Մենք շահագրգռված ենք ԵԱՏՄ-ում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմամբ․ Փաշինյան

Շարունակվում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան, որտեղ ընթանում են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքները։ Ապրիլի 30-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որտեղ իր ելույթում նշել է.

«Ինտեգրման արդիական խնդիրների լուծման տեսանկյունից կցանկանայի առանձնացնել այսօր դիտարկվող փաստաթուղթը՝ մինչև 2025 թվականը ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները: Կարծում եմ՝ ավելորդ չի լինի ևս մեկ անգամ արձանագրել, որ արդյունաբերության ոլորտը Միության տնտեսական համակարգի գլխավոր շարժիչ ուժերից է: Գործնականում անիրագործելի է ապրանքների լիարժեք միասնական շուկայի ստեղծումը` առանց այդ ուղղությամբ համակարգված քաղաքականության մշակման: Կարևոր ենք համարում արդյունաբերական համագործակցության խորացմանն ու ազգային արդյունաբերական քաղաքականությունների համակարգմանը միտված աշխատանքների շարունակումը»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ Հայաստանի շահագրգռված է ԵԱՏՄ-ում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմամբ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:

ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները քննարկել են օրակարգային հարցերը, ներառյալ զգայուն ապրանքների առանձին տեսակների արտահանումը կանոնակարգող միջոցների միավորումը: Ի գիտություն է ընդունվել էլեկտրոնային առևտրի զարգացման մասին զեկույցը: Հաստատվել են մինչև 2025 թվականը ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները: Անդրադարձ է եղել տիեզերական ծառայությունների ոլորտում համագործակցության հեռանկարներին։

Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել են Հուշագիր փոխգործակցության մասին և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը:

Մեկնաբանել