկոսը հաղթահարելը չէ։ Մենք այդ հինգ տոկոսը հաղթահարել ենք նաև 2018-ին։ […] Հայրենիք կուսակցության հետ դաշինքը ամենաարդյունավետը կլինի դավադիր կապիտուլյանտին գահընկեց անելու համար»,- ասաց Աշոտյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչու են հենց Վանեցյանի կուսակցության հետ դաշինք կազմում:

Հարցին, թե նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը իրենց հետ մտնելու է պայքարի մեջ, Աշոտյանն ասաց, որ նրա հետ լավ հարաբերություններ ունեն, բայց քաղաքական երկխոսություն նրա հետ չեն վարել։

– Ի՞նչն էր խանգարում, որ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմեք, մանավանդ, որ ՀՀԿ-ն նրա նախագահության օրոք նրա հենարանն է եղել։ […] Կա՞ արդյոք Սերժ Սարգսյան – Ռոբերտ Քոչարյան անձնական բարիեր, որ դեռ հաղթահարված չէ։

– Այդպիսի խնդիր, այդպիսի հարց չի եղել։ Տակտիկական մոտեցումները կարող են լինել տարբեր, ռազմավարությունը՝ ընդհանուր։ […] Տեխնիկական լուծումների վրա սևեռվելով՝ ձեզ հետ միասին կանգնում ենք մի վտանգի առաջ՝ չկորցնել կարևորը մանրուքների մեջ։

Լրագրողի դիտարկմանը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև անձնական հակակրանքի մասին, Աշոտյանը պատասխանեց․

– Այնպես չէ, որ ես պատիվ ունեմ լինելու Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ընդհանուր ընկերը, հետևաբար մեկնաբանել իրենց մարդկային հարաբերությունները անշնորհակալ գործ է։ […] Իհարկե միշտ էլ տարբերություններ եղել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մոտեցումների միջև։ Այդ տարբերությունները միշտ են եղել՝ 2000-ականներին, երբ Քոչարյանը նախագահ էր, իսկ Սարգսյանը տարբեր պաշտոններ էր զբաղեցնում։ Բայց ոչ մի տարաձայնություն, տարակարծություն սկզբունքային չի եղել ռազմավարական նպատակներին հասնելու համար»։

Աշոտյանի խոսքով՝ «կա այնպիսի ընդհանուր նպատակ, որ տարակուսելի է որևէ այլ բան քննարկել։ Հիտլերին հաղթել են Ստալինը, Չերչիլը և Ռուզվելտը, ոչ թե նրանցից որևէ մեկը առանձին վերցրած»։

Մեկնաբանել