Իջևանի լքված երկաթգիծն ու անորոշ ապագան

Խորհրդային տարիներին գործել է Իջևան-Աղստաֆա, ինչպես նաև Երևան-Աղստաֆա երկաթգիծը։ ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ կառավարությունից տեղեկացրին, որ տարածաշրջանային ապաշրջափակման շրջանակում հայկական կողմն առաջ է քաշել Իջևանի երկաթգծի հարցը։ Այն, ի տարբերություն Հայաստանի հարավի՝ Մեղրիի մոտով անցնող երկաթգծի, մեծամասամբ պահպանվել է։ Նախնական և առավելագույն հաշվարկներով միայն Մեղրիի երկաթգծի վերանորոգումը կարժենա 250 մլն դոլար, իսկ Իջևանինը՝ 450 մլն դոլար։

***

Մինչև 1991-ը Հայաստանը երկաթուղային ուղիղ հաղորդակցություն ուներ իր հարավային քաղաքների՝ Մեղրիի և Կապանի հետ։ Երևան-Բաքու երկաթուղին ձգվում էր ադրբեջանական Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքով։ 1991-ին, երբ սկսվեց Ղարաբաղյան պատերազմը, Ադրբեջանը փակեց երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի հետ։ Արդյունքում Ադրբեջանը կորցրեց նաև երկաթուղային կապը իր էքսկլավ Նախիջևանի հետ։ Երկաթուղին անցնում էր Հայաստանի հարավային սահմանագծով՝ շուրջ 40 կմ։ Հայաստանի հարավային սահմանի՝ Արաքսի երկայնքով ձգվող այս երկաթգիծն ու ինժեներական ամբողջ համակարգն այսօր չկա։ Միայն խոշոր թունելներն ու հարթեցված հողային ճանապարհն են հուշում, որ այստեղ եղել է երկաթգիծ։