Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 4 221 մարդ

Մայիսի 1-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 4 221 մարդ։ Տեղեկությունը ՍիվիլՆեթին հայտնեցին առողջապահության նախարարությունից։

Գերատեսչությունից տեղեկացրեցին, որ 4 221-ը և Հայաստանի կողմից գնված AstraZeneca-ով ու «Սպուտնիկ V»-ով, և Ռուսաստանի կողմից մինչ գնումները նվիրաբերված 2 000 «Սպուտնիկ V»-ով պատվաստվածներն են։

Մինչ օրս Հայաստան է ներմուծվել 24 000 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ: Հետագայում երկու խմբաքանակով ներկրվել է «Սպուտնիկ V», առաջին խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ՝ 7 500 մարդու համար, երկրորդ խմբաքանակը՝ 14 000 մարդու համար։ Մայիսի 1-ին Չինաստանը Հայաստանին որպես նվիրատվություն տրամադրել է COVID-19-ի դեմ CoronaVac պատվաստանյութը` 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար:

Մայիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 217 008 դեպք, որոնցից 200 472-ն` առողջացած, 4 149-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 361 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 993 612 թեստավորում:

Մեկնաբանել