Համավարակը, աշխատանքային իրավունքն ու Ազգային վիճակագրական կոմիտեի «հնարամտությունը»

աշխատանքային իրավունք

Մկրտիչ Կարապետյան

Հայաստանում աշխատանքային իրավունքի խախտումները կորոնավիրուսային համավարակի սահմանափակումներով պայմանավորված աճել են։ Դրանք վերաբերել են սահմանափակումների պատճառով աշխատավարձերի չվճարմանը, վերջնահաշվարկի կատարմանը, աշխատանքային պայմանագրերը լուծելուն։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է, թե ինչպես է կորոնավիրուսն ազդել քաղաքացիների աշխատանքային իրավունքների ու աշխատանքային շուկայի կառուցվածքի վրա։

Խիստ կարանտին՝ աշխատանքային սահմանափակումներով

2020-ի մարտի 1-ին Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսի առաջին դեպքը, որից երկու շաբաթ անց երկրում հաստատվեց կարանտին՝ տնտեսական գործունեության բազմաթիվ տեսակներ անորոշ ժամանակով դադարեցին գործունեություն ծավալել։ Այս հանգամանքը, սակայն, զբաղվածության և գործազրկության ցուցանիշների վրա իր ազդեցությունը անմիջապես չդրսևորեց։ 

Այսպես, Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած 2020-ի առաջին եռամսյակի տվյալներով՝ Հայաստանում զբաղվածները կազմել են 946 500 մարդ՝ 0,2 տոկոսով գերազանցելով 2019-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Երկրորդ եռամսյակում արդեն, որը համընկնում է խիստ կարանտինի հետ, զբաղվածների թիվն աճել է 8,5 տոկոսով՝ դառնալով 1 027 000 մարդ։ 2020-ի երկրորդ եռամսյակում առաջինի համեմատ գործազուրկների թիվն էլ նվազել է մոտ 7 տոկոսով։ 

Զբաղվածների թիվը աճել է նաև երրորդ եռամսյակում, իսկ գործազուրկների թիվը՝ նվազել։ Այս տարօրինակ վիճակագրությունը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ կառավարության կողմից կարանտինի ընթացքում քաղաքացիներին ու գործատուներին տրամադրվող աջակցության երեք ծրագրեր վերաբերում էին այն գործատուներին, որոնք կորոնավիրուսի ընթացքում կրճատումներ չէին իրականացրել։ Այս իմաստով գործատուները, աշխատողներին գրանցելով կամ չկրճատելով, կարողանում էին կառավարությունից ֆինանսական աջակցություն ստանալ։ Պետեկամուտների կոմիտեից ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան տեղեկացրել են, որ աշխատողներ չկրճատած տնտեսվարողիներին այս երեք ծրագրերով ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 7 միլիարդ դրամ, դրանցից օգտվել է 38 469 տնտեսվարող։

Թե ինչպես Վիճակագրական կոմիտեն չտեսավ գործազրկության աճ

Հետաքրքիր է, որ Վիճակագրական կոմիտեն 2020-ի համար աշխատանքային ռեսուրս է համարել 17-75 տարեկան մշտական բնակչության թիվը, այն դեպքում, երբ նախորդ տարի աշխատանքային ռեսուրսը 17-75 տարեկան առկա բնակչությունն էր։ Հետևաբար, եթե գործազուրկների թիվը անգամ նույնը մնա, աշխատանքային ռեսուրների թիվը մեծացնելով գործազրկության տոկոսը պետք է իջնի՝ ստեղծելով տվյալ, թե երկրում գործազրկությունը նվազել է։ 

Այսպես, եթե 2019-ի առաջին եռամսյակում առկա բնակչության թվով հաշված գործազրկության թիվը կազմել էր 21,9 տոկոս, ապա արդեն մշտական բնակչության թվով՝ 21,1 տոկոս։ Սա տարօրինակ է այն ֆոնին, որ Հայաստանում մարտից հունիս եղել է խիստ կարանտինային ռեժիմ, իսկ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Արցախում ընթացել են ծանր ռազմական գործողություններ։ Մշտական բնակչության թիվը ներկայացնում է  Հայաստանում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա ու ժամանակավոր բացակայող բնակչության թվաքանակը, իսկ առկա բնակչությունը հաշվառման պահին ներկա ու ժամանակավոր ներկա բնակչության ցուցանիշն է։

Համավարակի ընթացքում փոխվել է նաև Հայաստանում աշխատողների թիվը. 2020-ի հունվարին աշխատողների թիվը 600 340 մարդ էր (46 200 կազմակերպությունում), մարտին՝ համավարակի սկզբում արդեն  618 565 (48 802 կազմակերպությունում), նոյեմբերին աշխատողների թիվը շարունակել է աճել՝ 632 313 աշխատող 52 109 կազմակերպությունում։ Իսկ արդեն 2021-ի հունվարին Հայաստանում գրանցված 610 427 աշխատող է եղել՝ 51 469 կազմակերպությունում, այսինքն, աշխատողների թիվը 1,7 տոկոսով աճել է նախորդ տարվա հունվարի համեմատ և 1,3 տոկոսով նվազել 2020-ի մարտի համեմատ։

Հայաստանում 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ փոխվել է աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների. գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն ոլորտում 2021-ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ աշխատողների թիվն աճել է 2,0 տոկոսով, հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ոլոտում՝ 2,3 տոկոսով, շինարարության ոլորտում՝ 7,5 տոկոսով, իսկ ֆինանսական և ապահովագրական գործունեության մեջ աշխատողների թիվը նվազել է 2,2 տոկոսով։ 

Աշխատողների թվի ամենամեծ աճը գրանցվել է տեղեկատվության և կապի ոլորտում՝ 18,6 տոկոս, որից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ 37 տոկոս, իսկ ամենամեծ անկումը՝ կացության և հանրային սննդի կազմակերպում. այստեղ 2020-ի հունվարի համեմատ աշխատողների թիվը նվազել է 17 տոկոսով։ Վերջին ոլորտը առնչվում է հյուրանոցային և ռեստորանային բիզնեսին, որը կորոնավիրուսի հետևանքով ամենախոցելի բնագավառներից էր։

109 դիմում, որից 66-ը կարճվել է

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ՍիվիլՆեթի հարցերին պատասխանելով՝ անդրադարձել է համավարակի խիստ սահմանափակումների ընթացքում աշխատանքային իրավունքների խախտումներին։ Մասնավորապես, տեսչական մարմինը 2020-ին սահմանափակումների ու արգելքների հետևանքով ստացել է աշխատանքային իրավունքի խախտման 109  դիմում։ «Ստացված բոլոր դիմումները քննության են առնվել Տեսչական մարմնի կողմից, որի արդյունքում երեք դիմում վերահասցեագրվել է այլ վարչական մարմիններ, երկուսը վերադարձվել է դիմումատուին, 16 դիմումի մասով տրվել է համապատասխան պարզաբանում, իսկ աշխատանքային իրավունքին վերաբերող 89  դիմումի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ»,- տեղեկացրել են տեսչական մարմնից։ Վերը նշված  89 խախտումները վերաբերել են աշխատավարձի վճարման ժամկետներին, կարգին, վերջնահաշվարկի կատարման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման, արձակուրդի տրամադրման կարգի խախտումներին։ 89 վարույթներից 22-ի դեպքում խախտումներն արձանագրվել են, տրվել են կարգադրագրեր օրենսդրական ակտերի պահանջների պահպանումներն ապահովելու նպատակով, 66-ը կարճվել է՝ վարչական իրավախախտման բացակայության հիմքով, իսկ մեկը հետ է վերցվել դիմումատուի կողմից։ Վերը նշված 89 վարույթներից 83-ը վերաբերել են մասնավոր հատվածում աշխատանքային իրավունքի խախտումներին, իսկ վեցը՝ պետական և համայնքային հիմնարկներին։

Աշխատանքից զրկված, պետական աջակցություն չստացած

Շատ դեպքերում համավարակի հետևանքով ֆինանսական խնդիրների բախված տնտեսվարողների՝ իրենց աշխատողներին աշխատանքից ազատելու դեպքերը վերջիններիս  դիմադրությանը չեն արժանացել։ 2020-ի ապրիլին Երևանի կենտրոնում գործող «Նովա» հյուրանոցում ունեցած իր աշխատանքից է զրկվել Անի Խռոյանը. «Հենց համավարակի ժամանակ ըստ բաժինների կրճատումներ եղան, ու քանի որ սպասարկման բաժինը չէր աշխատում, կրճատվեցին ու մնացին մի երկու աշխատող։ Մյուս կողմից, հասկանալի էր դա, քանի որ կարանտին էր, ու հյուրանոցը ակտիվ չէր աշխատում, ոլորտը վատ վիճակում էր»,- պատմում է նա։ Բաժնի չկրճատված աշխատակիցները տղաներ էին, քանի որ, ինչպես Անին է նշում, նրանք կարող էին ավելի ճկուն գրաֆիկով աշխատել։ 

Անին գործատուի հետ կապված դժգոհություններ չունի, փոխարենը դժգոհություն ունի պետության կողմից տնտեսությանն աջակցելու ծրագրերից չօգտվելուց. «68 000 դրամը, որ պետությունը տալիս էր աշխատանքից զրկվածներին, դա չեմ ստացել։ Խնդիրն այն էր, որ ես Ռուսաստանի քաղաքացի եմ, գումարած դրան՝ աշխատանքային պայմանագիրը մի փոքր այլ էր»,- ասում է նա։ 

ՄԻՊ-ը՝ համավարակի ընթացքում աշխատանքային իրավունքների խախտումների մասին

Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում մանրամասն անդրադարձ կա համավարակի սահմանափակումների ընթացքում աշխատանքային իրավունքի խախտումների մասով։ Այսպես՝ ըստ ՄԻՊ զեկույցի աշխատողները բացի գործատուների հետ խնդիրներ ունենալուց, շատ դեպքերում բախվել են նաև կառավարության ֆինանսական  աջակցության ծրագրերի անհասանելիությանը։ «Խնդիրը պայմանավորված է եղել գործատու-աշխատող հարաբերությունների կամ դրանց իրավական ձևակերպման բացակայությամբ, կամ օրինակ, պարզվել է, որ միջոցառման պոտենցիալ շահառուն աշխատանքային պայմանագրի փոխարեն գործատուի հետ կնքել է քաղաքացիաիրավական պայմանագիր»,- նշվում է զեկույցում։

Օմբուդսմենի աշխատակազմը իրենց հասցեագրված բողոքների մի քանի օրինակ է մատնանշում։ Այսպես, Արթիկում գործող «Չեխարմինվեստ» կարի արտադրամասը պարետի համապատասխան որոշումներով սահմանված դիմակներ ու ձեռնոցներ չի տրամադրել իր աշխատողներին, բացի այդ, արտադրամասի մի շարք աշխատակիցներ աշխատանքային պայմանագրեր չեն ունեցել։ 

«Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է հարցի քննարկման ընթացակարգ, որի շրջանակում պարզաբանումներ են պահանջվել ՀՀ կառավարությանը ենթակա առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից: Ստացված պարզաբանումների համաձայն՝ տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել «Չեխարմինվեստ» ընկերությունում, որտեղ հայտնաբերվել են Պարետի 2020-ի մայիսի 3-ի թիվ 63 որոշմամբ սահմանված անվտանգության կանոնների մի շարք խախտումներ: Հայտնաբերված խախտումների հիման վրա Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է «Չեխարմինվեստ» ՍՊԸ-ի գործունեությունը: Հաշվի առնելով մասնավոր պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող (մասնավոր) կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների խախտումները քննարկելու՝ Պաշտպանի լիազորության բացակայությունը՝ պաշտոնական գրագրությամբ Ընկերության աշխատողներին օրենքով սահմանված կարգով աշխատանքի չընդունելու (չգրանցելու) խնդիրը քննարկման առարկա չի դարձվել»,- ասվում է տարեկան զեկույցում։

Քաղաքացիներից մեկը դիմել է օմբուդսմենի աշխատակազմ՝ տեղեկացնելով, որ աշխատում է մասնավոր ընկերությունում, և համավարակի պատճառով մեկ շաբաթ աշխատանքի չի ներկայացել, իսկ մեկ շաբաթ անց ներկայանալով՝ խնդրել է իրեն տրամադրել վճարվող արձակուրդ, սակայն գործատուն առաջարկել է միայն չվճարվող արձակուրդի տարբերակ։ ՄԻՊ-ը խնդիրը ներկայացրել է գործատուին, և աշխատակցի վճարվող արձակուրդի իրավունքը վերականգնվել է։ Պաշտպանի աշխատակազմ հասցեագրած մեկ այլ դիմումով մի քաղաքացի տեղեկացրել է, որ իր կինն աշխատում է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզում որպես օտար լեզվի խմբակի աշխատակից: Դիմողի տեղեկացմամբ՝ մանկապարտեզներում գործող խմբակների աշխատակիցների աշխատավարձերը ձևավորվում են մանկապարտեզներ հաճախող երեխաների վարձավճարներից, սակայն քանի որ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ երեխաները չեն հաճախում մանկապարտեզներ, աշխատակիցներին հրաժարվում են վճարել հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար: Հարկադիր պարապուրդի համար չվճարելու օրենսդրական դրույթը սակայն հենց արտակարգ դրության օրերին փոխվեց։

Օրենսդրությունը համապատասխանեցվում է համավարակին

Աշխատանքային իրավունքի մասնագետ Տիրուհի Նազարեթյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է՝ պետությունը, օրենսդրական բազան պատրաստ չէին համարավարակին, աշխատանքային օրենսդրությունն էլ հարմարեցված չէր հեռավար աշխատանքի հնարավորությանը։ «Պետությունը արագ արձագանքեց, բավական արագ կատարվեցին աշխատանքային օրենսգրքի փոփոխություններ, օրենսգրքի 106-րդ հոդվածը փոխվեց, «հեռավար աշխատանք» հասկացությունը մտավ, որը բացակայում էր աշխատանքային օրենսգրքում։ Հեռավար աշխատանքը հավասարեցվեց առկա աշխատանքին, ու վարձատրության հետ խնդիրները, որ սահմանափակումների սկզբից առաջացել էին, վերացան։ Գործատուներ կային, որոնք պնդում էին, որ եթե աշխատողը հեռավար է աշխատում, տարբեր պատճառաբանույթուներով պահումներ էին անում»,- օրենսդրական փոփոխություններն է ներկայացնում Նազարեթյանը։

Մյուս կարևոր փոփոխությունը, որ կատարվել է աշխատանքային օրենսգրքում, հարկադիր պարապուրդի դրույթին էր վերաբերում։ Տիրուհի Նազարեթյանի խոսքով՝ օրենսդրական փոփոխություններ կատարվեցին այնպես, որ հարկադիր պարապուրդի մատնված աշխատողները ևս կարողանան վճարվել։ Աշխատանքային օրենսգրքում մյուս փոփոխությունը վերաբերել է մինչև 12 տարեկան երեխա ունեցող աշխատողներին, ու նոր կարգավորումներով ծնողներին թույլատրվել է մեկ ժամ ուշ գալ աշխատանքի կամ մեկ ժամ շուտ ավարտել աշխատանքը՝ առանց աշխատավարձային պահումների։ 

Աշխատանքային իրավունքի մասնագետը շեշտում է՝ բոլոր փոփոխությունները վերաբերում էին միայն այն դեպքերին, երբ գոյություն ունի աշխատանքային պայմանագիր. «Ըստ էության Հայաստանում աշխատանքային հարաբերությունները կարելի է բաժանել երեք բլոկի․ մի կատեգորիան այն աշխատողներն են, որոնք աշխատանքային պայմանագրով են աշխատում, երկրորդ մեծ բլոկը ոչ ֆորմալ աշխատողներն են, այսինքն՝ առանց պայմանագրի աշխատողները, և երրորդը՝ ինքնազբաղվածները, որոնք գյուղատնտեսության ոլորտում են ու մեր տնտեսապես ակտիվ բնակչության բավական մեծ հատված են կազմում՝ մոտ 400 000 մարդ։ Այն դեպքերում, երբ աշխատողը չունի աշխատանքային պայմանագիր, պաշտպանության առումով դժվար է»,- բացատրում է աշխատանքային իրավունքի մասնագետը։

Նա  նկատում է, որ արհմիություններ-գործատու-կառավարություն համագործակցության մոդելը արդյունավետ չի գործում։ Թե՛ կորոնավիրուսով պայմանավորված, թե՛ առհասարակ աշխատանքային խնդիրների դեպքում աշխատողները նախընտրում են իրենց խնդիրները լուծել անհատական բանակցությունների միջոցով։ Սրա վերաբերյալ Նազարեթյանը մասնավորապես ասում է. «Մենք այստեղ այլ խնդրի ենք բախվում՝ դատարանների գերծանրաբեռնվածությանը, աշխատանքային հարցերով դատավորների բացակայությանը։ Շատ անգամ մարդիկ ուղղակի չեն ուզում դատական կարգով խնդիրներ լուծել, միգուցե օբյեկտիվ պատճառներով, դժվար է գտնել աշխատանք, և մարդիկ իրավունք պաշտպանելու համար չեն գնում դատարան»։

Ըստ Նազարեթյանի՝ աշխատանքային իրավունքի ու պայմանների արձանագրվող էական խախտում է, երբ գործատուները աշխատողներին հակահամաճարակային կանոնների պահպանման համար անհրաժեշտ միջոցներով՝ ախտահանիչ նյութերով ու դիմակներով չեն ապահովում․ «Այս առումով հատկապես գյուղատնտեսության ոլորտում աշխատողները, չունենալով գործատուներ, համավարակի լարված օրերին գտնվել hեն մեծ ռիսկի ներքո»։

«Հոդվածը պատրաստվել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ։ Հոդվածում  տեղ գտած կարծիքներն ու մոտեցումները պատկանում են բացառապես դրանց հեղինարկներին, և կարող են չհամընկնել Հիմնադրամի պաշտոնական կարծիքի հետ»:

Մեկնաբանել