Արայիկ Հարությունյանը հարցաքննվել է՝ Արցախում սահմանադրական կարգը տապալելու գործով

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը որպես վկա հարցաքննվել է՝ սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով հարուցված քրեական գործով։ Այս մասին Արցախի նախագահը գրել է «ֆեյսբուքի» իր էջում։

«Ինչպես և խոստացել էի, տեղեկացնում եմ, որ որպես վկա հարցաքննվել եմ ԱՀ դատախազության քննիչների կողմից՝ ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով։ Հաշվի առնելով տվյալ գործի կարևորությունը՝ հայտնել եմ հնչեցված հարցերի վերաբերյալ իմ ունեցած ողջ տեղեկությունները և վերահաստատել պատրաստակամությունս հետագայում եւս վարույթին օրենքով սահմանված կարգով մասնակցելու վերաբերյալ։

Հասկանալով մեր հայրենիքի կյանքի կարևորագույն ժամանակահատվածին՝ 44-օրյա պատերազմին վերաբերող իրադարձությունների բուն ընթացքն ու պատճառահետևանքային կապերը բացահայտելու հանրային պահանջը՝ առաջիկայում իմ իրական լիազորությունների ու իրազեկվածության սահմաններում նաև հանրայնորեն կներկայացնեմ որոշ հարցերի պատասխաններ»,- գրել է Արայիկ Հարությունյանը։

Արցախի դատախազությունը 2021-ի մարտի 2-ին հայտարարել էր, որ Արցախում սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել․ «Քրեական գործը հարուցվել է Արցախում գործող հասարակական կազմակերպությունների կողմից 2020 թվականի դեկտեմբերի 12-ին Արցախի գլխավոր դատախազություն ներկայացված հանցագործության մասին համատեղ հաղորդման քննարկման արդյունքում»,- հայտել էին դատախազությունից:

Մեկնաբանել