Երևանի մանկական երկաթուղի տանող թունելը ծխով է լցվել

Ահազանգ է եղել, որ Երևանի Սարյան փողոցում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր ժամանած փրկարարները պարզել են, որ Երևանի մանկական երկաթուղի տանող թունելը լցվել է ծխով։

«Ապրիլի 30-ին, ժամը 07:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող թունելից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության հինգ մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը»,- ասված է ԱԻՆ հաղորդագրությունում։

Փրկարարները ծխահեռացման աշխատանք են իրականացնում։ Թունելի ներսում կրակը մարել է, բայց միայն ծխահեռացումից հետո պարզ կլինի հրդեհի պատճառը: