Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակները․ վեբինար

Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի շուրջ երեք տասնամյակների ընթացքում կողմերը քննարկել են կարգավորման մի շարք տարբերակներ, այդ թվում՝ ինքնավարության ու դաշնության տեսակներ, ընդհուպ մինչև տարածքների փոխանակում: Կողմերը համաձայնության չեն հասել որևէ տարբերակի շուրջ, իսկ Ղարաբաղյան երկրորդ պատերազմն արմատապես փոխեց այս հակամարտության ամբողջ դինամիկան:

Ապրիլի 20-ին կազմակերպված վեբինարին Caucasus Edition հանդեսի հոգաբարձուների խորհրդի անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության դասախոս Ասպետ Գոչիկեանը, Սան Դիեգոյի համալսարանի դասախոս և Caucasus Edition հանդեսի խմբագիր Ֆիլիպ Գամաղելյանը, Բաքվի ԱԴԱ համալսարանի քաղաքագիտության բաժնի դասախոս Քավուս Աբուշովը և Շվեդիայի Մալմոյի համալսարանի դասախոս և մարդու իրավունքների ու մարդասիրական իրավունքի Ռաուլ Վալենբերգ ինստիտուտի հետազոտող Քամալ Մակիլի-Ալիևը քննարկեցին խաղաղ գործընթացի նոր փուլի համար անհրաժեշտ հիմքերն ու նախադրյալները։

Բանախոսները անդրադարձան 2020-ի Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի ու Ադրբեջանի առջև ծառացած մարտահրավերներին ու առաջ եկած հնարավորություններին։ Ֆիլիպ Գամաղելյանը շեշտեց, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը սրել է Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների միջև արդեն իսկ առկա խորը թշնամությունը։ Ի տարբերություն 1994-ի հրադադարի՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը չի հանգեցրել խաղաղության բուռն գործընթացի կայացման։ Ներկայում ոչ պաշտոնական, ոչ էլ ոչ պաշտոնական խաղաղության գործընթաց չկա։

Ավելին, այն հանգամանքը, որ Բաքուն հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին և անում այնպիսի սադրիչ քայլեր, ինչպիսին Բաքվի ռազմավարների «պուրակի» բացումն է, միայն նպաստում է Հայաստանում Ադրբեջանի հետ երկխոսության վերաբերյալ բացասական տրամադրությունների կարծրացմանը ու նվազեցնում խաղաղության գործընթացում վերստին ներգրավվելու հնարավորությունները։ Այս մտքին համակարծիք է Ասպետ Գոչիկեանը։ Նրա խոսքով՝ այդ վերաբերմունքն իրոք կարծրացել է ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Ըստ Գոչիկեանի, փորձագետները սովորաբար ենթադրում են, որ պարտված կողմը ավելի շատ է հակված ազգայնական հռետորաբանության, բայց ակնհայտորեն՝ նույնիսկ հաղթողներն են շտապում դիմել ազգայնական դիսկուրսի:

Ըստ Քամալ Մակիլի-Ալիևի՝ կողմերը նոյեմբերի հրադադարի համաձայնագրին վերաբերվում են որպես նորմատիվ փաստաթղթի։ Բանախոսը նշում է, որ համաձայնագրի որոշ կետեր արդեն իրականացված են, իսկ մյուսների իրականացումը դանդաղել է՝ մեծ հաշվով վստահության պակասի պատճառով։ Որպես այդ դանդաղեցման էական պատճառ՝ բանախոսը նշում է Հայաստանում ներկա քաղաքական ճգնաժամն ու միասնական քաղաքական ճակատի բացակայությունը։ Ըստ նրա՝ «Ադրբեջանը ձերբակալվածների [ռազմագերիների – խմբ.] վերադարձը կապում է Ռուսաստանի խաղաղապահ առաքելության կողմից վերահսկվող տարածքներից Հայաստանի դուրս գալու հետ», և որ դրանք երկուսն էլ ներառված են որպես զինադադարի մասին համաձայնագրի 4-րդ և 7-րդ կետերով ստանձնած պարտավորություններ: Այս խնդիրների լուծումը, բանախոսի կարծիքով, հավանաբար կլինի քաղաքական, ոչ թե իրավական։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությանը՝ բանախոսները դա դիտարկում են և՛ որպես մարտահրավեր, և՛ հնարավորություն։ Քավուս Աբուշովը մատնանշում է, որ ռուսական խաղաղապահ ուժերի երկարաժամկետ ներկայությունը անհավանական է դարձնում հերթական սրացումը՝ բարենպաստ միջավայր ստեղծելով բանակցությունների ու հակամարտության լուծման կամ առնվազն միջանկյալ խաղաղության համար։

Ասպետ Գոչիկեանը նույնպես նշում է, որ ռուսական խաղապահ ուժերը կարող են ապահովել մարդկային շփումների ու վստահության ամրապնդման համար անվտանգ միջավայր՝ հաշվի առնելով, որ հայերն ու ադրբեջանցիները ստիպված են ապրել ավելի մոտ հարևանությամբ։ Միաժամանակ, ռուսական խաղապահների ներկայությունը տարածաշրջանը նոր մարտահրավերների առաջ է կանգնեցրել։ Հայաստանը կորցրել է իր՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում ունեցած դերը։ Այժմ տարածաշրջանի ճակատագրի վերաբերյալ ցանկացած համաձայնություն կլինի երկկողմ՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի, կամ եռակողմ՝ Ռուսատանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև։

Քննարկելով հակամարտության լուծման հնարավոր տարբերակները՝ Գամաղելյանը ներկայացրեց այլ էթնո-ազգային հակամարտությունների հանգուցալուծման հետագծերը։ Ըստ Գամաղելյանի, հակամարտությունն այժմ ընթանում է Հարավային Օսիայի սցենարով՝ ժողովուրդների միջև խորացող թշնամության, Լեռնային Ղարաբաղի՝ դե ֆակտո ռուսական պրոտեկտորատ դառնալու պայմաններում՝ առանց կողմերի միջև խաղաղության արդյունավետ գործընթացի։

Այս սցենարն ունի առավելություններ՝ հակամարտության սառեցում և մոտալուտ ապագայում կյանքերի փրկություն։ Սցենարը, սակայն, խնդրահարույց է այն առումով, որ առանց անմիջական ներգրավվածության հակամարտությունը կարող է վերածվել մշտականի և ժամանակի հետ էլ ավելի սրվել: Ի տարբերություն Հարավային Օսիայի, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է ներքաշել մեկից ավելի արտաքին դերակատարների՝ դառնալով պրոքսի-պատերազմ և ներգրավելով տարածաշրջանային և համաշխարհային դերակատարներին, ինչը սիրիական սցենարի տարբերակ է։ Գամաղելյանը պնդում է, որ կողմերի նախընտրած լուծումները՝ լինի դա Հայաստանի նախընտրած լուծումը, ըստ որի Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչվի որպես անկախ պետություն, կամ Ադրբեջանի նախընտրությունը՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիակատար վերահսկողություն, անիրատեսական են՝ հաշվի առնելով Ռուսաստանի և միջազգային այլ դերակատարների ներգրավվածությունն ու դիրքորոշումը: Ձգտումը՝ հակամարտությանը լուծում տալ ըստ կողմերից միայն մեկի նախընտրած տարբերակի, ամենայն հավանականությամբ, տարածաշրջանը հետ կտանի բռնության ալիքի և կմեծացնի սիրիական սցենարի հավանականությունը:

Ըստ Գամաղելյանի, տեսականորեն մեկ այլ հնարավոր, բայց այժմ անհավանական ուղղություն է դեպի ինքնավարություն տանող բանակցային ուղին՝ Իտալիայի սահմաններում գերմանախոս տարածաշրջան Հարավային Տիրոլի, կամ դե-յուրե Ֆինլանդիայի սահմաններում գտնվող շվեդախոս, դե-ֆակտո անկախ Ալանդյան կղզիների օրինակով։ Ըստ Գամաղելյանի, առաջին սցենարին դժվար է հասնել, քանի որ այն պահանջում է ժողովրդավարացման բարձր մակարդակ: Ի վերջո, կողմերը կարող են առաջ շարժվել Կիպրոսի սցենարով, որը հիմնված է բռնությունը բացառելու համաձայնության և երկարաժամկետ բանակցային և խաղաղարարական գործընթացում ներգրավվածության վրա, առանց կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում քաղաքական լուծում գտնելու ակնկալիքի:

Անդրադառնալով Գամաղելյանի նախանշած հավանական տարբերակներին՝ Աբուշովը և Մակիլի-Ալիևը նշեցին, որ չեն կարծում ղարաբաղյան հակամարտությունը կզարգանա որևէ կոնկրետ հակամարտության ճշգրիտ հետագծով, այլ կընթանա իր սեփական ճանապարհով՝ ներառելով մի շարք այլ քաղաքական կարգավորումների տարրեր։ Մակիլի-Ալիևը պնդում է, որ Ալանդյան կղզիների կարգավորման երեք հիմնասյուները՝ ապառազմականացումը, քաղաքական ինքնավարությունն ու փոքրամասնությունների իրավունքների հանդեպ հարգանքը, կարող են բանակցությունների հիմք հանդիսանալ։

Վեբինարի եզրահանգումը հետևյալն էր՝ խաղաղության արդյունավետ գործընթացը վերսկսելու ճանապարհին դեռևս կան էական խոչընդոտներ, որոնցից ամենանշանակալին վստահության բացակայությունն է։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել